Լեյլա Յունուս ադրբ.՝ Leyla Yunus | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան |
Մասնագիտություն | իրավապաշտպան, քաղաքական գործիչ և պատմաբան |
Ամուսին | Արիֆ Յունուսով |
Կուսակցություն | Ադրբեջանի ժողովրդական ճակատ, Unity Party? և Azerbaijan Social Democratic Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Leyla Yunus Վիքիպահեստում |
Լեյլա Յունուսովա Իսլամ կիզի (նաև օգտագործվում է ազգանվան Յունուս տարբերակը) (ադրբ.՝ Leyla Yunus, դեկտեմբերի 21, 1955, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան։ «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն[1]։
Ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմաբանական ֆակուլտետը[2]։ 1982 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Անգլիայի առևտրային էքսպանսիան Կասպից ծովի ավազանում 18-րդ դարի առաջին կեսին» թեմայով։ Ատենախոսությունը որպես մենագրություն հրապարակվել է 1988 թվականին[3]։ 1982-92 թվականներին աշխատել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմական գիտությունների բաժնում։
1989 թվականին Սումգայիթի ջարդերին նվիրված ցույցի ժամանակ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում, հակառակ պաշտոնական կառույցների Յունուսը նշել է՝ «Նրանք խուլիգաններ և ռեցեդեվիստներ չեն։ Նրանք հոկտեմբերյան և պիոներական կազմակերպությունների սաներ են։ Այս հանցագործներին դաստիարակել է ռեժիմը!»[1][4]:
1989-90 թվականներին եղել է այլախոհ «Էքսպրեսս-խրոնիկա» թերթի թղթակից[5]։
1989 թվականին եղել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի ստեղծողներից մեկը։ 1990 թվականին դուրս է եկել ժողովրդական ճակատից և Զարդուշտ Ալիզադեի հետ սկսել է գլխավորել Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը[6]։ 1992-93 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական-վերլուծական բաժինը[7]։
Հեյդար Ալիևի Ադրբեջանի նախագահ ընտրվելուց հետո Յունուսովան սկսեց զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։ 1995 թվականին հիմնել է Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը։ 2001 թվականին Յունուսովան հիմնել է Կանանց ճգնաժամային կենտրոն, որտեղ օգնություն է ստացել 18 հազար կին[7]։
2005 թվականին համագործակցել է հայկական ոչ կառավարական «Տարածաշրջան» կազմակերպության ղեկավար Լաուրա Բաղդասարյանի հետ։ 2012 թվականին Բաղդասարյանի հետ միասին ստեղծել է ադրբեջանա-հայկական վեբ կայք[8]։
Ամուսնացած է Արիֆ Յունուսով հետ։ Նրանց դուստրը՝ Դինարա Յունուսը ստիպված է եղել լքել Ադրբեջանը նրա հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո[9]։
2014 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում նշեց, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, որից հետո Լեյլա Յունուսովան Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացնում 134 ընդդիմադիրների անուններ, ովքեր գտնվում էին ադրբեջանական բանտերում[7]։
Ապրիլի 28-ին Լեյլա և Արիֆ Յունուսովաներին օդանավակայանում ձերբակալում են, իսկ նրանց տունը խուզարկվում է[9]։
2014 թվականի մայիսի 14-ին Բաքվում կայացած Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների մամուլի ասուլիսի ժամանակ նախագահներին հարց տրվեց լրագրող Ռուֆե Միրքադիրովի ձերբակալության և իրավապաշտպան Լեյլա Յունուսի դեմ հետապնդումների մասին, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանեց, որ Ադրբեջանում մարդու իրավունքների դրությունը «լավ է» և «ոչ ոք չի հետապնդվում իր քաղաքական հայացքների համար»[10][11]։ Իր հերթին Ֆրանսուա Օլլանդը պատասխանեց, որ Ֆրանսիան միշտ բարձրացնում է Լեյլա Յունուսովայի հարցը «ոչ նրա համար, որ նա ցանկանում է միջամտել ներքին գործերին, քանի որ նա ինքն է որոշակի արժեքների եւ սկզբունքների կրողը, իսկ ունենալ լավ հարաբերություններ, պետք է բարձրացնել բոլոր հարցերը»։ Այս ամենից հետո ֆրանսիացի նախագահը հանդիպեց Լեյլա Յունուսովայի և այլ քաղաքական ակտիվիստների հետ[12]։ Օլանդը Յունուսովային քաղաքացիական հասարակության անխոնջ պաշտպանության համար շնորհեց Պատվո լեգեոնի շքանշան[13]։ Amnesty International-ը Լեյլա և Արիֆ Յունուսներին ճանաչել է «խղճի բանտարկյալներ»[14]։
2014 թվականի հուլիսի 30-ին Լեյլա Յունուսովան և նրա ամուսինը ձերբակալվում են և մեղադրվում պետական դավաճանության ու Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու[15][16], նաև մեքենայության, հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու մեջ։ Ըստ Human Rights Watch կազմակերպության՝ այդ ձերբակալությունը Ադրբեջանում ընդդիմության, լրագրողների և իրավապաշտպանների դեմ սկսված հետապնդումների ալիքի գագաթնակետն է։ Ձերբակալությունը միանգամից քնադատությունների ալիք բարձրացրեց եվրոպացի քաղաքական գործիչների և իրավապաշտպանների շրջանում[7]։
Ըստ մեղադրանքի՝ Լեյլա Յունուսը հանդիսանալով «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» հիմնադիր, ստացել է օտարերկրյա դրամաշնորհներ, որոնք իբրև օգտագործել են հայկական հատուկ ծառայությունների օգտին «լրտեսական գործունեություն կատարողների նյութական վիճակի բարելավման նպատակով[14]։
Ըստ Լեյլա Յունուսի փաստաբանների՝ նա բանտում ծեծի է ենթարկվել մեկուսարանի աշխատակիցների կողմից, որից հետո փաստաբաններին մի քանի օր արգելվեց հանդիպել Յունուսի հետ[17][18]։
Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները Յունուսին ներկայացնում էին որպես «լրտես» և «թաքնված հայ»[7]։ Լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը իր հոդվածում Յունուս ամուսիններին բնութագրում է որպես «փաստացի հայեր»[19]։ Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն ասել է, որ Յունուսը «էգոիստ և անկուշտ, մեծ ամբիցիաներով կին է»[20]։
2014 թվականի հոկետմբերի 6-ին Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն Անդրեյ Սախարովի անվան մրցանակ է շնորհել բոլոր ադրբեջանցի քաղբանտարկյալներին, նրանց թվում առանձին նշելով Լեյլա Յունուսին[7]։
2015 թվականի օգոստոսի 13-ին ադրբեջանական դատարանը Լեյլա և Արիֆ Յունուսներին խարդախության, հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով դատապարտում է 8,5 և 7 տարիների ազատազրկման։ Իրավապաշտպան կազմակերպությունները և արևմտյան իշխանությունները քննադատեցին դատը` այն որակելով քաղաքական դատավճիռ և Յունուսի դեմ մեղադրանքները ուղղակիորեն կապեցին քաղաքացիական ազատությունների պաշտպանության բնագավառում նրա գործունեության հետ։ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսյորը նշել է, որ ինքը «ցնցված և վրդովված է դատավճռով» և Յունուսների գործը գնահատեց որպես «Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ ու համակարգային խնդիրների հերթական ապացույց»։ Human Rights Watch կազմակերպության ռուսական բաժանմունքի ղեկավար Տատյանա Լոկշինան դատը գնահատել է որպես «ծաղր արդարադատության բնագավառում»։ Ամուսիններին առաջադրված պետական դավաճանության մեղադրանքով սկսվել է առանձին վարույթ[21][22][23][24]։
Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը նշել է, որ հաշվի առնելով Ադրբեջանի դատական համակարգի թերությունները և այդ երկրում լրագրողների ու իրավապաշտպանների դեմ հետապնդումների աճի միտումները, դատավճիռը կարող է վերանայվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոմիսար Նիլ Մույժնիեկսը նույնպես քննադատել է Յունուս ամուսինների դատավճիռը[24]։
Եվրոպական Միությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Լեյլա և Արիֆ Յունուսներին, ինչպես նաև հաշվի առնել նրանց դեմ հարուցված գործը «վերանայել թափանցիկ և արդար կերպով», ավելացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Հայտարարության մեջ ասվում է, որ «Դատավճիռը հաստատում է Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների պահպանման բացասական միտումը կապված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ»[25]։
ԱՄՆ Պետական դեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ Յունուս ամուսիններին առաջադրված մեղադրանքները բոլոր տեսանկյուններից կապված է նրանց իրավապաշտպան գործունեության հետ, Պետդեպարտամենտը ևս կոչ է անում ազատ արձակել ամուսիններին[26]։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը դատական գործընթացը որակել է որպես «արդար և թափանցիկ» գործընթաց[22]։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատավճռի մասին հնչեցված քննադատությունները որակեց որպես կողմնակալ, աբսուրդային և երկակի ստանդարտների քաղաքականություն[27]։
2015 թվականի դեկտեմբերի 9-ին Բաքվի դատարանը քննելով բողոքները փոխեց Լեյլա Յունուսի պատիժը և նա ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից։ Քննարկման արդյունքում Յունուսի փաստաբանները խնդրեցին դատարանին լիակատար արդարացնել իրենց պաշտպանյալին, սակայն դատարանը քննելով բողոքները վճռեց, որ Լեյլա Յունուսի լիակատար արդարացման համար բավարար հիմքեր չկան[28]։
2016 թվականի ապրիլի 19-ին իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսները լքեցին Ադրբեջանը և արտագաղթեցին Նիդերլանդներ[29]։ Չնայած նրանց Նիդեռլանդներ մեկնելուն, ամուսինների դեմ հարուցված քրեական գործը չի դադարեցվել։ 2017 թվականի մայիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանը Միրփաշի Հուսեյնովի գլխավորությամբ որոշում ընդունեց Յունուս ամուսիններին հարկադիր բերման ենթարկել դատարանի դահլիճ[30][31]։
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Յունուս» հոդվածին։ |