Գուգլի և Վիքիմեդիայի միջև հարաբերությունները սկզբում մրցակցության բնույթ էին կրում Գուգլի կողմից Knol-ի ներկայացմամբ։ Սակայն ավելի ուշ Գուգլը սկսել է վստահել Վիքիպեդիային ՅուԹյուբում ապատեղեկատվության տարածման խնդիրը լուծելու և տեղեկատվություն փնտրողներին այն տրամադրելու համար։
2007 թվականին Գուգլը ներկայացրել է Knol հանրագիտարանը՝ օգտատիրական բովանդակությամբ։ Տարբեր լրատվամիջոցներ նշել են, որ այս ապրանքը նման է Վիքիպեդիային և այն անվանել են Վիքիպեդիայի մրցակից[1][2]։
2008 թվականին տարբեր լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ Վիքիպեդիայի թրաֆիկի մեծ մասը գալիս է Գուգլ որոնողական համակարգից[3]։
2010 թվականի փետրվարին Գուգլ ընկերությունը Վիքիմեդիա հիմնադրամին տրամադրել է 2,000,000 ԱՄՆ դոլարի չափով առաջին դրամաշնորհը[4][5]։ Գուգլի հիմնադիր Սերգեյ Բրինը մեկնաբանել է, որ «Վիքիպեդիան համացանցի մեծագույն հաղթանակներից մեկն է»[4]։
2018 թվականի մարտին ՅուԹյուբը հայտարարել է, որ Վիքիպեդիայից տեղեկատվություն է օգտագործելու իր հարթակի վրա տեսանյութերում ապատեղեկատվության տարածման խնդիրը լուծելու համար[6]։
2019 թվականի հունվարին Գուգլը 3 միլիոն դոլար է նվիրաբերել Վիքիմեդիա Հիմնադրամին[7][8][9][10]։
2012 թվականի մայիսին Գուգլը «knowledge graph» անվանմամբ ֆունկցիա է ավելացրել՝ որոնողական համակարգի արդյունքները բարելավելու համար։ Knowledge Grap-ից ստացված տեղեկատվությունը ներկայացված է ուղղանկյունի տեսքով, որը Գուգլն անվանել է «գիտելիքների վահանակ» (անգլ.՝ knowledge panel) և գտնվում է որոնման արդյունքներից աջ (բջջային սարքի դեպքում՝ վերևում)։ Այս տեղեկաքարտում ներկայացված տեղեկատվության մեծ ծավալը վերցված է Վիքիպեդիայից, ինչպես նաև ԿՀՎ-ի համաշխարհային փաստագրական ժողովածուից և Վիքիտվյալներից։