Էլենա Սիլվիա Ռոխեր (հոկտեմբերի 27, 1974(1974-10-27)[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի դերասանուհի, որը 2009 թվականին «Պիաֆ» պիեսում խաղացած Էդիթ Պիաֆի դերի համար արժանացել է Լորենս Օլիվյեի մրցանակի[4]։ Հանդես է եկել նաև Լոնդոնի Ուեստ Էնդյան թատրոններում բեմադրված «Էվիտա» մյուզիքլում, «Բոինգ-Բոինգ» ներկայացման մեջ ու «Կիրք» մյուզիքլում[5]։
Նախքան «Էվիտա»-յի Ուեստ Էնդյան վերաբեմադրության մեջ Էվա Պերոնի դերն ստանալը Ռոխերն իր հայրենի Բուենոս Այրեսում հաջողակ դերասանուհի էր[6]։ 1997 թվականին Yo Que Tu Me Enamoraba-ում իր աշխատանքի համար ներկայացվել է Տրինիդադ Գուեվարա մրցանակին՝ որպես լավագույն դերասանուհի[7]։ Շարունակել է նկարահանվել «Ինը» , «Հուդինի», «Գեղեցկուհին և Հրեշը» և «Ջութակահարը տանիքին» մյուզիքլներում, ինչպես նաև «Թշվառները» մյուզիքլում կատարել է Ֆանտինայի դերը, իսկ «Շաբաթ երեկոյան տենդ» մյուզիքլում հանդես եկել որպես Անետա[7]։ 2002/2003 եթերաշրջանում Jazz, Swing, Tap մյուզիքլում իր դերակատարման համար նրան ներկայացրել են կաբելային հեռուստատեսության ACE մրցանակին «Մյուզիքլի լավագույն դերասանուհի» անվանակարգում[8]։ Հաջորդ եթերաշրջանում գլխավոր դերով հանդես է եկել Mina...che cosa sei? շոույում, որի ռեժիսոր Վալերիա Ամբրոսիոյի հետ նաև շոույի համահեղինակն էր[9]։ Այս ներկայացման համար արժանացել է ACE մրցանակին որպես մյուզիքլի լավագույն դերասանուհի[10]։ Հանդես է եկել նաև մի շարք արգենտինյան հեռուստանախագծերում, այդ թվում՝ Hombres de Honor,Pensionados և El sodero de mi vida[11]։ Կարճատև ճամփորդությամբ եղել է Եվրոպայում Tango por Dos ծրագրի շրջանակներում[12]։
2006 թվականին «Էվիտա»-յի Ուեստ Էնդյան վերաբեմադրության համար Բուենոս Այրեսում աշխատանքներ տանելիս Էնդրու Լլոյդ Ուեբերի աշխատակիցներից մեկը տեսել է Ռոխերի դերախաղն ու նրան առաջարկել գլխավոր դերի համար[5]։ Մի շարք լսումներից հետո նրան հանձնարարվել է Էվա Պերոնի դերը, որը նա կատարել է շռնդալից հաջողությամբ[6]։ 2007 թվականին Ադելֆի թատրոնում իր դերակատարման համար առաջադրվել է Լորենս Օլիվյեի մրցանակի «Մյուզիքլում լավագույն դերասանուհի» անվանակարգում, բայց մրցանակն ստացել է Ջենա Ռասելը «Կիրակին զբոսայգում Ջորջի հետ» ներկայացման մեջ իր խաղացած դերի համար[13]։ Հետո Ռոխերը հանդես է եկել լոնդոնյան բեմում «Բոինգ-Բոինգ» հիթ ներկայացման մեջ որպես Գաբրիելա, որի ռեժիսորը Մեթյու Վարչուսն էր[14]։ 2008 թվականին Դոնմար Ուերհաուս թատրոնում բեմադրված «Պիաֆ» ներկայացման մեջ Ռոխերը խաղացել է գլխավոր դերը և ևս մեկ անգամ արժանացել քննադատների գովասանքին[15]։ Ներկայացումը տեղափոխվել է ավելի մեծ Վոդեվիլ թատրոն[16] և 2009 թվականին Ռոխերն արժանացել է Լորենս Օլիվյեի մրցանակի՝ որպես մյուզիքլի լավագույն դերասանուհի[4]։ «Պիաֆ» ներկայացմամբ անցել է միջազգային շրջագայություն, որի մեջ մտնում էր նաև Բուենոս Այրեսը[6]։ Բուենոս Այրես վերադարձի ընթացքում կարճ ժամանակով վերաբեմադրել է իր կատարումները Mina...che cosa sei? -ում[6]։ 2010 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 21-ը Ստիվեն Սոնդհայմի ու Ջեյմս Լափայնի «Կիրք» մյուզիքլում Ռոխերը կատարել է Ֆոսկայի դերը[17]։ 2011 թվականի փետրվարի 7-ին հայտարարվել է, որ Ռոխերը երրորդ անգամ է արժանացել Լորենս Օլիվյեի մրցանակի՝ որպես մյուզիքլի լավագույն դերասանուհի[18]։
Ռոխերին կարելի է լսել Mina...che cosa sei? [19] և Evita ալբոմներում (2006 թվականի լոնդոնյան վերաբեմադրություն և 2012 թվականի բրոդվեյյան վերաբեմադրություն)[20][21]։ Նաև ձայնագրել է երկու սոլո ալբոմ․ Vientos Del Sur-ը և Բուենոս այրեսում կենդանի ձայնագրված Recorriendo el Rock Nacional (Nueva Edi) ալբոմը[22]։
Ռոխերը վերադարձել է Բրոդվեյում վերաբեմադրված «Էվիտա»-ում Էվա Պերոնի դերին, որի առաջին ներկայացումը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլին Մարքիզ թատրոնում։ Բեմադրության ռեժիսորը Մայքլ Գրանդաժն էր, խորեոգրաֆը՝ Ռոբ Էշֆորդը, հանդես էին գալիս նաև Ռիկի Մարտինը՝ որպես Չե և Մայքլ Սերվերիսը՝ որպես Խուան Պերոն։ Քննադատներից ոմանք պնդում էին, որ նրա ձայնը «չափազանց քնքուշ է Էվա Պերոնին ներկայացնելու համար», մյուսներն էլ այն կարծիքի էին, որ «Ռոխերը նշանավոր դերասանուհի է» և «ունի այն աստղային որակները, որոնց մասին երգում է Էվիտան»[23]։
↑I Felt the Song Was Mine, Guardian News and Media Limited, 2006 թ․ մայիսի 29, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին
↑Oliviers:Olivier Winners 2007, officiallondontheatre.co.uk, 2008 թ․ ապրիլի 23, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 21-ին, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին{{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)