Ավենիդա Ալվեար | |
---|---|
Երկիր | Արգենտինա |
Գտնվում է | Բուենոս Այրես |
Անվանվել է | Կառլոս Մարիա դե Ալվեար |
Ավենիդա Ալվեար (իսպ.՝ Avenida Alvear), պողոտա Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Ռեկոլետա և Ռետիրո շրջաններում։ Բաժանվում է յոթ հատվածների։ Սկսվում է Կառլոս Պելեգրինիի անունը կրող ոչ մեծ հրապարակից և ձգվում մինչև Ալվեարի հրապարակ։ Այստեղ է գտնվում Արգենտինայի մայրաքաղաքում քսաներորդ դարասկզբին ֆրանսիական ակադեմիական ճարտարապետության ոճով կառուցված շենքերի մեծ մասը։ Բուենոս Այրեսի խորհրդարանը հաստատել է պողոտան պետական պահպանության ու խնամքի ենթակա պատմական հուշարձան ճանաչելու մասին օրինագիծը։ Ամերիկյան NBC հեռուստաընկերության կատարած ուսումնասիրությունների արդյունքներով տեղ է գտել աշխարհի ամենագեղեցիկ հինգ փողոցների շարքի մեջ[1]։ Հայտնի է նաև նորաձևության համբավավոր տների ու վերջիններիս վաճառասրահների առատ ներկայացվածությամբ։
Պողոտայի շինարարությունն սկսվել է 1885 թվականին, Բուենոս Այրեսի այն ժամանակվա քաղաքապետ Տորկվատո-Անտոնիո դե Ալվեարի նախաձեռնությամբ, որը քաղաքի պատմության մեջ մտել է որպես քաղաքաշինական ամբիցիոզ նախագծերի հեղինակ։ Այդ գործում նա նախանձախնդրորեն ձգտել է նմանվել Փարիզում ակնառու նախագծեր իրագործած բարոն Ժորժ դը Օսմանին։
Սկզբում պողոտան կրել է Բելլա Վիստա անունը, բայց հետո քաղաքապետի կամոք կոչվել է նրա հոր՝ Կառլոս-Մարիա դե Ալվեարի անունով։ Այդ ժամանակ պողոտան հասել էր մինչև Բուենոս Այրես քաղաքի և նույնանուն պրովինցիայի սահման հանդիսացող Մալդոնադո գետակը։
Պարագվայի դեմ պատերազմին անմիջապես հաջորդած դեղին տենդի համաճարակի բռնկման ժամանակաշրջանում շատ ու շատ ունևոր ընտանիքներ զանգվածաբար առանձնատներ, պալատներ կառուցեցին քաղաքի Ռիտիրո շրջանով ձգվող պողոտայի երկու կողմերում։ 1906 թվականին պողոտայի՝ Պուեյրեդոնից Պամպա ընկած հատվածը զգալի չափով լայնացվեց. լայնությունը հասցվեց 70 մետրի։
Պողոտայի սկզբնամասում՝ Կառլոս Պելեգրինիի հրապարակում գտնվում է Արգենտինայի այդ հիշարժան նախագահի պատվին կառուցված հուշակոթողը, իսկ քառուղու վերջնամասում՝ Ալվեարի հրապարակում վեր է խոյանում Բուենոս Այրեսի նշանավոր քաղաքապետի արձանը։ Պողոտայի վրա՝ Օրտիս Բազուալդո պալատում գտնվում է Ֆրանսիայի, Պերեդա պալատում՝ Բրազիլիայի դեսպանատունը։ Այդ կառույցները Արգենտինայի մայրաքաղաքի պատմության մեջ Չքնաղ անվանված դարաշրջանի ակադեմիական ճարտարապետության ամենահայտնի նմուշներն են։
Համբավավոր մյուս շինություններից են թյուդորյան վերածննդի ոճով կառուցված, պողոտայի ամենահին շենքը, որտեղ ներկայումս մշակույթի քարտուղարությունն է, Դուաու պալատը, որը վերափոխվել է Park Hyatt Buenos Aires Hotel-ի,Ֆերնանդես Անչորենա պալատը (այժմ՝ ուղղափառ նունցիատուրայի կեցավայր), 1932 թվականին կառուցված Ալվեար պալատը (ներկայումս՝ քաղաքում ամենահեղինակավոր հյուրանոցը համարվող Alvear Palace Hotel-ը)[2]։
Պողոտայի վրա ներկայացուցչություններ,վաճառասրահներ ունեն դիզայներական հանրահայտ բազում բրենդներ՝ Կարոլինա Էրերան, Սալվատորե Ֆերագամոն, Քենձոն, Քելվին Քլայնը, Կաչարելը, Զարան։ Հայտնիներից մի քանիսն էլ Արգենտինայի իշխանությունների՝ ապրանքների ներկրումը սահմանափակող որոշումներ ընդունելուց հետո լքել են պողոտան, քաղաքն ու երկիրը։ Վերջիններիս թվում են Էմպորիո Արմանին, Լուի Վիտոնը, Վալենտինոն, Հերմեսը։
Պողոտայի հյուսիսային շրջանում գտնվում է Ռեկոլետա գերեզմանատան մի մասը։