Բիզին-գա (美人画, «գեղեցիկ մարդու նկար»), ընդհանրական տերմին` գեղեցիկ կանանց (բիզին) նկարների համար ճապոնական արվեստում, հատուկ ուկիյո-է ժանրի փայտյա տպագրության մեջ։
Կոձիեն սահմանում է բիզին-գան որպես նկար, որը պարզապես «սահմանում է կանանց գեղեցկությունը»[1], իսկ Համաշխարհային Արվեստի Շինչինո Հանրագիտարանը (Sincho Encyclopedia of World Art) այն սահմանում է որպես «կնոջ արտաքին գեղեցկության» պատկերում[2]։ Մյուս կողմից, Գենդայ Նիհոն Բիզին-գա Զենշու Մեյսակու-սեն Այը (Gendai Nihon Bijin-ga Zenshū Meisaku-sen I) սահմանում է բիզին֊գան որպես նկար, որն ուսումնասիրում է «կանանց ներքին գեղեցկությունը»[3]։ Այս պատճառով, բիզին-գայի էությունը միշտ չէ, որ կարող է արտահայտվել միայն բիզինի` գեղեցկության տիպար հանդիսացող կնոջ պատկերման միջոցով։ Իրականում, ուկիյո-է ժանրի բիզին֊գայում կարևոր չէր համարվում, որ նկարը նման լիներ բնորդուհու դեմքի դիմագծերին, և ուկիյո-է ժանրի բիզին֊գայում կանանց պատկերումը ոճավորված է ու իրատեսական կերպար ստեղծելու հետ ոչ մի կապ չունի[4]։ Օրինակ, Էդո ժամանակաշրջանի ընթացքում (1603–1867), ամուսնացած կանայք սովորություն ունեին սափրելու իրենց հոնքերը (հիկիմայու), սակայն բիզին-գայում կար կանոն՝ հոնքեր նկարել ամուսնացած կանանց դեպքում։
Ուկիյո-էն փայտանյութի վրա տպագրությունների և նկարների ժանր է, որն սկզբնավորվել և կիրառության մեջ է եղել Ճապոնիայում 17-րդ դարից մինչև 19-րդ դարը։ Տպագրությունները շատ տարածված էին ճապոնացի առևտրականների և ժամանակի միջին խավի շրջանում։
Էդոյի ժամանակաշրջանից մինչև Մեյջի ժամանակաշրջանը (1868–1912) ուկիյո-է ժանրի մեթոդների տեխնիկական զարգացումն աճել է՝ փորագրության և տպագրության ճշգրտությամբ և օգտագործվող գույների վառ արտահայտությամբ, որոնք զարգացել են տպագրական նոր մեթոդների և սինթետիկ ներկերի ներմուծման միջոցով։ Այս տեխնիկական զարգացումը կարելի է տեսնել նաև ուկիյո-է ժանրի բիզին֊գայում, և բիզին֊գայի շատ նկարիչներ իրենց ներդրումն են ունեցել ուկիյո-է տեխնիկայի և ոճերի զարգացման մեջ` նպատակ ունենալով առավելագույնի հասցնել նկարիչների ժամանակաշրջանում ապրող իրական գեղեցկության իրատեսական արտահայտությունը[5]։
Գրեթե բոլոր ուկիյո-է արվեստագետները ստեղծել են բիզին֊գա, քանի որ այն ժանրի գլխավոր թեմաներից մեկն էր։ Այնուամենայնիվ, մի քանիսը, այդ թվում՝ Ուտամարոն, Սուզուկի Հարունոբուն, Իտո Շինսույը, Տոյոհարա Տիկանոբուն, Ուեմուրա Շյոենը և Թորի Կիյոնագան, նկարագրվել են որպես բիզին֊գայի ամենամեծ նորարարներ և վարպետներ:[փա՞ստ]
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)