Դերասան | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաբլո Պիկասո[1] |
տարի | 1904[1] |
բարձրություն | 196 սանտիմետր |
լայնություն | 115 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Դերասան» (ֆր.՝ L'Acteur), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը՝ վրձված յուղաներկով Փարիզում 1904-1905 թվականների ձմռանը՝ վարդագույն շրջանի սկզբում։ Պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։ Նկարի չափսերն են՝ 196,2 × 115,3 սմ[2]։
1904 թվականին Պիկասոն հանգրվանել էր Մոնմարտր աղքատ թաղամասում՝ նկարիչների, թափառաշրջիկ կրկեսի դերասանների և փողոցային արտիստների շրջանում։ Նա ապրում էր բոհեմական հանրակացարանում՝ Ռավինյան փողոցի թիվ 13 տանը։ Գետային բեռնանավերի հետ (որոնց վրա լվացվում էր լվացքը) արտաքին նմանության պատճառով շենքը անվանում էին Բատո-Լավուար (նավ- լվացքատուն)։ Այստեղ Պիկասոն հանդիպել է Ֆերնանդ Օլիվիեին՝ բարձրահասակ և մռայլ մի աղջկա, որը դարձել է նրա առաջին մեծ սերը[3]։ Ֆերնանդայի հետ կյանքը աստիճանաբար դուրս է մղել կապույտ շրջանի մռայլ գույները։ Պիկասոն վերջապես հաղթահարել է դեպրեսիան։ Նրա պալիտրայում հայտնվել են վարդագույն և ոսկեգույն-մոխրագույն երանգներ։ Նկարների նոր հերոսներ են դարձել թափառող կատակերգակները, կրկեսային ակրոբատները և ատլետները։
Նկարում պատկերված է դերասանը՝ վարդագույն տրիկոյով և կապույտ կիսագուլպաներով։ Նա կանգնած է թիկունքով դեպի հանդիսատեսը։ Նրա գլուխը շրջված է դեպի աջ, բերանը կիսաբաց է։ Դերասանը ինչ-որ բան է ասում, հնարավոր է՝ բանաստեղծություն։ Նրա մեծ աչքերը տեղադրված են սև հոնքերի տակ։ Գեղանի երկարավուն կազմվածքը և ձեռքերի անսովոր խաղը հիշեցնում են «կապույտ շրջանի» աշխատանքները, որոնք իրենց ոճով նման էին իսպանացի նկարիչ Էլ Գրեկոյի նկարներին։
Նկարի առաջին սեփականատերն Է դարձել Պիկասոյի ընկերը՝ ֆրանսո-ամերիկյան հարուստ նկարիչ Ֆրենկ Բյորթի Հավիլանդը։ Այնուհետև այն ձեռք է բերել գերմանացի արդյունաբերող Պոլ Լեֆմանը։ 1938 թվականին նրա ընտանիքը ստիպված էր ֆաշիստական Գերմանիայից փախչել նախ Իտալիա, ապա՝ Շվեյցարիա։ Լեֆմանը փողի կարիք է ունեցել և կտավը 12 000 դոլարով վաճառել Է Պիկասոյի դիլերներին։ 1952 թվականին կտավը Մետրոպոլիտեն թանգարանին է հանձնել ամերիկյան ավտոմոբիլային մագնատ Ուոլթեր Քրայսլերի ժառանգորդ Թելմա Քրայսլեր Ֆոյը[2]։
2010 թվականին Մետրոպոլիտեն թանգարանի այցելուն, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է հենց նկարի վրա, ինչի հետևանքով կտավի ստորին աջ անկյունում մոտ 15 սանտիմետր երկարությամբ պատռվածք է առաջացել։ Նկարը ուղարկվել է վերանորոգման։ Հենց այդ ժամանակ էլ փորձագետները ներկի շերտի տակ մեկ այլ աշխատանք են հայտնաբերել՝ բնապատկեր ջրով, ժայռերով և մարդու կերպարանքով։ Բնապատկերը արված էր մեկ այլ նկարչի, ամենայն հավանականությամբ, Պիկասոյի ժամանակակիցներից մեկի կողմից[2]։