Թազիե արաբ․՝ تعزية | |
---|---|
Տեսակ | Ցավակցություն, թատերական ժանր, Պատմական վերակառուցում, ծիսակատարություն և Սփոփում |
Ta'zieh Վիքիպահեստում |
Թազիե (արաբ․՝ تعزية - ցավակցում), իսլամում հանգուցյալ մարդու ընտանիքին և բանրեկամներին ցավակցում։ Շիա իսլամում այն համարվում է կրոնական միստերիա, Մուհամմեդ մարգարեի «մարտիրոսաբար» մահացած թոռան` Հուսայն իբն Ալիի հիշատակին ներկացվող թատերական բեմադրություն։
Ցանկալի է ցավակցությունը հայտնել հանգուցյալի մահից առաջին երեք օրվա և երեք գիշերվա ընթացքում։ Ավելի ուշ ցավակցություն հայտնելը թույլատրվում է այն դեպքերում, եթե ցավակցող մարդիկ այդ ժամանակ եղել են ճանապարհին կամ տարբեր պատճառներով ուշ են իմացել մարդու մահվան մասին[1]։ Սուննի բոլոր մազհաբներում, բացառությամբ մալիքիականի, ցանկալի չէ (մակրու) ցավակցություն հայտնել ավելի քան մեկ անգամ։
Թազիեն կատարվում է հանգուցյալի ընտանիքին մխիթարելու համար։ Հանգուցյալի մերձավորներին հիշեցնում են համբերության մասին (սաբր) և այն մասին, որ կյանքն ու մահը տեղի են ունենում Ալլահի կամքով։ Մուհամմեդ մարգարեի հադիսում ասվում է, որ «անթույլատրելի է, որ կինը, ով հավատում է Ալլահին և Ահեղ դատաստանի օրվան, երեք օրից ավելի սգա հանգուցյալի համար, եթե իհարկե, հանգուցյալը նրա ամուսինը չէ, որի դեպքում սուգը պահպավում է չորս ամիս և տասն օր»[2][3]։ Կարևոր է համարվում հուղարկավորությունից (ջանազա) հետո ցավակցություններ հայտնելը, երբ հանգուցյալի մտերիմներն առավել շատ են մենակություն զգում և աջակցության կարիք ունեն։ Ցավակցել կարելի է տանը կամ մզկիթում, սակայն գիշերել հանգուցյալի տանը, երբ ցավակցություններն արտահայտվում են նրա տանը, Իսլամում դատապարտվում է[4]։
Ցավակցելիս մուսուլմանին ասում են. «Ա'զամալ-լահու աջրակյա վա ահսանա 'ազա-'ակյա վա գաֆարա լիմայ-յիտիկյա» (թարգմանաբար նշանակում է. «Թող Ամենազոր Ալլահն օրհնի քեզ, թող բարձրացնի քեզ և թույլ տա դիմանալ կորստին։ Թող ների հանգուցյալի մեղքերը»)։ Եթե հանգուցյալը ոչ մուսուլման է (կաֆիր), իսկ ցավակցություն հայտնողը մուսուլման է, ապա ասում են. «Ա'զամալ-լահու աջրակյա վա ահսանա 'ազա-'ակա»։ Իսկ եթե հանգուցյալը մուսուլման է, իսկ ցավակցողը՝ ոչ մուսուլման, ապա ասում են. «Ահսանալ-լահու 'ազա-'ակա վա գաֆարա լիմայ-իտակյա»։ Պատճառը, թե ինչու են մարդկանց տարբեր կատեգորիաներ տարբեր բառեր արտասանում այն է, որ շարիաթն արգելում է ոչ մուսուլման հանգուցյալին աղաչանք ասել (դուա)[4]։
Շիա իսլամում` թազիեն կրոնական գաղտնածիսություն է, թատերականացված ներկայացում՝ ի հիշատակ Հուսեյն իբն Ալիի «նահատակության» (10 հոկտեմբերի, 680 թ.): Թազիեն կատարվում է մուհարամ ամսվա առաջին տասը օրերին։ Շիական ավանդույթի համաձայն՝ Հուսեյնի մահից անմիջապես հետո սկսվել են հատուկ «սգո հավաքներ» (մաջալիս ան-նիյահա)։ Ըստ Ալ-Յակուբիի, ի նշան իրնց դավաճանության համար ապաշխարության, քուֆիացիները Հուսեյնի գերևարված ազգականներին դիմավորել են լացով եւ ինքնախարազանմամբ, իսկ Մեդինա վերադառնալու ճանապարհին «Սուրբ ընտանիքի» ներկայացուցիչներն իրենց թիկնապահներին համոզել են կանգ առնել Քարբալայի մոտ։ Այնտեղ առաջին անգամ ղբերգական իրադարձության 40-րդ օրը կազմակերպվել է առաջին լացուկոծը[5]։
Օմեյադների ժամանակ Հուսեյնի և նրա հետևորդների ամենամյա հիշատակումն անցկացվել է Մեդինայում շիա իմամների տներում։ Սկզբում Աբբասյանները նույնիսկ խրախուսում էին սգո արարողությունների բաց անցկացումը, սակայն ալ-Մութավակիլը (847-861) թազիեն արգելեց։ Բուվայհիների ժամանակ թազիեն Իրաքում պաշտոնական տոնի կարգավիճակ է ստացել։ 963 թվականին Բաղդադում առաջին անգամ հանդիսավորությամբ տոնվել է թազիեն։ Թազեյի տոնակատարության ավանդույթը հայտնվել Է Սիրիայում Համդանիդների օրոք, Եգիպտոսում՝ Ֆաթիմիդների օրոք, Իրանում՝ Սեֆևիդների օրոք[5]։
Առաջին անգամ «ժողովները» տեղի են ունեցել ահլ ալ-բայթի անդամների տներում, ավելի ուշ՝ շիա սրբավայրերում։ 9-րդ դարում հայտնվում են պրոֆեսիոնալ «լացողները» և «հաղորդավարները»։ 10-րդ դարի սկզբին Բաղդադում, Հալեպում եւ Կահիրեում հայտնվել են հատուկ տներ՝ թազիե (հուսեյնիա) անցկացման համար[5]։
Տոնակատարությունը սկսվում է պատվավոր շիաների տներում, ապա տեղափոխվում է հուսեյնիա կամ այլ հանրային վայրեր։ Այնտեղ բանաստեղծորեն-թատերականացված ձևով վերարտադրվում է Հուսեյնի ջոկատի ուղևորությունը Մեդինայից Իրաք։ Բացի այդ, շիաներն անցկացնում են «տնային ողբեր», որոնք կարող են կազմակերպվել տանը տարվա ցանկացած ժամանակ[5]։
Թազիեն սկսվում է մոլլա-ռոուզեխանի բացման քարոզից, որը նախատեսված է հանդիսատեսի մոտ պատշաճ տրամադրություն ստեղծելու համար։ Քարոզն ավարտվում է տղաների երգչախմբի երգով, որի ժամանակ հանդիսատեսի առջևով անցնում են մարդիկ, որոնք բռունցքներով ու քարերով հարվածում են իրենց կրծքին։ Այնուհետև սկսվում է բուն ներկայացումը, որտեղ վերարտադրվում են դրվագներ Հուսեյնի և նրա մերձավորների մահվան պատմությունից և կյանքից։ Ներկայացումն ուղեկցվում է ողբերգական իրադարձությունների մասին պոեմների ընթերցումով[5]։
Թազիեյի բովանդակությունն ու ձևավորումն արդյունավետ ծառայում է շիաիզմի գաղափարների քարոզչությանը, որի հիմնական դոկտրինը բարձրագույն իշխանության (իմամաթի) ժառանգությունն է ալիդների շրջանում[5]։ Ներկայումս Իրանում թազիեն օգտագործվում է նաև քաղաքական նպատակներով[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թազիե» հոդվածին։ |
|