Առավոտյան տրամադրություն | |
Կատարում է Չեխիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը | |
«Առավոտյան տրամադրություն» (նորվ.՝ Morgenstemning, առավել հայտնի որպես «Առավոտ»), նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի երաժշտական ստեղծագործություն Պեր Գյունտ սիմֆոնիկ սյուիտից, որը գրվել է 1875 թվականին՝ դրամատուրգ Հենրիկ Իբսենի համանուն պիեսի հիման վրա։
Պեր Գյունտ սյուիտը սկսվում է «Առավոտ» պիեսով, որը կառուցված է մեկ հնգատոն մեղեդու տարբերակային զարգացման վրա։ Այն հնչում է որպես Պերի հուշերը հայրենիքի մասին։ Ժողովրդական հովվական նվագ հիշեցնող մեղեդին հանդարդ է ու լուսավոր։ Երաժշտությունը մեր առջև պատկերում է աստիճանաբար արթնացող բնությունը՝ արևը, որը շողում է ծվատվող ամպերի միջից, նոր արթնացող ու դեռևս քնաթաթախ թռչունների ծլվլոցը, քամուց օրորվող տերևների սոսափյունը և վճիտ աղբյուրների կարկաչյունը։
Պիեսում մենանվագով հանդես են գալիս ֆլեյտա և հոբոյ փողային նվագարանները։ Առավել պատկերավոր է հնչում պիեսի միջին հատվածը, որի կենտրոնում մեղեդին անհետանում է՝ տեղը զիջելով հարմոնիային, գունեղ և համարձակ ակորդների համադրությամբ։ Սա պիեսի կուլմինացիոն հատվածն է։ Այստեղ հնչում է ամբողջ նվագախումբը, որից հետո հնչողությունն աստիճանաբար թուլանում՝ կրկին դառնալով պարզ ու վճիտ։ Պիեսի վերջում երաժշտությունը նմանակում է անտառային ձայների հնչողությանը։ Ֆլեյտայի վերջին ելևէջներով լռում են ակորդները[1][2][3]։
Edvard Grieg - Peer Gynt - Suite No. 1, Op. 46 - I. Morning Mood