Լենին Ֆորդ | |
Կրթություն՝ | Քուինսլենդի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | իրավագետ |
Ծննդյան օր | մայիսի 12, 1935 (89 տարեկան) |
Ծննդավայր | Օտտավա, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա և Ավստրալիա |
Ի ծնե անուն | անգլ.՝ Mary Marguerite Leneen Kavanagh |
Պարգևներ | |
Լենին Ֆորդ (անգլ.՝ Leneen Forde), ամբողջական անունը՝ Մերի Մարգերիթ Լենին Ֆորդ, ի ծնե՝ Կավանա, (անգլ.՝ Mary Marguerite Leneen Forde, née Kavanagh, մայիսի 12, 1935, Օտտավա, Կանադա), ավստրալիացի իրավաբան և քաղաքական գործիչ, 1992-1997 թվականներին եղել է Քվինսլենդի 22-րդ նահանգապետը[2]։
Մերի Մարգերիթ Լենին Կավանան ծնվել է 1935 թվականի մայիսի 12-ին Օտտավայում (Օնտարիո, Կանադա)։ 1953 թվականին Օտտավայի քաղաքային հիվանդանոցում ստացել է բժշկական տեխնոլոգիաների դիպլոմ։ 1954 թվականին տեղափոխվել է Ավստրալիա՝ Բրիսբեն, որտեղ սկսել է աշխատել քաղաքային հիվանդանոցում որպես արյունաբան։ 1955 թվականին Լենինն ամուսնացել է փաստաբան Ջերի Ֆորդի հետ, որի հայրը՝ Ֆրենկ Ֆորդը, հայտնի քաղաքական գործիչ էր՝ Ավստրալիայի 15-րդ վարչապետը։ 1966 թվականի վերջին Ջերի Ֆորդը մահացել է քաղցկեղից։
Հինգ երեխաների հետ առանց ամուսնու մնալով՝ Լենին Ֆորդը որոշել է կրթություն ստանալ Քվինսլենդի համալսարանում և ավարտել է այն 1970 թվականին՝ ստանալով իրավունքի բակալավրի աստիճան[3]։ 170 մարդուց բաղկացած շրջանավարտների մեջ կային միայն վեց կին։ Դրանից հետո 22 տարվա ընթացքում Լենին Ֆորդը Քվինսլենդում աշխատել է որպես սոլիսիտոր, եղել է նահանգի մի շարք դատական և հասարակական կոմիտեների, ինչպես նաև այլ կազմակերպությունների կազմում։ 1971 թվականից Ֆորդը եղել է Zonta International միջազգային կազմակերպության անդամ, որը պայքարում էր կանանց իրավունքների համար։ 1990-1992 թվականներին եղել է այդ կազմակերպության միջազգային նախագահը[4]՝ Ավստրալիայի առաջին ներկայացուցիչն այդ պաշտոնում։
1992 թվականին Լենին Ֆորդը նշանակվել է Քվինսլենդի նահանգապետի պաշտոնում։ 1992 թվականի հուլիսի 29-ին ստանձնելով պաշտոնը՝ դարձել է Քվինսլենդի առաջին կին նահանգապետը (և երկրորդը Ավստրալիայի բոլոր նահանգների մեջ՝ Հարավային Ավստրալիայի նահանգապետ Ռոմա Միտչելից հետո, որը նահանգապետ է դարձել 1991 թվականի փետրվարին)։ Ֆորդը Քվինսլենդի նահանգապետ է աշխատել ուղիղ հինգ տարի՝ մինչև 1997 թվականի հուլիսի 29-ը[5]։
15 տարվա ընթացքում՝ 2000 թվականի հունիսից մինչև 2015 թվականի մայիսը, Լենին Ֆորդը եղել է Գրիֆիտի համալսարանի կանցլեր։ Նա դարձել է առաջին կինը այդ պաշտոնում[6][7]։
1993 թվականի հունվարին Լենին Ֆորդը դարձել է Ավստրալիայի շքանշանակիր (A.C.)[8]։ 2001 թվականին պարգևատրվել է Հարյուրամյակի մեդալով[9]։ Նրան շնորհվել են Քվինսլենդի համալսարանի (1996) և Գրիֆիտի համալսարանի (2002) պատվավոր դոկտորի կոչում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենին Ֆորդ» հոդվածին։ |