Արշալույսն Ուդիում անգլ.՝ Daybreak in Udi | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն[1][2] |
Ժանր | վավերագրական ֆիլմ[3][4] |
Թվական | 1949 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թերի Բիշոփ[4] |
Պրոդյուսեր | Մաքս Անդերսոն և Ջոն Թեյլոր |
Երաժշտություն | Ուիլյամ Էլվին |
Կինոընկերություն | British Information Services? |
Տևողություն | 47 րոպե |
Արշալույս Ուդիում (անգլ.՝ «Daybreak in Udi»), 1949 թվականի բրիտանական վավերագրական ֆիլմ, որը նկարահանել է Թերրի Բիշոպը, և որը պատմում է Ուդիում (Էնուգու, Նիգերիա) տեղի ունեցած մշակութային փոփոխությունների մասին։ 1950 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկարի» Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում[5][6]։
1949 թվականն է, և գաղութային Նիգերիան վերապրում է ինքնության ճգնաժամ։ Միմյանց հակադրվել են հասարակության առաջադեմ, կրթված տարրերը, որոնք ձգտում են արևմտականացման ու արդիականության, և ավանդապաշտները, որոնք ցանկանում են պահպանել Նիգերիայի ժառանգությունը։ Երկու երիտասարդ աֆրիկացի ուսուցիչներ՝ Իրուկան (Ֆաննի Էլումեզե) և Դոմինիկը (Հարֆորդ Աներոբի), որոշում են, որ Ուդի գյուղը պետք է ունենա ծննդատուն, որն ինքնին առաջընթացի ու արդիականացման խորհրդանիշն է։ Բրիտանացի շրջանային սպա Է. Ռ. Չեդվիքը համաձայնություն է տալիս որոշմանը և համաձայնում է ծրագրի համար ռեսուրսներ տրամադրել։ Նախքան աշխատանքի սկսվելը Չեդվիքը ցանկանում է համոզվել, որ գյուղում բոլորը պատրաստ են դրան, բայց շատ արագ պարզ է դառնում, որ դա այդպես չէ։ Էզ անունով մի տարեց բնակիչ (Յոզեֆ Ամալու) կարծում է, որ ծննդատան շինարարությունը միաժամանակ հրապարակային վիրավորանք է գյուղի ավանդույթների ու մշակույթի հասցեին և աշխատում է մյուսիներին համոզել դրանում։
Չեդվիքն այցելում է գյուղ՝ փորձելով հակառակը համոզել բնակիչներին, և ի վերջո դա նրան հաջողվում է։ Ծննդատան շինարարության աշխատանքն սկսվում է։ Չնայած նրան, որ դա պետք է լինի երկար ու դժվարին գործընթաց, գյուղացիները միավորվում են, որպեսզի կառուցեն շենքը։ Նրանց խանգարում է Էզը, որը գալիս է շինհրապարակ և պնդում, որ դա հին գերեզմանոց է։ Նա կանխատեսում է, որ շինարարները կարթնացնեն նախնիների զայրույթն նրա համար, որ խախտում են սովորույթը և ավերում այդ վայրերը։ Կարճ ժամանակում ի հայտ են գալիս մշակութային արժեքները։ Վախի ու սնահավատության պատճառով կարճ ժամանակով աշխատանքը դադարեցվում է, բայց Չեդվիքն ու Դոմինիկը գալիս են աշխատողների վախը ցրելու և շինարարությունը վերսկսելու համար։ Այնուամենայնիվ, Էզի սպառնալիքը շարունակում է մնալ նրանց գիտակցության խորքում։
Ժամանակի ընթացքում շենքի շինարարությունն ավարտվում է, բայց դրա պաշտոնական բացումից առաջ գյուղ է գալիս մի երիտասարդ կին իր ամուսնու հետ։ Կինը ծննդաբերում է, և Չեդվիքն ու մանկաբարձուհին (Ջոյս Մգբարոնի) համաձայնում են ընդունել կնոջը՝ որպես ծննդատան առաջին պացիենտի։ Այդ երեկոյան մանկաբարձուհին, որը խնամում էր կնոջը, նկատում է ինչ-որ շարժում և լսում դրսից եկող աղմուկ։ Վախենալով՝ նա շուտով լսում է դռան թակոց, սակայն պարզվում է, որ դա Իրուկան է, որը եկել էր ապագա մորը տեսակցելու։ Մանկաբարձուհին վերսկսում է իր աշխատանքը, իսկ Իրուկան կրակի վրա է դնում ջրով կաթսան։ Դրանից կարճ ժամանակ անց այլ աղմուկ է լսվում, և պատուհանից դուրս նայելով՝ մանկաբարձուհին տեսնում է դիմակով մարդու, որը նայում է պատուհանից ներս։ Ենթադրելով, որ դիմակով մարդը նախնիների հոգին է, վախեցած մանկաբարձուհին գոռում է, բայց Իրուկան եռացող ջուրը լցնում է դիմակավորի վրա, և պարզվում է, որ դա Էզն է, որը փախչում է։
Հաջորդ օրը գյուղացիները հավաքվում են ծննդատան մոտ՝ մասնակցելու բացման արարողությանը, որը նշվում է ավանդական ձևով՝ պարերով, երաժշտությամբ, երգով ու տեղական տարազներով։ Չեդվիքը կենտրոնական տեղ է զբաղեցնում ծննդատան առջև՝ դիտելու իրադարձությունները, իսկ Էզը նստում է նրա կողքին։ Էզը վերջապես խոստովանում է, որ ավանդույթն ու առաջընթացը, ինչպես երևում է վերջնական տեսարանում, կարող են գոյություն ունենալ միասին։ Եզրափակիչ խոսքում Չեդվիքը հեռուստադիտողին ասում է, որ առաջընթացը բերում է «ուժ, ոգի, անսահման ու անհայտ հնարավորություններ և նպատակներ» և ենթադրում է, որ առաջընթացը պետք է լինի տեղի հասարակության վերջնական նպատակը։
1950 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում։ Այն ստացել է նաև BAFTA մրցանակ որպես լավագույն վավերագրական ֆիլմ։
|