Կովկասյան այծին կարելի է հանդիպել Ադրբեջանի լեռներում
Ադրբեջան պետությունը գտնվում է Հարավային Կովկասում ՝ Հայկական լեռնաշխարհի և Իրանական բարձրավանդակի հարևանությամբ։ Ադրբեջանը համարվում է կապող գոտի տարբեր աշխարհագրական տեղանքների միջև։ Այս երկիրը համարվում է մի տարածք, որի կենդանական աշխարհը զարգացել է հարևան երկրների ազդեցությամբ , մասնավորապես մեծ է Իրանի , Կենտրոնական Ասիայի և Միջերկրական ծովի երկրների ազդեցությունը Ադրբեջանի կենդանաական աշխարհի զարգացման գործում։ Բնական պայմանների բազմազանության շնորհիվ Ադրբեջանում տարածված են կենդանիների տարբեր տեսակներ[ 1] ։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանի տարածքում ապրում են 101 տեսակի կաթնասուններ , 365 տեսակի թռչուններ , 52 տեսակի սողուններ , 10 տեսակի երկկենցաղներ , 101 տեսակի ձկներ , շուրջ 25 հազար տեսակի միջատներ և ավելի քան 1000 տեսակի փափկամարմիններ և հոդվածոտանիներ ։ Ադրբեջանի հարթավայրային տարածքներին բնորոշ են նապաստակները , գայլերը , աղվեսները , վիթերը, մողեսները և այլ ցամաքային և ճահճային կենդանիներ ։
Կուր և Արաքս գետերի հովիտներում բնակվում են վայրի խոզեր , այծյամներ , գորշուկներ և շնագայլեր ։ Լեռներում ապրում են հիմնականում կճղակավորներ ` Դաղստանյան այծ, քարայծ, բեզոարյան այծ , այծյամ , ինչպես նաև Հայկական լեռնաշխարհի առավելագույնս վտանգված տեսակներից մուֆլոնը , որին այստեղ կարելի է հանդիպել հազվադեպ։ Լեռներում ապրում են նաև արջեր , լուսաններ , վայրի կատուներ , ընձառյուծներ և այլն։ Ադրբեջանը հարուստ է նաև ճահճային կենդանիներով և մողեսների բազմազանությամբ։ Բազմազան է նաև թռչունների աշխարհը (Փասիան, կաքավ, ցախաքլոր, բադ, սագ, կարապ, հավալուսն, ծկնկուլ, ֆլամինգո և այլն)։ Շատ են նաև թռչունները , որոնք ձմռանը հեռանում են տարածաշրջանից։
Ադրբեջանի Հանրապետության «Կարմիր գիրքը» ներառում է 108 տեսակներ, այդ թվում՝ 14 տեսակի կաթնասուններ , 36 տեսակի թռչուններ , 13 տեսակի երկկենցաղներ և սողունների , 5 տեսակի ձկներ և 40 տեսակներ միջատների ։ Կան նաև էնդեմիկ կենդանիներ , որոնք ապրում են միայն Ադրբեջանում ։ Այդպիսի կենդանիներից են օրինակ՝ Aulacopone relicta և Agelescape caucasica միջատները։