«Աստղային պատերազմների» օր (անգլ.՝ Star Wars Day), ոչ պաշտոնական տոն, որը նշում են Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» կուլտային ֆանտաստիկ սագայի երկրպագուները[1]։
«Աստղային պատերազմների» (այլ ձևով՝ Լյուք Սքայուոքերի օր) օրվա ստույգ ամսաթիվը համարվում է մայիսի 4-ը[2]։ Այդ օրն ընտրվել է ֆիլմում հաճախ հնչող և արդեն հայտնի դարձած May the Force be with you («Թող քեզ հետ լինի Ուժը») քաղվածքի շնորհիվ, որը շատ երկրպագուներ արտասանում են որպես May the fourth be with you (անգլ.՝ fourth - չորրորդ և May - մայիս)։ «Աստղային պատերազմների» երկրպագուները միայնակ չեն, ովքեր օգտագործել են նման բառախաղ։ 1979 թվականի մայիսի 4-ին, երբ Մարգարետ Թետչերն ընտրվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ, նրա կուսակցությունը հայտարարություն է տվել լոնդոնյան երեկոյան լուրերում May the Fourth Be with You, Maggie. Congratulations բառերով («Մայիսի չորսը թող քեզ հետ լինի, Մեգի։ Շնորհավոր»)[3]։
2005 թվականին N24 հեռուստաալիքով Ջորջ Լուկասի հետ հարցազրույցի ժամանակ նրան խնդրել են արտասանել այդ քաղվածքը, իսկ գերմաներեն զուգահեռ թարգմանությունը հնչել է որպես Am 4. Mai sind wir bei Ihnen («Մենք կլինենք քեզ հետ մայիսի 4-ին»)։ 2005 թվականի մայիսի 18-ին հարցազրույցն այդպես էլ ցուցադրվել է TV Total հեռուստաալիքով[4]։
Տոնը նշում են ոչ միայն երկրպագուները։ Օրինակ, ատրակցիոնների այգում կազմակերպվում են «Աստղային պատերազմների» թեմատիկ օրեր, իսկ Disney ընկերությունը մայիսի 4-ի պատվին թողարկել է կոլեկցիոներական պաստառներ[5]։ Սագայի պաշտոնական կայքը 2011 թվականի մայիսի 4-ին հայտարարել է բոլոր վեց ֆիլմերի Blu-ray-հրատարակության մասին և տվել իմպրովիզացիոն հետ հաշվարկի սկիզբ[6]։
«Աստղային պատերազմների» տոնը այնքան հանրաճանաչ է դարձել, որ հաջորդ օրը՝ մայիսի 5-ը, սկսել են կատակով անվանել «Հինգերորդի վրեժը» (անգլ.՝ Revenge of the Fifth)՝ սագայի երրորդ դրվագի պատիվ, որը կրում է «Սիտհերի վրեժ» անունը (անգլ.՝ Revenge of the Sith)։ Այդ օրը բոլոր երկրպագուներն անցնում են Ուժի մութ կողմը և փառաբանում են սիթհերի տիրակալներին ու «Աստղային պատերազմերի» տիեզերքի մյուս հակահերոսներին։ Կա նաև բացատրություն, որ մայիսի 6-ը ռևանշի օր է և կոչվում է «Վեցերորդի ռևանշի օր» (անգլ. Revenge of the Sixth)։
Լոս-Անջելեսի քաղաքային խորհուրդը 2007 թվականի մայիսի 25-ը հայտարարել է Աստղային պատերազմների օր, քանի որ 1977 թվականի այդ օրն է թողարկվել կինաշարքի առաջին ֆիլմը՝ «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս»[7]։ Նույն օրը նշվում է Geek Pride Day՝ գիկ մշակույթի օր, որը ԱՄՆ-ում նշվում է 2008 թվականից։