Տերևաթափ թուփ է' մինչև 2 մ բարձրությամբ։ Կարճ կողմնային ճյուղերը հաճախ փշապատ են։ Ընձյուղները աղվամազապատ են, մոխրադեղնավուն։ Տերևները էլիպսաձև են, երկարավուն էլիպսաձև կամ երկարավուն հակառակ ձվաձև, 1-4 սմ երկարությամբ, 0,5-1,5 սմ լայնությամբ, բութ գագաթով, թաղանթանման, մերկ, վերևի կողմից՝ մուգ կանաչ, ներքևի կողմից՝ բաց կանաչավուն, լայն սեպաձև հիմքով, դեպի ցած ոլորված եզրերով։ Տերևակոթունները կարճ են, մազմզուկապատ։ Ծաղկաբույլերը գագաթնային են և կողային, մազմզուկապատ առանցքով։ Ծաղիկները մանր են, սպիտակ,
անախորժ հոտով, հավաքված նստադիր փնջերում, առաջացնում են 4 սմ երկարությամբ և 1,5 սմ լայնությամբ գլանաձև հասկիկներ, որոնք իրենց հերթին հավաքված են 10-20 սմ երկարությամբ գլանաձև հուրաններում։ Պսակի խողովակը կրկնակի անգամ երկար է բաժակից։ Բաժակի մասերը կարճ են խողովակից։ Փոշանոթները ավելի երկար են բաժակի մասերից։ Պտուղը ձվաձև է, փայլուն, մուգ մանուշակագույն, 0,5 սմ տրամագծով։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։
Տարածված է Չինաստանում, Սիչուան, Շենսի, Յունան նահանգներում, լեռներում, ծովի մակարդակից մինչև 2500 մ բարձրության վրա։
Հայաստանի հանրապետությունում հանդիպում է հիմնականում Երևանի բուսաբանական այգում և նրա Վանաձորի բաժանմունքում։ Երկու դեպքում էլ առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Ցուրտ և երկարատև ձմռան դեպքում Երևանում ցրտահարվում են միամյա
շիվերը։ Վանաձորում երբեմն ավելի ուժեղ է ցրտահարվում։ Հեռանկարային է հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների համար[1]։