Կատարո վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Տեղագրություն | Մարտունու շրջան |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Թեմ | Արցախի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | վերածված է ռազմական հենակետի |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Շինանյութ | ավազաքար |
Katarovank Վիքիպահեստում |
Կատարո վանք (Ինչպես նաև Կատարավանք), հայկական հոգևոր կառույց, մատուռ, հիմնվել է 4-րդ դարում, ներկայիս շինության կառուցումն ավարտվել է 17-րդ դարում, գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, ծովի մակերևույթից ավելի քան 2400 մետր բարձրության վրա՝ Դիզափայտ լեռան (2478) գագաթին։ Վանքը հանրապետության տարածքում հանդիպող ամենաբարձրադիր հուշարձանն է, ունի ուղղանկյուն հատակագիծ՝ երկթեք ծածկով (չափերը՝ 11,7 x 6,7մ)։ Ինչպես Արցախի մյուս շրջանները, Հադրութի շրջանը ևս հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, այստեղ հաշվվում են 400-ից ավելի պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից շատերը դեռևս ուսումնասիրված չեն։
Կատարո վանքի մասին առաջին անգամ գրել է Փավստոս Բուզանդը «Պատմություն Հայոցը» աշխատության մեջ։ Ըստ նրան 335 թվականին պարսից արքան հրամայում է մազքթաց արքա Սանեսանին հավաքել Աղվանք երկրի կիսավայրի ցեղերին և հարձակվել հայոց աշխարհի վրա։ Սանեսանը հարձակվում է վանքում այդ պահին գտնվող իր 3 որդու և 3870 ճգնավորների վրա, կոտորում նրանց։ Հետո դիզում է նրանց դիակները լեռան կատարին և այրում։ Այստեղից էլ լեռան անունը կոչվում է Դիզափայտ[1]։ Հայտնի է, որ հետագայում Կատարո վանքը և մոտակա մատուռ-վկայարանները վառվել են թշնամու կողմից։
Ըստ Լեոյի Կատարո վանքը եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը։
Միանավ բազիլիկա է՝ կառուցված կիսամշակ տեղական կրաքարով։ Միակ մուտքը բացվում է արևմուտքից, պատուհանները՝ արևելյան և հարավային կողմերից։ Ըստ բարավորի վրայի արձանագրության Սբ. տաճարը վերաբերում է Հակոբին և վերաշինվել է, ըստ էության, 19-րդ դարում։ Բուն հուշարձանը, դատելով տեղում պահպանված խաչքարերի մնացորդներից, վերաբերում է 17-րդ դարին։ Եկեղեցուց հարավ կից շինություն է (չափերը՝ 9,8 x 3,8մ), որի ստորին լեռնալանջին պահպանվում են մի շարք շինությունների մնացորդներ։
Ճանապարհը Քոշի աղբյուրից մինչև Կատարո վանքն անցնում է լեռան ուղղագիծ լանջերով, Դիզափայտի «Հայսմավուրքում» հիշատակվող Աստղաբլուրի մոտով, ապա թեքվում դեպի արևմուտք՝ Արջի աղբյուր, հետո նորից օձագալար բարձրանում վեր և հասնում սարի կատարը։ Դիզափայտի Կատարո վանք կոչվող այս կոթողը Ղարաբաղի տարածքում հանդիպող ամենաբարձր հուշարձանն է։ Կատարո վանքի եկեղեցու կտուրից նայողի առջև բացվում է մի համայնապատկեր, որի մեջ ընկած են Արաքս գետը, Ղարադաղի լեռները, Արցախի դաշտը, Զանգեզուրի լեռները, Մեծ Մռավի կատարները[1]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կատարո վանք կատեգորիայում։ |