Բթառիճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Քեշիդաղ ձորի մուտքի մոտ, Մըր լեռան հարավային ստորոտին, Երզնկա քաղաքից 20 կմ հարավ-արևելք։
Ըստ Գ. Ղափանցյանի գյուղի անվան հիմքում ընկած է «բերդիկ» բառը։
Գյուղի միջով հոսում էր Բաղնիք կոչվող սառը ջուր ունեցող առվակը, որի վրա գործում էր 2-3 ջրաղաց։
Բթառիճը երբեմն նույնացնում են խեթական արձանագրություններում հիշատակված Պաթթիյարիկա կամ Պատտիյարիկ (Բատտ) քաղաքի հետ։
Գյուղը նախկինում մտել էր Բարձր Հայքի Եկեղյաց գավառի մեջ։ XIV դարում այն մի ձեռագիր հիշատակարանում վկայվել է Փթառիճ անվանումով։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայ բնակչության մեծ մասը ոչնչացվեց, մնացածներին տեղահանեցին։
XX դարի սկզբին գյուղն ուներ 150 տուն բնակիչ, որից 50-ը հայեր էին, իսկ մնացածը այլազգիներ։
Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն և առևտուրն էր։
Բթառիճն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի տակ կար գետնափոր եկեղեցի, որն ուներ հայերեն արձանագրություններ։ Բնակավայրից 2-3 կմ հարավ գտնվում էր Ս. Նիկողայոս վանքը։ Անցյալում գյուղը պատկանել է այս վանքին։
Գյուղում գործում էր հայկական երկսեռ վարժարան, որտեղ ուսուցանվում էին 40-50 աշակերտներղ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 430)։ ![]() |