Առևտրական ընկերություններ, վաճառականների արտոնյալ միավորումներ՝ գլխավորապես բաժնետիրական ձևով և արտաքին առևտրի համար։ Առևտրային ընկերությունները ապրանքաշրջանառություն են կազմակերպում սպառողական, բիզնեսի կամ պետական նպատակներով։
Առևտրային ընկերությունները հիմնականում ձևավորվել են և բուռն զարգացում են ապրել հատկապես զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանի եվրոպական երկրներում՝ Իտալիայի արդյունաբերական նշանավոր կենտրոններում` Վենետիկում, Ֆլորենցիայում և Ճենովայում, որոնք 13-14 դարերում դարձան մանուֆակտուրային արդյունաբերության և միջազգային ապրանքափոխանակության խոշորագույն կենտրոններ։ Նման կազմակերպություններ ստեղծվեցին նաև Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում և այլուր[1]։
Արևմտյան Եվրոպայում կապիտալիզմի արշալույսին ծագած առևտրական ընկերություները որոշ երկրներում կառավարությունից մենաշնորհ առևտրի իրավունք էին ստանում։ Սովորաբար դրանք վաճառականների խմբերն էին հիմնում՝ պետության անմիջական օգնությամբ կամ մասնակցությամբ։ Ընկերության մեջ մտնող վաճառականները սկզբում ինքնուրույն էին վարում առևտուրը` ընտանիքի անդամներով, մերձավոր ազգականներով ընտանիքի ավագ անդամի՝ հոր կամ ավագ եղբոր գլխավորությամբ։ Խոշոր ընկերությունների շուրջ համախմբվում էին ավելի նվազ տնտեսական կշիռ ունեցող ընկերություները։ Հետագայում առևտրական գործառնություններն իրականացնում էր ընկերությունը, իսկ նրա անդամները դառնում էին փայատերեր։
Առևտրական ընկերությունների մի տարատեսակն էր խոշոր վաճառականների և մանր ու միջակ առևտրականների համագործակցությունը, երբ վերջիններս կնքված պայմանագրով դրամագլուխ էին ստանում հարուստ վաճառականներից և պարտավորվում շահեցնել այդ դրամագլուխը՝ ստացված շահույթը բաժանելով երկու մասի, մեկը՝ դրամատու վաճառականին և մյուսը՝ իրենց։ Երբեմն այդ շահույթը բաժանվել է երեք մասի, որից երկուսը ստացել է դրամատու վաճառականը, իսկ մեկը՝ շահեցնողը։
Առևտրական ընկերութունների ծագումը Եվրոպայում սերտորեն կապվում է առևտրական կապիտալի զորեղացման, իսկ նրանց գործունեությունր՝ գաղութային համակարգի զարգացման հետ։ Եվրոպական երկրների՝ առանձնապես անգլիական և հոլանդական Օստ–Հնդկական, Վեստ–Հնդկական առևտրական ընկերությունները (17 – 18-րդ դդ.) կարևոր դեր կատարեցին գաղութներ զավթելու և կառավարելու գործում։ Առևտրական–գաղութային այդ ընկերությունների գործունեությունը հակասում էր զարգացող արդյունաբերական բուրժուազիայի տնտեսական շահերին, ուստի 18-րդ դարում դրանք կորցրին իրենց նշանակությունը և վերացան։ Սակայն մենաշնորհային իրավունքներով արտոնյալ առևտրական ընկերությունների ձևը կապիտալիստներն օգտագործում էին նաև հետագայում՝ շուկաներում ու գաղութներում տիրապետություն հաստատելու նպատակով։ Այսպես, 1888 թվականին Անգլիայում հատուկ խարտիայի հիման վրա ստեղծվեց Բրիտանական Հարավ-Աֆրիկյան ընկերությունը, որ Հարավային Աֆրիկայում զավթեց հսկայական տարածություններ։
18-19-րդ դարերում առևտրական ընկերություններ են կազմակերպվել Ռուսաստանում՝ «Իսպանիայի հետ առևտրի ընկերությունը» (1724 թվական), «Կոստանդնուպոլսի ռուսական առևտրական ընկերությունը» (1757), «Պարսկական առևտրի ընկերությունը» (1758), «Ռուսաստանյան–ամերիկյան ընկերությունը» (1799-1868 թվականներ) և այլն, որոնք որոշակի երկրների հետ մենաշնորհային առևտրի իրավունք ունեին։
Նույնատիպ ընկերություններ գոյություն են ունեցել նաև արևելյան մի շարք երկրներում, որոնց թվում նաև Հայաստանում։ 13-րդ դարի Հայաստանի տնտեսական պատմության մեջ մեծ դեր է ունեցել Տիգրան Հոնենցը, Սահմադինը, Կարինից հյուսիսային Հայաստան ներգաղթած մեծահարուստ վաճառական Ումեկը և նրա գերդաստանը[2]։
Հայկական առևտրական ընկերություններ գոյություն ունեին ինչպես պատմական Հայաստանի տնտեսական նշանավոր կենտրոններում (Երևան, Նախիջևան, Ագուլիս, Ցղնա, Շոռոթ, Վան, Բաղեշ, Կարին, Երզնկա և այլն), այնպես էլ Հարավային Կովկասի, Իրանի, Թուրքիայի բոլոր քաղաքներում (Թբիլիսի, Շամախի, Թավրիզ, Համադան, Բասրա, Հալեպ, Թոքաթ, Զմյուռնիա, Տրապիզոն և այլն)[3]։
Միջին դարերում, երբ հայ առևտրական կապիտալը արտաքին առևտրի ոլորտում ծավալել էր աշխույժ գործունեություն, հայ վաճառականները ևս միավորվեցին առևտրական ընկերությունների մեջ։ Նրանք ծավալուն կապեր ունեին եվրոպական ու ասիական բազմաթիվ երկրների, մասնավորապես՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Անգլիայի, Պարսկաստանի, Հնդկաստանի, Սիրիայի, Իրաքի հետ։ Հայ վաճառականները գերազանցորեն գործում էին անհատապես, յուրաքանչյուրը՝ սեփական դրամագլխով, իր նախասիրած շրջանակներում։ Իրենց առևտրական գործունեությունը նրանք ծավալել են նաև միացյալ ուժերով՝ առևտրական ընկերությունների ձևով։ 16-րդ դարի կեսերին 15 հայ վաճառականներ իրենց գործունեությունը կենտրոնացնում են Լիվոռնո (Իտալիա) վաճառաշահ քաղաքում, որը տեղի դքսությունը բաց քաղաք էր հռչակել բոլոր ազգությունների վաճառականների համար։
17-րդ դարում կազմակերպվեց Նոր Ջուղայի վաճառականների առևտրական ընկերությունը, որն ազդեցիկ մրցակցության մեջ մտավ անգլիական, հոլանդական և ֆրանսիական ընկերությունների հետ, ծավալեց մեծ մասշտաբի առևտրական գործունեություն։ 1660 թվականին այս ընկերության ներկայացուցչությունը գալով Մոսկվա և արքունիքին նվիրաբերելով հանրահայտ «Ալմաստե գահը», ստացավ Ռուսաստանի հովանավորությունը, կնքվեց պայմանագիր պարսկական մետաքս–հումքը Ռուսաստան և նրա տրանզիտով եվրոպական երկրներ արտածելու մասին։ Նոր Ջուղայի առևտրական ընկերությունն իր գործունեությամբ տնտեսական սերտ հարաբերություններ ստեղծեց Պարսկաստանի և Ռուսաստանի միջև։
Պարսկաստանի Սպահան քաղաքում Նազարեթի որդիներ Հարությունը, Աղազարն ու Մանուկը, միացնելով իրենց դրամագլուխները, ստեղծեցին առևտրական ընկերություն (1741 թվական) և զբաղվում էին գոհարեղենի ու մետաքսի առևտրով՝ գլխավորապես Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ[4]։
18 դարի կեսերին Իրանի կենտրոնական իշխանությունների թուլացման հետևանքով երկրում տիրում էր անիշխանություն ու բռնություններ։ Սկսվում է Նոր Ջուղայի մասսայական գաղթը բոլոր ուղղություններով։ Խոջաներն իրենց կուտակած կապիտալը փրկելով բնակություն էին հաստատում Իրաքում (Բասրայում), Հնդկաստանում, Իտալիայում, ինչպես նաև Ռուսաստանում՝ սկզբում Աստրախանում, ապա՝ Մոսկվայում, Պետերբուրգում[5]։
Նոր Ջուղան լքած ընտանիքներից էր նաև Լազարյան նշանավոր գերդաստանը, որն իր ընկերությունը փոխադրեց Ռուսաստան և հաստատվեց Մոսկվայում։ Լազարյաններն իրենց կապիտալը ներդրեցին արդյունաբերական տարբեր ճյուղերում։ Մոսկվայից ոչ հեռու՝ Ֆրայնովո գյուղում ստեղծեցին Ռուսաստանի ամենաորակյալ մետաքսագործական ֆաբրիկան։
Վարձակալեով Նովոուսոլյեի աղահանքերը, Բիլիմբաևոյի, Դոմրյանսկի և Օչերսկի պղնձաձուլական և երկաթագործական գործարանները, Լազարյան եղբայրները սկսեցին իրենց գործունեությունը որպես լեռնարդյունաբերողներ և ոտք դրեցին Ուրալի հանածոներով հարուստ աշխարհը[6]։ - Վ. Ա. Դիլոյան
|
Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով 1815 թվականին Մոսկվայում ստեղծվել է Լազարյան ճեմարանը։ Այդ ընկերության հաշվեմատյանը (ռուզնամե–օրագիր)[7] պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
19-րդ դարի սկզբին առևտրական ընկերություն կազմակերպեցին նաև Կալկաթայի երևելի վաճառականները՝ «Հովնանյան–Աղաբեկյան» անվանումով։ Այդ նույն ժամանակ Բոմբեյում Աբգարյան եղբայրները ստեղծել են «Աբգար և կոմպանի» առևտրական ընկերությունը, որը հետագայում փոխադրվել է Կալկաթա և կապեր հաստատել Չինաստանի, եվրոպական ու արևելյան շատ երկրների հետ։ Առևտրական ընկերությունների շահույթը բաշխվում էր անդամների միջև՝ նրանց մասնակցության համեմատ։
18 - 19-րդ դարերում արևմտաեվրոպական կապիտալի անողոք մրցակցությունը, այնուհետև հայ առևտրական կապիտալի անշքացումը պատճառ դարձան հայ առևտրական ընկերությունների քայքայմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 538)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առևտրական ընկերություններ» հոդվածին։ |