Բրաունի Ուայզ անգլ.՝ Brownie Wise | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1913[1] |
Ծննդավայր | Բուֆորդ |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1992[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Կիսիմի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գործարար |
Աշխատավայր | Tupperware Brands? |
Բրաունի Մեյ Համֆրեյ (անգլ.՝ Brownie Mae Humphrey, մայիսի 25, 1913[1], Բուֆորդ - սեպտեմբերի 24, 1992[1], Կիսիմի, Ֆլորիդա, ԱՄՆ), մասնագիտական բնագավառում հայտնի որպես Բրաունի Ուայզ (անգլ.՝ Brownie Wise), հայտնի ամերիկացի գործարար, որի ջանքերի շնորհիվ սպառողական ապրանքների «Tupperware» ընկերությունը հաջողություն է արձանագրել՝ կիրառելով մարքեթինգի «խնջույքային նախագիծ» համակարգը։
«Ստենլի» սպառողական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերության նախկին առևտրական ներկայացուցիչ Ուայզն ամուսնալուծված էր ու խնամքի տակ որդի ուներ։ Նա հասկացել էր, որ «Tupperware»-ը լայն սպառում ունեցող ապրանքատեսակ է և սկսել է այն վաճառել իր տանը կազմակերպվող խնջույքների ժամանակ[2]։ 1950 թվականին տեղափոխվել է Ֆլորիդա և միջնորդների ու վաճառողների միջոցով ստեղծել սոցիալական ցանցային մարքեթինգային համակարգ, որն արագորոն գերազանցել է «Tupperware» ընկերության խանութային վաճառքը[փա՞ստ]։
Գրավել է Էռլ Թափերի՝ այդ ընկերության հիմնադրի ուշադրությունը, որը 1951 թվականին նրան հրավիրել է դառնալ «Թափերվեար ընտանեկան խնջույքների» փոխնախագահը։ Ուայզը պնդել է, որ ընկերությունն իր ապրանքը վաճառի բացառապես «խնջույքային նախագծով», որտեղ կանայք հրավիրել են իրենց ընկերներին ու հարևաններին մի միջոցառման, որը համադրել է խնջույքն ու ապրանքի վաճառքը։ Ուայզն առևտրային բաժինը ղեկավարել է Ֆլորիդայի Քիսիմի քաղաքից և նրան ազատություն է տրված եղել օգտագործելու իր մարքեթինգային ռազմավարությունը․ նրա մեթոդները չափազանց արդյունավետ էին։ Ժողովրդական մշակույթի մեջ թափանցելու նրա կարողությունն ու երջանկության ձգտումը օգնել են իրեն միաժամանակ ներգրվել հազարավոր կանանց իր կարիերայի մեջ այն դեպքում, երբ կնոջ դերը սահմանափակվում էր միայն տնային գործերով։ Հեռուստատեսային ելույթները, լրագրերում ու ամսագրերում իր հոդվածները նրա անունը հանրաճանաչ են դարձրել։ 1954 թվականին դարձել է առաջին կինը, որի լուսանկարը հայտնվել է Բլումբերգի «Business Week» ամսագրի շապիկին[3]։
Ուայզն ստեղծել է «Tupperware»-ի և այլ մարքեթինգային կազմակերպությունների կորպորատիվ մշակույթը։ Նրան հատկապես հետաքրքրել են խթանումները, որոնցից գլխավորը ճնապարհորդություններն էին դեպի Ֆլորիդա՝ մասնակցելու ընկերության վաճառքի գլխավոր գրասենյակում անցկացվող ամենամյա հոբելյանական ժողովներին ու շփվելու այլ հաջողակ ներկայացուցիչների հետ[փա՞ստ]։ Լավագույն վաճառողներին արտասովոր նվերներ են մատուցվել, ինչպես օրինակ՝ արագընթաց նավակներ, էքսկուրսիաներ և կենցաղային տեխնիկա[փա՞ստ]։ Հորինել է հատուկ արտահայտություններ ու ծեսեր, օրինակ՝ ուխտագնացություն դեպի ընկերության տարածքում գտնվող հատուկ ձևավորված ջրհորը, որպեսզի վաճառողներն այնտեղ նետեն իրենց ցանկությունները։ Առևտրական միջնորդները գնացել են գանձեր որոնելու, որոնց դեպքում մրցանակները թաքցրած էին լինում հողի մեջ։ Չորսօրյա միջոցառումներն ավարտվել են Էքստրավագանտ շոուներով, երեկույթներով ու մոտիվացիոն զրույցներով [փա՞ստ]։
Ընկերության ներկայացուցիչներին Ուայզը ներկայացվել է որպես 1950-ական թվականների կնոջ իդեալականացված կերպար։ Նա հմտորեն օգտագործել է սոցիալական ցանցերի մոդելը և մոտիվացրել հազարավոր կանանց միասին հավաքվել իրենց տներում՝ «Tupperware» վաճառելու։ Սեփական աշխատավարձը վաստակելու միջոցով կանաց ձեռք բերած ազատությունը հետպատերազմյան տղամարդակենտրոնության ու 1950-ական թվականների նախաֆեմինիստական մշակույթի համատեքստում մեծ մարտահրավերներ էր ստեղծում։ Էռլ Թափերի հետ նրա հարաբերությունները հեղհեղուկ էին ու նրանց տարբերություններն անհամատեղելի են դարձել, երբ Ուայզի հաջողությունը նրան նշանավոր է դարձրել․ 1958 թվականի հունվարին Թափերը վռնդել է նրան, որից հետո նրա վերաբերյալ բոլոր գրառումները հեռացվել են ընկերության մատյաններից։ Նա բաժնետեր չէր ու հեռացել է միայն տարեկան աշխատավարձի չափով ելքային նպաստով, որը կազմում էր մոտավորապես 30,000 դոլլար[4][5]։
Փորձել է ստեղծել «Մոխրոտիկ» կոչվող իր սեփական կոսմետիկական ընկերությունը, բայց հաջողության չի հասել, որից հետո անհետացել է ընդհանուր տեսադաշտից ու վախճանվել անհայտության մեջ 1992 թվականին[6]։ Ուայզից բաժանվելուց կարճ ժամանակ անց Թափերը 16 միլիոն ԱՄՆ դոլլարով վաճառել է իր կազմակերպությունը «Dart Industries» ընկերությանը։
Լինելու է Բոբ Քիլինգի հեղինակած «Tupperware Unsealed» գրքի հիման վրա նկարահանվելիք կինոնկարի գլխավոր հերոսուհին[7][8]։
|