Արժույթի փոխարինում

Արժույթի փոխարինում (անգլ.՝ currency substitution), ազգային փողի փոխարինումն արտարժույթով՝ որպես շրջանառության և խնայողությունների միջոց՝ առանց արտարժույթի օրինական վճարման միջոցի կարգավիճակ ստանալու։ Տնտեսական իմաստով արժույթի փոխարինումը հոմանիշ է դոլարացման ձևերից մեկին, որը նկարագրում է նմանատիպ մի երևույթ՝ ոչ պաշտոնական (փաստացի, մասնակի, ստվերային) դոլարացում։

Հայեցակարգի ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական տեսության մեջ «արժույթի փոխարինում» հասկացությունը ներմուծվել է 1977 թվականին Գիլերմո Կալվոյի և Կառլոս Ռոդրիգեսի կողմից Բուենոս Այրեսի համալսարանում (Արգենտինա) իրենց աշխատանքի ընթացքում[1]։ Նրանց կողմից արտահայտությունն օգտագործվել է արժույթի փոխարինման առումով իրական փոխարժեքի վերլուծության շրջանակներում։ Հիմնական եզրակացությունը, որին հանգեցին առաջին հետազոտողները, այն էր, որ արժույթի փոխարինման առկայության դեպքում դրամական զանգվածի աճը հանգեցնում է ազգային արժույթի արժեզրկմանը։ Տերմինն ակտիվորեն կիրառվել է տնտեսական գրականության մեջ 1970-ական թվականներից, երբ զարգացող տնտեսություններում սկսվել են արժութային ապակարգավորման և ֆինանսական շուկաների ազատականացման գործընթացները։

Այլընտրանքային սահմանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակվում են արժույթի փոխարինման երկու հիմնական հասկացություններ։ Դրանցից մեկը մշակել են Գիլերմո Կալվոն և Կառլոս Վեգը (Ջոնս Հոփքինսի համալսարան)։ Նրանց տարբերակում արժույթի փոխարինումը ներքին շուկայում արտարժույթի օգտագործումն է՝ որպես շրջանառության միջոց[2]։ Եթե տնտեսական գործակալները արտարժույթն օգտագործում են ոչ միայն որպես շրջանառության միջոց, այլ նաև որպես արժեքի չափման և խնայողությունների միջոց, ապա խոսքը ոչ պաշտոնական դոլարացման մասին է։

Այլընտրանքային հայեցակարգ է առաջարկում Ռոնալդ Մակքինոնը Սթենֆորդի համալսարանից[3]։ Նա տարբերակում է արժույթի ուղղակի և անուղղակի փոխարինում։ Արժույթի ուղղակի փոխարինման սահմանումը (direct currency substitution) համընկնում է Գիլերմո Կալվոյի և Կառլոս Վեգայի ձևակերպման հետ։ Արժույթի ուղղակի փոխարինումն արտացոլում է արժույթների միջև մրցակցությունը՝ որպես շրջանառության միջոց։ Արժույթի անուղղակի փոխարինումը (indirect currency substitution) նշանակում է տնտեսական գործակալների անցում տարբեր երկրների ոչ դրամական ֆինանսական ակտիվների միջև։ Այսպիսով, Ռոնալդ Մակքինոնի արժույթի անուղղակի փոխարինումը նշանակում է ֆինանսական ակտիվների միջազգային փոխարինում (asset substitution) լայն իմաստով։ Այլ կերպ ասած՝ այն նկարագրում է կապիտալի միջազգային շարժունակությունը, որը թույլ է տալիս տնտեսական գործակալներին ձևավորել տարբեր օտարերկրյա իրավասությունների ֆինանսական ակտիվների պորտֆել։

Արժույթի փոխարինման լայն և նեղ մեկնաբանության միջև կա միջանկյալ սահմանումների մեծ շրջանակ։ Նրանք բոլորն էլ արժույթի փոխարինումը դիտարկում են որպես օտար երկրների փողերով ազգային փողերը դուրս մղելու գործընթաց, որպես առանձին կամ բոլոր դրամական գործառույթները կատարող գործիք։ Օրինակ, աշխատություններից մեկում Կառլոս Վեգը Ռատնա Սահայի հետ միասին սահմանել է արժույթի փոխարինումը որպես տնտեսական գործակալների կողմից արտարժույթի օգտագործում իբրև շրջանառության և արժեքի միջոց, մինչդեռ ակտիվների փոխարինումը նկարագրվում էր արտարժույթի օգտագործումը որպես խնայողությունների միջոց[4]։

«Միջազգային տնտեսագիտություն» հանրաճանաչ դասագրքի հեղինակ և ԱՄՀ աշխատակից Ալեքսեյ Կիրեևը կարծում է, որ «մի քանի արժույթների ցանկացած զուգահեռ շրջանառություն կոչվում է դոլարացում կամ արժույթի փոխարինում՝ օգտագործելով այդ հասկացությունները որպես հոմանիշներ»[5]։

Արժույթի փոխարինման մոդելներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսական մոդելները, որոնք դիտարկում են արժույթի փոխարինումը, ներկայացված են երկու խմբերով՝ վերլուծություն անհատական հիմունքներով (մեկ տնտեսություն, որտեղ կարող են շրջանառվել մի քանի արժույթներ) և վերլուծություն խմբային հիմունքներով (երկու կամ ավելի տնտեսություններ, որոնք թույլ են տալիս արժույթների փոխադարձ շրջանառություն)։ Ընդհանուր առմամբ, արժույթի փոխարինման վերլուծության մոդելները բաժանվում են մի քանի խմբերի[6].

  • կանխիկ վճարման մոդելներ (cash-in-advance models), որոնք հիմնված են այն ենթադրության վրա, որ տնտեսության բոլոր ապրանքներն ու ծառայությունները կարելի է ձեռք բերել միայն կանխիկ դրամով և վճարումը կատարվում է անմիջապես գործարքի կատարման պահին,
  • պորտֆելի հաշվեկշռի մոդելներ (portfolio-balance models), որտեղ փողը դիտարկվում է տնտեսական գործակալի պորտֆելի մեջ ներառված այլ ակտիվների հետ միասին,
  • փողի օգտակարության գործառույթի մոդելներ (money-in-the-utility-function models), որոնցում տնային տնտեսությունները օգտվում են փողից, ներառյալ իրական դրամական մնացորդները, և դա արտացոլվում է որպես փաստարկ օգտակարության գործառույթի մեջ,
  • գործարքների ծախսերի մոդելներ (models of transaction cost), որտեղ փողի օգտագործումը կարող է նվազեցնել (ավելացնել) գործարքների իրական ծախսերը,
  • ad hoc մոդելները, որոնք նախատեսված են հատուկ դեպքերի վերլուծության համար։

Ներքին փողի պահանջարկի մոդելավորումը ցույց է տալիս, որ արժույթի փոխարինումը մի քանի տնտեսական փոփոխականների գործառույթ է. տարբեր արժույթների պահպանման հնարավոր ծախսեր, ներքին և արտաքին շուկաների միջև գնաճային դիֆերենցիալ, ներքին և արտաքին տնտեսությունների միջև անվանական և իրական տոկոսադրույքների դիֆերենցիալ, ազգային արժույթի արժեզրկման կամ դևալվացիայի ակնկալվող և փաստացի տեմպեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Calvo G. and Rodríguez C. A Model of Exchange Rate Determination under Currency Substitution and Rational Expectation // Journal of Political Economy. — 1977. — № 3. — С. 617-625.
  2. Calvo G. and Végh C. Currency substitution in developing countries: an introduction // IMF Working Papers. — 1992. — № 40.
  3. McKinnon R. Two Concepts of International Currency Substitution / Connolly M. and McDermott J.. — The Economics of the Caribbean Basin. — NY: Praeger, 1985. — С. 101-113.
  4. Vegh C. and Sahay R. Inflation and Stabilization in Transition Economies: A Comparison with Market Economies // IMF Working Papers. — 1995. — № 8.
  5. Киреев А.П. Международная экономика: открытая экономика и макроэкономическое программирование. Учебное пособие для вузов. — М.: Международные отношения, 1999. — С. 24.
  6. Giovannini A., Turtelboom B. Currency Substitution // NBER Working Paper. — 1992. — № 4232.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Валютное регулирование и валютный контроль: учеб. для студентов, обучающихся по экон. специальностям. Под ред. Крашенинникова М. В. — М.: Экономистъ, 2005.
  • Глобализация и национальные финансовые системы. Под ред. Хансона Дж. А., Хонохана П., Маджнони Дж. [пер. с англ. Васильев В. С.]. — Москва: Весь Мир, 2005.
  • Золотарчук В. В. Макроэкономика: учебник для студентов высших учебных заведений, обучающихся по экономическим и неэкономическим специальностям. — Москва: ИНФРА-М, 2011.
  • Шаховская Л. С. Ценообразование. — Москва: КНОРУС, 2016.