Էլ Տեպոստեկո El Tepozteco | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | հնագիտական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ճարտարապետական ոճ | ացտեկական |
![]() | |
![]() | |
19°00′03″ հս․ լ. 99°06′04″ ամ. ե.HGЯO | |
![]() | |
El Tepozteco at INAH |
Էլ Տեպոստեկո (իսպ.՝ El Tepozteco), հնագիտական վայր Մեքսիկայի Մորելոս նահանգում, որը պուլկե ալկոհոլային խմիչքի ացտեկական Տեպոստեկատլ աստծուն նվիրված փոքրիկ տաճար է[1]։
Մեզոամերիկյան ժամանակաշրջանում տարբեր պատշգամբաձև շինություններ և փոքր բուրգեր են կառուցվել դեպի նախակոլումբյան Տեպոստլան քաղաք բացվող Sierra de Tepoztlan լեռնաշղթայի գագաթներից մեկի վրա։ Տաճարի շուրջ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ուխտավորներ էին գալիս նույնիսկ Գվատեմալայից, չնայած որ Տեպոստեկատլ աստծո պաշտամունքը բնորոշ էր այս վայրին[1][2]։
Տաճարը գտնվում է տեղայնքի արևմտյան հատվածում։ Այն բաղկացած է 6,4 մետր բարձրությամբ հարթակից, որը սատարում է 3,3 մետր բարձրությամբ տաճարային հենքը[1]։ Տաճարն ունեցել է երկու սենյակ. առաջին սենյակն սկսվել է անմիջապես բուրգի աստիճաններից, մուտքի երկու կողմերում եղել են սյուներ։ Այս սենյակի կենտրոնում փոքրիկ խոռոչ է հայտնաբերվել, որը պարունակել է փայտածուխի և ածուխի հետքեր[1][3]։ Ներսի փոքրիկ առանձնասենյակի մուտքի երկու կողմերում կրկին սյուներ են։ Տեպոստեկատլ աստծու արձանիկը հավանաբար պահվել է այս սենյակում[1][3]։
Պատմության ընթացքում տաճարը բազմիցս ենթարկվել է փոփոխությունների, նեղացվել է ներքին սենյակի մուտքը[1][3], ավելացվել են քարե նստարաններ, քիվեր, որոնց վրա կան ացտեկների ծիսական օրացույցից խորաքանդակներ[1]։
Պատշգամբաձև շինությունների արևելյան կողմում կառուցվել են կացարաններ տեղի քահանաների և նրանց օգնականների համար[1]։
Տաճարի ավերակների միջից հայտնաբերվել են գլիֆներով երկու քարեր, որոնցից մեկի վրա գրված է ացտեկների 8-րդ կայսեր՝ Աուիսոտլի անունը, մյուսի վրա՝ մեզոամերիկյան օրացույցով՝ «10 ճագար» (ացտեկների օրացույց՝ 10 Rabbit = 1502)։ Այս ամսաթիվը ներկայացնում է մեր թվագրության 1502 թվականը, երբ այս կայսրը մահացել է։ Որոշ հնագետներ եկել են այն եզրակացության, որ սա տաճարի կառուցման տարին է, մյուսները վկայում են, որ այդ քարերն ավելացվել են հետագայում՝ ի հիշատակ Աուիսոտլի կայսեր[1]։ Որոշ գլիֆներ ներառում են փիրուզագույն թագեր, վահաններ, որից հետազոտողները եզրակացրել են, որ նստարանները կառուցել են 1452 թվականից հետո[1][4]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլ Տեպոստեկո կատեգորիայում։ |