Արտյոմ Հովհաննիսյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | բռնցքամարտիկ |
Երկիր | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 16, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 170 սանտիմետր |
Արտյոմ « Արտ » Հովհաննիսյան (ծնվ. 1981թ. նոյեմբերի 16, Գյումրի, Հայաստան), հայ նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ով հանդես է եկել երկրորդ թեթևագույն քաշային կարգում։
Հովհաննիսյանը սիրողական բռնցքամարտով սկսել է զբաղվել 13 տարեկանից։ Նա եղել է բռնցքամարտի ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող մարզիչ Վարուժան Դավթյանի սանը։ Նա թեթեւ քաշային կարգում չորս անգամ նվաճել էՀայաստանի չեմպիոնի տիտղոսը։
Արտը մեծ փորձ է ձեռք բերել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և միջազգային մրցաշարերում։ Նա մենամարտել է Չինաստանում, Իրանում, Չեխոսլովակիայում, Խորվաթիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում և շատ այլ երկրներում, անց է կացրել ավելի քան 175 սիրողական մենամարտ, որոնցից միայն 12-ում է պարտվել։
Արտյոմը 2007 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և մարզվել Glendale Fighting Club-ում Էդմոնդ Թարվերդյանի ղեկավարությամբ։ Պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նա նշել է 2006 թվականին։ Առաջին երեք պրոֆեսիոնալ մենամարտերն անցկացրել է Ֆրանսիայում՝ երկու անգամ հաղթելով և մեկ անգամ ոչ-ոքի անելով տեղի բռնցքամարտիկների հետ։
2011 թվականի օգոստոսի 5-ին Արտը մենամարտեց IBF-ի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Քրիստոբալ Կրուսի հետ։ Նախատեսված 10 ռաունդանոց մենամարտն ավարտվել է 4-րդ ռաունդում տեխնիկական ոչ-ոքիով, երբ գլխի պատահական բախումից Կրուսի աչքին կտրվածք է առաջացել[1]։
2012 թվականի հուլիսի 20-ին Արտը մրցեց թեթև քաշային կարգում WBA- ի նախկին չեմպիոն Միգել Ակոստայի հետ։ Հովհաննիսյանը մենամարտը լավ սկսեց. հենց 1-ին ռաունդում նախկին չեմպիոնը հայտնվեց հատակին։ 5-րդ ռաունդում Ակոստան նրան փոխհատուցեց՝ նույնպես ենթարկելով նոկդաունի։ Հիանալի հանդիպումում Հովհաննիսյանը հաղթանակ կորզեց մրցավարների ոչ միասնական որոշմամբ (95-93, 92-96, 95-93)[2]։ Պրոֆեսիոնալ ռինգում նա ընդհանուր առմամբ տարել է 18 հաղթանակ, որոնցից 10-ը՝ նոկաուտով, կրել է 4 պարտություն և 3 մրցամարտ ավարտել է ոչ-ոքի արդյունքով[3]։
|