Թվական | Հոկտեմբերի 30, 1920 |
---|---|
Մասն է | Հայ-թուրքական պատերազմ |
Վայր | Կարս, Կարսի նահանգ Հայաստանի Հանրապետություն |
Արդյունք | Թուրքերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Հայաստանի Հանրապետություն | Թուրքիայի ազգային շարժում |
Հրամանատարներ | |
Դանիել բեկ Փիրումյան | Քյազըմ Կարաբեքիր |
Կողմերի ուժեր | |
Մոտ 10.000 | 18.700 |
Ռազմական կորուստներ | |
3000-ից ավել գերեվարվածներ[1] | Անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Կարսի անկում, Հայ-թուրքական պատերազմի վճռորոշ ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1920 թվականի հոկտեմբերի 30-ին։ Քյազըմ Կարաբեքիրի թուրքական զորքը գրավեց Կարս բերդաքաղաքը՝ գերեվարելով մոտ 3000 հայ զինվորների, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան հայ սպաների և քաղաքացիական պաշտոնյաների։
Քեմալական Թուրքիայի լայնածավալ հարձակումը Հայաստանի դեմ սկսվեց 1920 թվականի սեպտեմբերին՝ թուրքական XV կորպուսի հրամանատար Քյազըմ Կարաբեքիրի գլխավորությամբ[2]։ Սեպտեմբերի 29-ին առանց կռվի գրավվեց Սարըքամիշը, այնուհետ ընկան Կաղզվանը, Մերդենեկը և Արդահանի հայկական մասը[3][4]։ Այնուհետև Կարաբեքիրի զորքը շարժվեց դեպի Կարս, սակայն հայկական ուժերի դիմադրության արդյունքում և արտաքին ուժերի հնարավոր միջամտության մասին թուրքական մտավախությունների պատճառով կանգ առավ[3]։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը անակնկալի եկավ թուրքական առաջխաղացումից և Սարիղամիշի հանկարծակի անկումից[3]։ Սեպտեմբերի 30-ին նախարարներ Սիմոն Վրացյանը և Արտաշես Բաբալյանն արտակարգ լիազորություններով գործուղվեցին Կարս՝ քաղաքի և նահանգի պաշտպանությունը կազմակերպելու առաջադրանքով[5]։ Հոկտեմբերի 7-ին Մուստաֆա Քեմալն ընդգծել է Կարսը գրավելու կարևորությունը՝ Հայաստանին Թուրքիայի պահանջները պարտադրելու համար։ Քեմալը Կարաբեքիրին հրամայել է «օգտվել բոլոր բարենպաստ հնարավորություններից»՝ քաղաքը գրավելու համար[3]։
Չնայած նախնական կորուստներին՝ հոկտեմբերի կեսերին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ընդհանուր առմամբ լավատեսորեն էր տրամադրված ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ[3]։ Կարաբեքիրի բանակի մեծությունն ու մարտական պատրաստականությունը թերագնահատված էր հայկական հետախուզության կողմից, մինչդեռ հայկական ստորաբաժանումները համալրվել էին կամավորներով՝ հասնելով մոտ 10․000-ի Կարսի ճակատում, որտեղ կենտրոնացած էր հայկական բանակի կեսը[3]։ Սակայն հայկական ուժերի բարոյահոգեբանական վիճակը զգալի հարված ստացավ հոկտեմբերի 14-ի ձախողված հակահարձակումից հետո, որը թույլ տվեց թուրքական զորքի հետագա առաջխաղացումը[3]: Հոկտեմբերի 20-ին քեմալական ղեկավարությունը եկել էր այն եզրակացության, որ Կարսի գրավմանը չի հետևի որևէ արտաքին ուժի միջամտությունը և որ եկել է քաղաքի վրա հարձակվելու ժամանակը[3]։
Կարսի բերդակալն ու Կարսի ճակատի հրամանատարն էր Դանիել բեկ Փիրումյանը, որի շտաբի պետն էր գնդապետ Վահան Տեր-Առաքելյանը։ Բերդի հրետանու հրամանատարն էր բուլղար սպա գնդապետ Բաբաջանովը, իսկ գեներալ Հարություն Հովսեփյանի գլխավորած ուժերը պաշտպանում էին Կարսի և Սարիղամիշի միջև ընկած տարածքը՝ ճանապարհի և երկաթուղու երկայնքով[3]։ Հովսեփյանի բրիգադը կազմված էր գնդապետներ Հովհաննես Մազմանյանի 1-ին գնդից, Միրիմանյանի 4-րդ գնդից և Շաղուբադյանի 5-րդ գնդից[6]։ Զորավար Սեպուհի բրիգադը պաշտպանում էր Արդահանի ուղղությունը։ Նրա հրամանատարության տակ էին գնդապետներ Դմիտրի Ղորղանյանը (1-ին և 2-րդ հեծելազորային գումարտակներ), Իշխանյանը (7-րդ գունդ) և Տիգրան Բաղդասարյանը (8-րդ գունդ), ինչպես նաև արևմտահայ մի քանի կամավորական խմբեր[6]։ Ալեքսանդրապոլում էին գտնվում Կարսի զորախմբի ընդհանուր հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանը և սպայակույտի պետ Ալեքսանդր Վեքիլյանը, որը հետագայում ժամանեց Կարս[3]։
Կարսի ճակատի պաշտպանների բարոյահոգեբանական վիճակը և կազմակերպվածությունը տուժել են մի շարք գործոններից։ Վատ էին նահանգապետ Ստեփան Ղորղանյանի և գեներալներ Փիրումյանի և Հովսեփյանի միջև հարաբերությունները։ Զինորների մեծ մասը նորեկ կամավորներ էին, որոնց փոխհարաբերությունները իրենց սպաների հետ մտերմական չէին[3][6]։ Հայ բոլշևիկների իրականացրած բարոյալքող քարոզչությունը և սաբոտաժ գործողությունները նույնպես բացասաբար են ազդել Կարսի պաշտպանների վրա[3][6]։ Ճակատամարտից առաջ տեղեկություններ կային նաև քաղաքում տեղի ունեցող անկարգությունների և թալանի մասին, որը չկանխելու համար մեղադրվում էր հրամանատարությունը[5]։ Նախարարներ Վրացյանը և Բաբալյանը իրենց զեկույցում քննադատեցին գեներալներ Փիրումյանին և Հովսեփյանին՝ պնդելով, թե Կարսի հայ բնակչությունը նրանց չի վստահում և մեղադրելով իրենց Սարիղամիշի կորուստի համար[3]։
Կարաբեքիրի ծրագիրն էր խուսափել քաղաքի վրա ճակատային հարձակումից (այդպիսով խուսափելով բերդի թնդանոթից) և փոխարենը թիկունքից շրջապատել այն և կտրել Ալեքսանդրապոլ տանող երկաթուղին ու ճանապարհը[7]։ Հալիտ բեյի 9-րդ կովկասյան դիվիզիայի մեծ մասը՝ հեծելազորային, ցեղային և հրետանային գնդերի աջակցությամբ, պետք է շրջանցներ հայկական պաշտպանության ձախ թևը և հասներ Կարսից արևելք գտնվող Մաղարաջիկի, Վեզինքոյ և Յաղնիի բարձունքները[7]։ Փոխգնդապետ Օսման Նուրիի 12-րդ դիվիզիան դիվերսիա կիրականացներ խիստ ամրացված արևմտյան թևի երկայնքով՝ Ուչլարի բարձունքներից մինչև Աղբաբա լեռը, իսկ գնդապետ Ռուշթու փաշայի դիվիզիան կառաջանար արևմտյան և հյուսիս-արևմտյան կողմերում և կատարել Կարսի շրջափակումը[7]։ Կարսի վրա գրոհը նախատեսված էր իրականացնել հոկտեմբերի 27-ին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել է մինչև հոկտեմբերի 30-ը[8]։ Կարաբեքիրը վերահսկում էր ողջ գործողությունը Բեռնայի մոտակա բարձունքներից[7]։
Հարձակմանը նախորդող օրերին թուրքական զորքերը գրավեցին Կարսի շուրջը տարբեր ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, սպառնալով քաղաքը շրջափակել։ Հոկտեմբերի 28-ին 2000 թուրք զինվորներ դիրքեր զբաղեցրին Վեզինքոյ-Յաղնի բարձունքներում, իսկ հայկական ուժերը երեք կողմից նահանջեցին դեպի քաղաքին ավելի մոտ գտնվող դիրքեր[9]։ Մազրայի երկաթուղային կայարանի վրա թուրքական հեծելազորի հարձակումը հետ է մղվել, սակայն լուրջ մտահոգություն է առաջացրել, որ Կարսից նահանջելու ճանապարհը կարող է կտրվել[9]։ Թեպետ հոկտեմբերի 29-ին բերդը շրջապատված էր երեք կողմից, բայց գեներալ Փիրումյանը Հայաստանի Ռազմական նախարարությանը հավաստիացում էր, որ բերդը կարող է դիմակայել թշնամուն[10]։ Հոկտեմբերի 29-ի երեկոյան գնդապետ Մազմանյանն իր 1-ին գնդով փորձեց հետ առնել Վեզինքոյի բարձունքները, սակայն իր զինվորները հրաժարվեցին կատարել առաջադրանքը, ինչից հետո Մազմանյանն ինքնասպանություն գործեց[3]։ Հայերն առանց լուրջ դիմակայություն ցուցաբերելու լքել էին մի շարք առանցքային դիրքեր և նահանջել Կարսի բերդ[3]։ Կարսի և Ալեքսանդրապոլի կապն ապահովելու համար ստորաբաժանումներ են տեղափոխվել հարավից և արևելքից, իսկ գեներալ Հովսեփյանին փոխարինել է գեներալ Հովհաննես Ղազարյանը[11]։
Հոկտեմբերի 30-ի առավոտյան թուրքական զորքերը սկսեցին բերդը շրջապատելու և գրավելու վերջնական գործողությունը[12]։ Լազարևի բերդամասը հաջողությամբ գրավելուց հետո թուրքական զորքերը դաշտից գրեթե անխափան մուտք գործեցին քաղաք՝ խուճապ առաջացնելով քաղաքի խաղաղ բնակիչների և պաշտպանների շրջանում[12]։ Կեսօրին, տեսնելով, որ իրավիճակը անհուսալի է, գեներալ Փիրումյանի շտաբի պետ գնդապետ Վահան Տեր-Առաքելյանը և Գարեգին արքեպիսկոպս Հովսեփյանը սպիտակ դրոշով դուրս եկան բերդից՝ խաղաղ բնակիչներին խնայելու և ռազմագերիներին պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու եռաշխիքների դիմաց հանձնվելու առաջարկով[13]։
Քաղաքի խաղաղ բնակչությանն արգելված էր հեռանալ մարտից առաջ[3], հետևաբար նրանց մեծ մասը Կարսում էր հոկտեմբերի 29-30-ին։ Նրանք, ովքեր չեն կարողացել փախչել, կոտորվել են (Սիմոն Վրացյանի խոսքով՝ 6000 հոգի զոհվեց) կամ պատանդ առնվել թուրքերի կողմից[6]։ Գերի են ընկել գեներալներ Փիրումյանը, Արարատյանը և Ղազարյանը, գնդապետներ Շաղուբադյանը, Վեքիլյանը, Բաբաջանովը և Տեր-Առաքելյանը, երեսուն այլ սպաներ և մոտ 3000 զինվոր, ինչպես նաև սոցիալական ապահովության նախարարի պաշտոնակատար Արտաշես Բաբալյանը, Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը, Կարսի փոխնահանգապետ Ռուբեն Չալխուշյանը և քաղաքապետ Համազասպ Նորհատյանը[1]։ Գերեվարված կրտսեր սպաների և զինվորականների մեծ մասը տարվել են Էրզրում, որտեղ իրենցից շատերը մահացել են նույն տարվա ձմռանը[3]։ Հայկական կողմը Կարսում թողել է մեծ քանակությամբ ռազմամթերք, հրետանի, լոկոմոտիվներ և այլ ռազմական պարագաներ[3]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)