Էլզի Մորիսոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 15, 1924[1] Բալլարատ[1] |
Երկիր | Ավստրալիա |
Մահացել է | ապրիլի 5, 2016 (91 տարեկան) Պրահա, Չեխիա |
Ժանրեր | օպերա և օրատորիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երաժշտության թագավորական քոլեջ և Ballarat Clarendon College? |
Ամուսին | Ռաֆայել Կուբելիկ |
Պարգևներ |
Ավստրալիայի շքանշանակիր Էլզի Ջին Մորիսոն (անգլ.՝ Elsie Morison, օգոստոսի 15, 1924[1], Բալլարատ[1] - ապրիլի 5, 2016, Պրահա, Չեխիա), ավստրալիացի օպերային սոպրանո։
Ծնվել է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Բալլարատ քաղաքում, Ալեքսանդր և Էլզի Մորիսոնների ընտանիքում[3]։ Մանկության և դեռահասության տարիներին հետաքրքրվել է դաշնամուրով, սակայն իր մայրը, որը երգեցողության ուսուցչուհի էր, խրախուսել է դստերը վոկալ կրթություն ստանալ[3]։ Ուսանել է հայրենի քաղաքի Կլարենդոնյան աղջիկների քոլեջում, որից հետո՝ 1943-1945 թվականներին, Մելբուռնի «Albert Street» կոնսերվատորիայում[3]։ Նրա դասախոսների թվում էր նաև Անգլիայից հրավիրված Քլիվ Քերին, որի մոտ էլ 1947-1948 թվականներին ուսումը շարունակել է Լոնդոնի Երաժշտության թագավորական քոլեջում[3]։
Երաժշտության թագավորական քոլեջում ուսանելիս 1945 թվականին արժանացել է տիկին Նելլի Մելբայի անվան կրթաթոշակին, իսկ 1947 թվականին՝ թագուհու մրցանակին[3]։ 1948 թվականին Ալբերտ թագավորական սրահում Հենդելի «Ացիս և Գալատեա» օպերայում հանդես է եկել դեբյուտով, իսկ նույն թվականի աշնանը՝ անդամագրվել Անգլիական ազգային օպերային թատրոնին և մինչև 1954 թվականը կանոնավոր հանդես եկել այնտեղ։ Էդինբուրգում 1953 թվականին կատարել է Էնն Թրուլովի դերերգը Իգոր Ստրավինսկու «Ստահակի առաջընթացը» օպերայի բրիտանական առաջին բեմադրության ժամանակ, որով հաջորդ տարի հանդես է եկել նաև Գլայնդբորնյան օպերային փառատոնում։ 1953 թվականին Կովենտ գարդեն արքունական թատրոնում Պուչինիի «Բոհեմ» օպերայից Միմիի դերակատարմամբ ուշագրավ դեբյուտից հետո կանոնավորապես երգել է այնտեղ մինչև 1962 թվականը։ Հանդիսատեսին հիացնում էր դերակատարման նրա հուզիչ անկեղծությունն ու ձայնի լիրիկական ջերմությունն այնպիսի դերերում, ինչպիսիք էին՝ Սուսաննան «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից, Պամինան «Կախարդական սրինգը» օպերայից, Մարցելինը «Ֆիդելիո» օպերայից, Միքայելան «Կարմենից», Անտոնիան «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Մարենկան «Վաճառված հարսնացուն» օպերայից և Բլանշը Ֆրանսիս Պուլենկի «Կարմելիտների երկխոսությունները» օպերայի՝ 1958 թվականի բրիտանական պրեմիերայի ժամանակ։ 1955 թվականին Ուելսի ազգային օպերային թատրոնում մարմնավորել է Արվել Հուգեսի «Մեննա» օպերայի գլխավոր հերոսուհուն։
Օրատորիայի կատարումներով հանդես է եկել Դանիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում ու Միացյալ Թագավորությունում։
Իր բազմաթիվ ձայնագրություններց Հենրի Պյորսելի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի և Մայքլ Տիպետի «Մեր ժամանակի երեխան» օրատորիան արտացոլում են նրա երգեցողության նրբագեղությունն ու արտահայտչականությունը։ Ամբողջությամբ ձայնագրել է նաև Յոհաննես Բրամսի «Liebeslieder Waltzes, Opp. 52 և 65» օպերաները Մարջորի Թոմասի, տենոր Ռիչարդ Լուիսի ու Դոնալդ Բելլի մասնակցությամբ ու Վիտյա Վրոնսկու և Վիկտոր Բաբինի նվագակցությամբ։
1955 թվականին արժանացել է Պորտուգալիայի «Հանրային կրթության շքանշանին»։ 1985 թվականին նրա նախկին դպրոցում բացվել է «Էլզի Մորիսոնի անվան ստեղծագործ արվեստների կենտրոնը», իսկ 1999 թվականին արժանացել է Ավստրալիայի շքանշանին[3]։
Առաջին ամուսինը եղել է բրիտանացի բաս երգիչ Քեննեթ Ստեվենսոնը[4]։ 1963 թվականին ամուսնացել է չեխ դիրիժոր Ռաֆայել Կուբելիկի հետ, որի առաջին կինը՝ ջութակահարուհի Լյուդմիլա Բերտովան, մահացել էր 1961 թվականին։ Ամուսնանալուց հետո որոշել է թողնել երգելը, սակայն հանգստի անցնելուց հետո մերթ ընդ մերթ ելույթներ է ունեցել, օրինակ՝ 1968 թվականին Մելբուռնում տեղի ունեցած համերգին, որի դիրիժորն իր ամուսինն էր, և իր մայրը նույնպես գտնվում էր հանդիսատեսի շարքերում[5]։
Վախճանվել է Պրահայում 2016 թվականի ապրիլի 5-ին, 91 տարեկան հասակում[5][6][7]։
|