Կալևի Լիյվա (էստ․՝ Kalevi-Liiva), վայր Էստոնիայի Հարյումաա նահանգի Յիելեհտմե շրջանում՝ Բալթիկ ծովի ափին՝ Տալլինից ոչ հեռու։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1942-1943 թվականներին, Կալևի Լիյվա բնավայրում նացիստներն ու էստոնացի կոլաբորացիոնիստներն զանգվածային կերպով սպանել են Կենտրոնական Եվրոպայի երկրներից բերված հրեաների, ինչպես նաև գնչուների ու խորհրդային ռազմագերիների։ Ընդհանուր առմամբ գնդակահարվել է շուրջ 6 հազար մարդ[1]։
1942 թվականի սեպտեմբերի 5-ին Ռաազիկու վայր է ժամանել Տերեզիենշտադտ գետտոյից 1000 հրեաներ բերած էշելոնը։ Եվս մեկ էշելոն հրեաներ է բերել Գերմանիայից[2]։
Աշխատանքների համար չընտրված մինչև 3000 հրեաներ տարվել են Կալևի Լիյվա ու գնդակահարվել[3], իսկ աշխատունակները հարկադիր աշխատանքի են ուղարկվել Յագալա ճամբար։ Չեխիայից բերված հրեաներից բացի Կալևի Լիյվայում սպանվել են նաև Գերմանիայից ու այլ երկրներից բերված հրեաներ[4]։ Հետագայում Յագալա ճամբարի կալանավորները նույնպես գնդակահարվել են Կալևի Լիյվայում[5]։ 1942 թվականի սեպտեմբերին բերված 2000 հրեաներից պատերազմից հետո կենդանի է մնացել 74 մարդ[6]։
1943 թվականի գարնան ավարտված գնդակահարությունների վայրը նացիստները հարթեցրել են ու անտառ տնկել։ Զանգվածային թաղումների տեղերը պատահաբար հայտնաբերվել են 1961 թվականին։
1961 թվականի մարտին Տալլինում կայացել է Կալևի Լիյվայում հրեաների գնդակահարություններին մասնակցած էստոնացի կոլաբորացիոնիստների դատավարությունը։ Նրանցից երկուսը՝ Ռալֆ Գերետսն ու Յաան Վեյկը, դատապարտվել են մահապատժի։ Այն Էրվին Մերեն դատապարտվել է հեռակա կարգով, իսկ Յագալա ճամբարի պարետ Ալեքսանդեր Լաակն ինքնասպան է եղել Կանադայում[7][8]։
Կալևի Լիյվայում սպանվածների հիշատակին նվիրված առաջին հուշարձանը տեղադրվել է խորհրդային իշխանությունների կողմից 1964-1965 թվականներին։ 1964 թվականին Էստոնիայում նկարահանվել է վավերագրական ֆիլմ՝ նվիրված Կալևի Լիյվայի ողբերգությանը[9]։ Կալևի Լիյվայում կատարված ողբերգական իրադարձություններին է նվիրված «Արյունոտ ծաղիկների մասին երգը» (Գ. Դանիել-Հ. Կարյահարմ, կատարող՝ Յա. Յոալա)։
Էստոնիայի անկախության վերականգնումից հետո՝ 1995-1996 թվականներին, տեղադրվել է նոր հուշարձան, որ ստեղծվել է Էստոնիայի հրեական համայնքի նախաձեռնությամբ[10]։ 2002 թվականի մայիսի 10-ին Կալևի Լիյվայում բացվել է այնտեղ Չեխիայից, Լեհաստանից ու Գերմանիայից բերված ու Կալևի Լիյվայում սպանված հրեաներին նվիրված հուշարձան[11]։ 2014 թվականի սեպտեմբերին Էստոնիայում Չեխիայի, Գերմանիայի ու Լեհաստանի դեսպանները պսակներ են դրել այդ հուշարձանի մոտ[12]։
2007 թվականի մայիսի 6-ին Կալևի Լիյվայում բացվել է հուշաքար՝ նվիրված այդտեղ սպանված գնչուների հիշատակին[13][14]։
|