![]() | |
![]() Թուրքիա |
![]() Ղազախստան |
Թուրք-ղազախական հարաբերություններ, երկկողմանի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի և Ղազախստանի միջև։
1991 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Նուրսուլթան Նազարբաևի կողմից «Ղազախստանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական օրենքի ստորագրումից 20-30 րոպե անց, Թուրքիան դարձավ առաջին պետությունը, որը ճանաչեց Ղազախստանի անկախությունը[1]։ Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մարտի 2-ին։ 1992 թվականի ապրիլի 21-ին Ղազախստանում Թուրքիայի առաջին դեսպան Արգուն Օզփայն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Թուրքական դիվանագիտական առաքելությունը դարձել է Ղազախստանում առաջին օտարերկրյա ներկայացուցչությունը[2]։
Երկրների միջև ակտիվորեն զարգանում էին տնտեսական հարաբերությունները։ Թուրքիայի կողմից Ղազախստանում ուղղակի ներդրումները 1993 թվականից մինչև 2009 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում կազմել են ավելի քան 800 միլիոն դոլար[1]։
1993 թվականին Նուրսուլթան Նազարբաևը նախաձեռնեց թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (ԹՅՈՒՐՔՍՈՅ) ստեղծումը՝ նպատակ ունենալով վերականգնել թյուրքալեզու ժողովուրդների միջև մշակութային, հումանիտար և հոգևոր կապերը և միջազգային մակարդակով տարածել թյուրքական մշակույթը։ ԹՅՈՒՐՔՍՈՅ-ի կազմում ընդգրկվել են բոլոր անկախ թյուրքալեզու պետությունները (Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Թուրքիա և Ուզբեկստան), որպես դիտորդ՝ Ալթայի Հանրապետությունը, Բաշկորտոստանը, Գագաուզիան, Խակասիան, Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետությունը, Յակուտիան, Թաթարստանը և Տիվան[2][3]։
2008 թվականին Նազարբաևի նախաձեռնությամբ ստեղծվել է թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը, որին անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան[2][3]։
2009 թվականի հոկտեմբերին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր[4]։
2010 թվականին Անկարայում կանգնեցվեց Նուրսուլթան Նազարբաևի արձանը։ 2017 թվականին Անկարայում փողոց է անվանակոչվել ի պատիվ ղազախական ժիրաու Ջամբուլ Ջաբաևի։ 2018 թվականին Անկարայում բացվել է Մագժան Ժումաբաևի հուշարձանը, Աբայ Կունանբաևի անունն է տրվել Ստամբուլի դպրոցներից մեկին[2]։
2012 թվականի մայիսին ստեղծվեց ղազախ-թուրքական ռազմավարական համագործակցության խորհուրդը[4]։
Ընդհանուր առևտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Թուրքական ընկերությունները ներդրումներ են կատարում սննդի, բժշկության և շինարարության ոլորտներում։ Թուրքիայում 2015 թվականի հունիսի դրությամբ ղազախական կապիտալի մասնակցությամբ 482 ընկերություն է եղել[4]։
Զարգանում են նաև համատեղ ծրագրերը կրթության ոլորտում։ Ղազախստանում բացվել են 2 համատեղ համալսարաններ՝ Թուրքիայում Հոջա Ահմեդ Յասավիի անվան միջազգային ղազախա-թուրքական համալսարանը և Ալմաթիի մարզի Սուլեյման Դեմիրելի անվան համալսարանը[2][3]։ Ղազախստանի տարածքում գործում էր նաև ղազախ-թուրքական լիցեյների ցանց։ 2010 թվականի մարտին Աստանայում բացվել է Յունուս Էմրեի անվան մշակութային կենտրոնը[5][6]։
2022 թվականին Ղազախստանն ու Թուրքիան ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել[7]։
1990-ական թվականների վերջին և 2000-ական թվականների սկզբին Թուրքիան օգնեց Ղազախստանին ազգային ռազմածովային ուժերի կայացման գործում։ Անհատույց հանձնվել են երկու դուրս գրված պարեկային մոտորանավակներ՝ «Ակտոբե» և «Նայզագայ» («Թյուրք»)[8][9]։ Բացի այդ, ղազախ նավաստիները սկսել են ուսուցում անցնել այդ երկրի ռազմածովային ուսումնական հաստատություններում[10]։
2023 թվականի հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ ավարտվել են Կասպից ծովում ծովային հարթակների կառուցման բանակցությունները ռազմական գործարանի և նավաշինարանի (ASFAT) և Ուրալի «Զենիթ» գործարանի միջև[11]։