Ատամների պրոթեզավորում

Ատամների պրոթեզավորում
Տեսակմիջամտություն
Ենթադասատամնաբուժություն և Պրոթեզներ
MeSHD011476

Ատամների պրոթեզավորում, ստոմատոլոգիայի բաժին, որը զբաղվում է ատամի հյուսվածքների վերականգնմամբ, կորցրած ատամների փոխարինմամբ, ծամող ապարատի կառուցվածքի և գործառույթի վերականգնմամբ։

Ըստ հիվանդի բերանի խոռոչում ամրացման բնույթի, բացակայող ատամների պրոթեզավորումը լինում է երեք տեսակի․

  • Ոչ շարժական պրոթեզավորում, սա բացակայող ատամների (կամ մեկ ատամի մի մասի) վերականգնումն է ոչ շարժական պրոթեզներով, որոնք կոշտ և վերջնականապես ամրացվում են հիվանդի բերանի խոռոչում ատամնաբույժի կողմից և մշտապես օգտագործվում են հիվանդի կողմից։ Նման պրոթեզների տեղադրումը սովորաբար իրականացվում է հատուկ ատամնաբուժական ցեմենտային նյութերի շնորհիվ, որոնք ամուր կապում են պատրաստված պրոթեզի օժանդակ մասերը ատամների պահպանված պսակների կամ  արմատների հետ։ Ոչ շարժական պրոթեզներով հնարավոր է փոխարինել ատամնաշարի ինչպես անհատական, այնպես էլ զգալի թերությունները։ Ամենից հաճախ ոչ շարժական պրոթեզներն ընտրվում են ատամների անընդմեջ անարդյունավետ վերականգնումների դեպքում[1]։ Ատամների ոչ շարժական պրոթեզավորումը ներառում է.
  1. Պլոմբավորում,
  2. Ատամների միկրոպրոթեզավորում՝ ներդիրներով, շտիֆտային ատամներով, կպչուն (ադհեզիվ) կամուրջներով,
  3. Ատամների պրոթեզավորում պսակների միջոցով,
  4. Ատամների պրոթեզավորում կամրջաձև պրոթեզների միջոցով։
  • Շարժական պրոթեզավորում, բացակայող ատամների վերականգնում շարժական պրոթեզների պատրաստման միջոցով։ Շարժական պրոթեզները սովորաբար օգտագործում են ատամնաշարի զգալի բարդությունների ժամանակ, երբ ծնոտի վրա բացակայում է ատամների մեծ մասը, նույնիսկ՝ ամբողջը։ Սակայն, որոշ դեպքերում շարժական պրոթեզները պատրաստվում են նաև ատամնաշարի փոքր թերությունների ժամանակ։ Շարժական պրոթեզները պայմանականորեն բաժանվում են ամբողջական և մասնակի տեսակների։ Այս տեսակները ներառում են․
  1. Մասնակի-շարժական պրոթեզներ,
  2. Պայմանական-շարժական պրոթեզներ,
  3. Ամբողջական-շարժական պրոթեզներ։
  • Համակցված պրոթեզավորում, պրոթեզավորում օրթոպեդիկ արտադրանքների միջոցով, որոնք պարունակում են շարժական և ոչ շարժական պրոթեզավորման տեսակների մասերի տարրեր։

Ոչ շարժական պրոթեզավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ շարժական պրոթեզներ Հին Եգիպտոսում

Առավել հայտնի ոչ շարժական օրթոպեդիկ կառույցներն են միայնակ պսակները, կամրջաձև պրոթեզները, ներդիրները, վինիրները և լյումինիրները։ Նման կոնստրուկցիաները հատուկ ցեմենտների օգնությամբ ամրացվում են պրոթեզային հյուսվածքների պատրաստված մակերեսի վրա, որոնք կապող օղակ են հանդիսանում ատամի վերականգնման և հյուսվածքների միջև և լրացնում են կառուցվածքի տեխնոլոգիական բացերը[2]։

Ատամնային պսակների արտադրության հիմնական նյութեր․

  • Մետաղակերամիկա, ներառյալ՝ թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների հիմքով պատրաստված պսակներ,
  • Ձուլված պսակներ,
  • Դրոշմված մետաղական պսակներ,
  • Ցիրկոնիումի երկօքսիդի և ալյումինի օքսիդի հիմքով պսակներ,
  • Սեղմված կերամիկական պսակներ,
  • Պլաստմասե և մետաղապլաստմասե պսակներ,
  • Կոմպոզիտային և մետաղակոմպոզիտային պսակներ,
  • Ցիրկոնիումի երկօքսիդ։

Պսակները լիմում են 2 տեսակի՝ ժամանակավոր և մշտական։ Ժամանակավոր պսակները պատրաստվում են 2 շաբաթից մինչև 8 ամիս ժամկետով՝ ատամի էսթետիկ տեսքը վերականգնելու և ծամելու գործընթացը նորմալացնելու համար։ Նման պսակների երկարատև կրելը հաճախ հանգեցնում է հիգիենայի վատթարացման և փափուկ հյուսվածքների բորբոքային երևույթների, որոնք շրջապատում են ժամանակավոր պլաստմասե պսակը։ Հետևաբար, ավելի երկար ժամանակ ունենալու դեպքում նպատակահարմար է արտադրել մետաղակոմպոզիտային և մետաղապլաստմասե պսակներ, որոնք ունեն ավելի լավ եզրային հարմարեցում ատամի կոճղի եզրին։

Ոչ շարժական կառույցները երեք տեսակի են․

  • Պսակներ. Այս անունը կրում է հետևյալ իմաստը. կիսաքանդ ատամի փոխարինումն է և դիզայնի (արտաքին տեսքի) վերականգնումը, այն դրվում է բուժված ատամի վերևում և կատարում է նրա գործառույթները՝ միաժամանակ կանխելով քայքայումը։ Մի քանի հարակից ատամների վրա տեղադրված պսակների միացումը կոչվում է կամրջային պսակ, և դա էությամբ նույնն է, ինչ մեկ ատամի պսակը։ Ատամների պրոթեզավորումը այս դեպքում կատարվում է մետաղակերամիկայով, մետաղով, կերամիկայով, ցիրկոնիումի երկօքսիդով և ալյումինի օքսիդով,
  • Կամրջաձև պրոթեզներ. Նման պրոթեզները տեղադրվում են,երբ հաջորդաբար մի քանի ատամների բացակայություն կա։ Նմանատիպ պսակները զոդված են միմյանց հետ, սակայն նրանք չեն պաշտպանում նախկինում վնասված ատամները, այլ փոխարինում են կորցրածներին,
  • Միկրոպրոթեզավորում. Դրանցից են ներդիրները, վինիրները, լյումինիրները և այլն։

Շարժական պրոթեզավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջական շարժական պրոթեզները կիրառվում են անատամ ծնոտների պրոթեզավորման ժամանակ։ Ամենից հաճախ նման պրոթեզները պատրաստվում են ակրիլային պլաստմասայից։ Հիմքի՝ պրոթեզային հյուսվածքներին ճշգրիտ տեղավորման շնորհիվ պրոթեզները ամուր պահվում են։ Վերին ծնոտի վրա, բարենպաստ պայմաններում և լրիվ շարժական պրոթեզի հիմքի ճիշտ սահմաններով, հաճախ հնարավոր է լինում հասնել լավ ամրացման՝ փակող փականի առաջացման շնորհիվ, որը բացասական ճնշում է ստեղծում պրոթեզի հիմքի և պրոթեզային  հյուսվածքների միջև։ Ստորին ծնոտի վրա նման պրոթեզների օգտագործումը նպատակահարմար չէ՝ ստորին ծնոտի պրոթեզի հիմքի ամրացման վատ պայմանների պատճառով։ Այսպիսով, ստորին ծնոտի ամբողջական շարժական պրոթեզները պահվում են միայն մեխանիկական ազդեցության պատճառով, ամրացումը բարելավելու համար օգտագործվում են հատուկ սոսնձային քսուքներ և մածուկներ[3]։

Մասնակի շարժական պրոթեզները նախատեսված են ատամնաշարի վերջերի և ընդլայնված թերությունների համար։ Մասնակի շարժական պրոթեզի տեղադրման համար հարկավոր է հենակետային ատամների առկայություն և ամրացման տարբեր համակարգերի կիրառում, ընդ որում՝ ծամիչ ճնշում ինչպես հենակետային ատամների, այնպես էլ անատամ պրոթեզային հյուսվածքների վրա։

Մասնակի շարժական պրոթեզների հիմնական տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աղեղային կամ բյուգելային պրոթեզներ, որոնք ունեն ձուլված հենք և շարժական մասի ակրիլային հիմք,
  • Թիթեղային պրոթեզները լինում են 2 տեսակի՝ պատրաստված ամբողջովին ակրիլային պլաստիկից և մետաղներից կազմված հիմքով,
  • Փոքր թամբաձև պրոթեզները կիրառվում են միակողմանի վերջավոր թերությունների դեպքում՝ ներառված ատամնաշարի թերությունները,
  • Նայլոնե պրոթեզներ։

Ըստ ամրացման տեսակի նման պրոթեզները բաժանվում են․

  • Կլամերային ամրացում․ լինում են մետաղական, պլաստմասե և ացետատալային,
  • Կողպեքանման ամրացում,
  • Տելեսկոպիկ ամրացում,
  • Ամրացում պելոտների միջոցով։

Շարժական պրոթեզավորման հիմնական խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժական պրոթեզավորման հիմնական խնդիրները ներառում են առողջ հենակետային ատամները պսակներով ծածկելու հաճախակի անհրաժեշտությունը, դրանք օգտագործելու համար բյուգելային պրոթեզի շարժական մասի փականին ամրացումը, ինչպես նաև վերջինիս թերության հանգեցնող հենակետային ատամի հյուսվածքի վրա կլամերի մեխանիկական ազդեցությունը։ Պրոթեզի հիմքի ծավալը հանգեցնում է տարբեր անհարմարությունների, ինչպիսիք են խոսելու ժամանակավոր խանգարումը կամ փսխման ռեֆլեքսի առաջացումը։ Բացի այդ, հիվանդները հաճախ նշում են բյուգելային պրոթեզի շարժունակության մասին։ Շարժական պրոթեզների երկարատև կրումը խորացնում է ծնոտի անատամ հատվածի ոսկրային հյուսվածքի ապաճումը, ինչը խոչընդոտում է ատամների հետագա իմպլանտացիան։ Շարժական պրոթեզները ծամիչ ճնշումը փոխանցում են լնդերի լորձաթաղանթի միջոցով և չեն կարողանում ամբողջությամբ վերականգնել ծամողական արդյունավետությունը, քանի որ լնդերը ֆիզիոլոգիապես հարմարեցված չեն ծամողական ծանրաբեռնվածությանը[4]։

Պայմանական շարժական պրոթեզավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանականորեն շարժական պրոթեզները երկարացված կամրջաձև պրոթեզներ են, որոնք կարող են կարճ ժամանակով հեռացվել անձնական հիգիենան պահպանելու համար։ Նման պրոթեզները, որպես կանոն, ամրացվում են փականային կամ տելոսկոպիկ եղանակներով։ Նման կառույցի օրինակ է աղեղային կամրջաձև մետաղակերամիկական պրոթեզը, որն օգտագործվում է կորցրած ատամների ամբողջական վերականգնման ժամանակ՝ արտահայտված  հավասարաչափ ալվեոլային ատրոֆիայով։

Ոչ շարժական օրթոպեդիկ կառույցներով պրոթեզավորումը կատարվում է ատամների միայնակ կորստի, ատամնաշարերի կարճատև արատների դեպքում։ Ատամների բազմակի կորստի և երկարատև արատների դեպքում ատամների վրա հենվող կամրջաձև պրոթեզների օգտագործումը նպատակահարմար չէ վերջիններիս ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության պատճառով։ Նման իրավիճակում կատարվում է շարժական պրոթեզավորում կամ իմպլանտացիա։

Ատամների պրոթեզավորման ցուցումները կարող են լինել ոչ միայն բուժական, այլ նաև կոսմետիկ նպատակներով[5]։

Հյուսվածքների վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ատամի փոխարինման հնարավոր տեխնիկական տարբերակները ամբողջությամբ չեն վերականգնում ատամնային ապարատի գործառույթները, գիտական միջավայրում սկսել են որոնել ծիլերից ատամներ աճեցնելու եղանակներ։ Մարդկանց մոտ դրանց քանակը սահմանափակ է։ 2015 թվականին Ճապոնիայի ֆիզիկաքիմիական հետազոտությունների ինստիտուտի հետազոտողներին Տոկիոյի բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի գործընկերների հետ համատեղ հաջողվել է մկների ատամի հյուսվածքի բողբոջից մի քանի նոր ատամներ աճեցնել՝ բողբոջը երկու մասի բաժանելով[6]։ Ի վերջո նոր ատամները տեղադրվել են մկների ծնոտում։

Ատամների բյուգելային պրոթեզ Անատամ ծնոտի ոսկրային ատրոֆիա, որը կարելի է կանխել ատամների արմատային իմպլանտների Ստորին ծնոտի (ձախ) և վերին ծնոտի (աջ) ատամների ամբողջական շարժական պրոթեզներ
Լրիվ շարժական պրոթեզներ բաժակի մեջ Ատամների պրոթեզներ կրող կին, որն ունի ատամնային ոսկրերի ատրոֆիա, սակայն պրոթեզներով այն այդքան էլ տեսանելի չէ Առանց պրոթեզների ծեր կին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Александр Агафонов Протезирование зубов: особенности // Новая неделя : газета. — 2013. Архивировано из первоисточника 28 Նոյեմբերի 2013.
  2. «Источник». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  3. «Бесплатная имплантация раненых военнослужащих». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  4. «Кто имеет право на бесплатное протезирование зубов в Украине? - QuePaw». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  5. Naomi Yamamoto, Masamitsu Oshima, Chie Tanaka, Miho Ogawa, Kei Nakajima, Kentaro Ishida, Keiji Moriyama & Takashi Tsuji Functional tooth restoration utilising split germs through re-regionalisation of the tooth-forming field(անգլ.) // Scientific Reports : journal. — 2015. — № 5. — ISSN 2045-2322. — doi:10.1038/srep18393 Архивировано из первоисточника 25 հունվարի 2022.
  6. «Multiplying teeth» (անգլերեն) — Press Release. 2015 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.