Էրդողանիզմ, վերաբերում է Թուրքիայի ներկայիս նախագահ և նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական գաղափարներին և օրակարգին, որը վարչապետ է դարձել 2003 թվականին և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2014 թվականին նախագահի պաշտոնում ընտրվելը։ Խարիզմատիկ հեղինակության շնորհիվ էրդողանիզմը նկարագրվել է որպես «քեմալականության ժամանակներից ի վեր Թուրքիայի ամենաուժեղ երևույթ»։ Այն ամբողջ երկրում լայն աջակցություն է վայելել[1] մինչև 2018 թվականի թուրքական տնտեսական ճգնաժամը, որը Էրդողանի վարկանիշի զգալի նվազում է առաջացրել[2][3]։ Նրա գաղափարական արմատները սկիզբ են առնում թուրքական պահպանողականությունից, և նրա առավել գերակշռող քաղաքական հետևորդը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, որը Էրդողանը հիմնել է 2001 թվականին։
Որպես պահպանողական ժողովրդավարության անձնավորված տարբերակ՝ էրդողանիզմի առանցքային գաղափարներն իրենց մեջ ներառում են կրոնից ոգեշնչված, ուժեղ կենտրոնացված ղեկավարություն, որը հիմնված է հիմնականում ընտրական համաձայնության և իշխանությունների բաժանման ու ինստիտուցիոնալ զսպումների ու հակակշիռների վրա[4]։ Քննադատները հաճախ անդրադարձել են Էրդողանի քաղաքական հայացքներին՝ անվանելով այն ավտորիտար և բռնապետական։ Էրդողանի նախընտրական հայացքները օտարերկրյա առաջնորդների կողմից, ինչպիսիններից է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաճախ նկարագրվում են որպես ոչ լիբերալ ժողովրդավարություն[5][6]։
Էրդողանիզմը նույնպես գտնվում է «Նոր Թուրքիա» ստեղծելու ձգտման խիստ ազդեցության տակ․ այն հեռանում է Թուրքիայի Հանրապետության քեմալական հիմնարար սկզբունքներից և վերացնում ամրագրված սահմանադրական առանցքային գաղափարները, որոնք հակասում են Էրդողանի տեսլականին, ինչպիսիք են աշխարհիկությունը[7]։ Էրդողանի կողմնակիցները հաճախ կոչ են անում վերականգնել Օսմանյան կայսրության մշակութային ու ավանդական արժեքները և քննադատում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնած արևմտամետ սոցիալական բարեփոխումներն ու արդիականացումը։ Էրդողանի նկատմամբ լայն աջակցությունը հիմնականում բխում է Էրդողանի շուրջ անձի պաշտամունքի զարգացումից, ինչպես նաև խարիզմատիկ հեղինակության գերակայությունից։ Էրդողանի դերը, որը անձնավորված է որպես թուրքական պահպանողական արժեքների անհատական ներկայացուցիչ, դրսևորվել է Թուրքիայում նախագահական ընտրությունների նախընտրական ակնառու կարգախոսների տեսքով, ինչպիսիք են «Ազգի մարդը», որը թուրքերեն թարգմանվել է որպես «Milletin Adamı»:
«Էրդողանիզմ» տերմինն առաջին անգամ հայտնվել է 2011 թվականի համընդհանուր ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո, որտեղ նա առավելապես նկարագրվում էր որպես «Արդարություն և զարգացում» կուսակցության լիբերալ տնտեսական և պահպանողական ժողովրդավարական գաղափարների կրող, որոնք խառնված էին Էրդողանի դեմագոգիայի և անձի պաշտամունքի հետ[8]։ Այդ տերմինի օգտագործումն ուժեղացել է, ինչը կապված է համաշխարհային ասպարեզում Էրդողանի մեծ ճանաչման հետ։ Տերմինը մեծ ճանաչում է գտել հատկապես նեոօսմանիզմի պատճառով, ինչը Էրդողանիզմի առանցքային գործոններից մեկն է և որի վրա էլ հիմնված է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը[9]։
Ամերիկյան «Foreign Policy» լրատվական պարբերականը էրդողանիզմը բնութագրել է որպես գաղափարախոսություն, որի հիմքում Էրդողանի շուրջ ձևավորվող անձի պաշտամունքն է՝ այն անվանելով պոպուլիստական ավտորիտարիզմի ձև, որը նման է Ռուսաստանում իշխող պուտինիզմին։ «Foreign Policy» պարբերականը էրդողանիզմի հիմնական ատրիբուտներից է համարում նեոօսմանիզմը (Օսմանյան կայսրության փառաբանում), իսլամիզմը, Մերձավոր Արևելքում աևմտյան քաղաքական միջամտության նկատմամբ կասկածամտությունը, քեմալականության մերժումը և ժողովրդավարական գործընթացի և ընտրությունների սահմանափակումը[10]։
Թեև էրդողանիզմի տարրերը, հատկապես նրա կողմնակիցների կողմից օգտագործվող քաղաքական հռետորաբանությունը, ոգեշնչված էին իսլամիզմով, Էրդողանին շրջապատող անձանց անձի հսկայական պաշտամունքը, ինչպես պնդում են, մեկուսացրել է արմատական իսլամիստներին, որոնք թերահավատորեն են վերաբերվում պետական քաղաքականության մեջ նրա գերիշխանությանը։ Էրդողանի կենտրոնական և համապարփակ իշխանությունը՝ էրդողանիզմի կենտրոնական թեման, քննադատության է ենթարկվել իսլամիստների կողմից, որոնք կարծում են, որ հետևորդների նվիրվածությունը պետք է լինի ոչ թե առաջնորդի, այլ ավելի շուտ Ալլահի և իսլամի ուսմունքի նկատմամբ[11]։ Այսպիսով, Էրդողանի համապարփակ գերիշխանությունը նպաստել է իսլամիստական քննադատությանը․ նրան քննադատել են հատկապես իսլամիստական կուսակցությունները, որոնցից է «Երջանկություն» կուսակցությունը, որոնք պնդում են, որ էրդողանիզմը հիմնված չէ իսլամիզմի վրա, այլ դրա փոխարեն հիմնված է ավտորիտարիզմի վրա և կրոնական հռետորաբանություն է օգտագործում՝ պահպանողական կողմնակիցների շրջանում հասարակական աջակցությունը պահպանելու համար[12][13]։
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)