Տեսակ | բուսաբանական այգի |
---|---|
Երկիր | ՀԱՀ |
Վարչատարածք | Քեյփթաուն |
Հիմնվել է | 1913 |
Ֆլորա և ֆաունա | S. reginae?[1], A. arborescens?[2], A. ovata?[3], L. grossa?[4] և S. africana?[5] |
Կիրստենբոշ ազգային բուսաբանական այգի (անգլ.՝ Kirstenbosch National Botanical Garden), բուսաբանական այգի Քեյփթաունում՝ Սեղանաձև լեռան արևելյան ստորոտում։ Այգին հանդիսանում է երկրի ինը ազգային բուսաբանական այգիներից մեկը, որն ընդգրկում է Հարավային Աֆրիկայի վեց տարբեր կենսաբազմազանություններից հինգը և կառավարվում է Հարավային Աֆրիկայի կենսաբազմազանության ազգային ինստիտուտի (SANBI) կողմից։ Մինչև 2004 թվականի սեպտեմբերի 1-ը կառույցը հայտնի էր որպես ազգային բուսաբանական ինստիտուտ։
Ստեղծվել է 1913 թվականին՝ պահպանելու երկրի եզակի բուսականությունը։ Կիրստենբոշը մեծ տեղ է հատկացնում բնիկ բույսերի մշակմանը։
Այգին ներառում է մի մեծ ջերմոց (Բուսաբանական հասարակական ջերմոց), որտեղ ցուցադրվում են բույսեր տարբեր շրջաններից, այդ թվում սավաննայից, ֆինբոշից, կառուից և այլն։ Բացօթյա տարածքում ուշադրության կենտրոնում են Կապի շրջանին բնորոշ բույսերը։
1660 թվականին Յան վան Ռիեբեկի հրամանով Նիդերլանդների գաղութի պարագծի որոշակի պաշտպանության համար տնկվել է վայրի նշենու և մորենու ցանկապատ[6]։ Յան վան Ռիեբեկի ցանկապատ կոչվող այս հատվածները դեռևս պահպանվում են Կիրստենբոշում։ Ցանկապատը համարվում է տեղական նշանակության ժառանգություն[7]։ Բուսաբանական այգու տարածքը օգտագործվել է անտառանյութի բերքահավաքի ժամանակ։
Այգու անվան Կիրստեն հատվածը գալիս է 18-րդ դարում հողատարածքի կառավարիչ Ջ. Ֆ. Կիրստենի անունից, բոշ հատվածը հոլանդերեն «անտառ» կամ «թուփ»։
1811 թվականին, երբ գաղութի սեփականության իրավունքն անցավ Բրիտանիային, Կիրստենբոշի տարածքի օգտագործման մեջ փոփոխություններ տեղի ունեցան։ 1823 թվականին այգին ձեռք բերեց Էքստեեն ընտանիքը, հետագայում այն դարձավ Կլոետե ընտանիքինը (հայտնի տոհմ Քեյփում)։ Նրանց օրոք տարածքն ավելի մշակվեց, տնկվեցին կաղնու, պտղատու ծառեր և խաղողի այգիներ։ 1895 թվականին հողատարածքը ձեռք է բերել Սեսիլ Ջոն Ռոդսը, որից հետո տարածքը դարձավ անմշակ, խոզերի մեծ խմբեր սնվում էին կաղիններով և թավալվում ջրավազաններում։ Հայտնի Կամֆորա պողոտան (Camphor Avenue) տնկվել է 1898 թվականին։ Կիրստենբոշ այգիների տարածքը Սեսիլ Ռոդսը նվիրաբերել է պետությանը (Սեսիլ Ռոդսը մահացել է 1902 թվականին)։
Տարածքի պատմությունը որպես բուսաբանական այգի սկսվում է Քեմբրիջի համալսարանի բուսաբան Հենրի Հարոլդ Պիրսոնից, որը 1903 թվականին եկել է Կապի գաղութ Հարավային Աֆրիկյան քոլեջի (Քեյփթաունի համալսարան) նոր Բուսաբանության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը զբաղեցնելու համար։ 1911 թվականի փետրվարին Պիրսոնը Կիրստենբոշի տարածք այցելեց սայլակով գնահատելու դրա հարմարավետությունը որպես բուսաբանական այգի։ 1913 թվականի հուլիսի 1-ին գաղութի կառավարությունը տարածքը տրամադրեց այդ նպատակի համար տարեկան £ 1000 բյուջեով։ Տնօրենի պաշտոնի համար աշխատավարձ նախատեսված չէր, սակայն Պիրսոնը պաշտոնն ընդունեց առանց վարձատրության։ Նա ապրում էր այգում դժվար և սուղ հանգամանքներում։
Պիրսոնին դիմակայելը դժվար էր։ Տարածքը պատված էր բուսականությամբ, բնակեցված էր վայրի խոզերով, մոլախոտերով ու տնկված այգիներով։ Դրամական միջոցները սուղ էին, բյուջեն համալրվում էր վառելափայտի և կաղնու վաճառքով։ Պիրսոնը սկսեց աշխատանքը Կիրստենբոշի "The Dell" տարածքում՝ տնկելով ցիկադեներ, որոնք այսօր էլ տեսանելի են։
Պիրսոնը մահացել է 1916 թվականին թոքաբորբից։ Նա թաղվել է իր սիրելի այգում, և նրա տապանագիրը դեռ այգում է։ 1913 թվականից սկսած այգին հաջորդաբար գտնվել է «Հարավային Աֆրիկայի բուսաբանական հանրության», «Հարավային Աֆրիկայի ազգային բուսաբանական այգիների», Ազգային բուսաբանական ինստիտուտի և Հարավային աֆրիկյան կենսաբազմազանության ինստիտուտի (SANBI, 2004 թվականից) ենթակայության ներքո։ 2013 թվականին այգին նշել է իր 100-ամյակը և թողարկել «Կիրստենբոշ. ամենագեղեցիկ այգին Աֆրիկայում» հուշագիրքը[8][9]։
Կիրստենբոշում աշխատող գիտնականները, ինչպիսիք են Ուինսոմ Բարքերը, Գրահամ Դունկան և Ջոն Մանինգը, հրատարակել են բազմաթիվ գիտական հոդվածներ, գրքեր և մենագրություններ Հարավային Աֆրիկայի բուսական աշխարհի վերաբերյալ, այդ թվում` Kirstenbosch Gardening Series: Հրատարակվել են նաև մի շարք մենագրություններ, որոնք հայտնի են որպես Memoirs of the Botanical Survey of South Africa, Annals of the Kirstenbosch Botanic Gardens և Strelitzia:
Compton Herbarium-ը, որը հետազոտական գործունեություն է իրականացնում, ներառյալ նոր տեսակների հայտնաբերում և նկարագրում, գտնվում է Կիրստենբոշ ազգային բուսաբանական այգում[10]։
2015 թվականին Միջազգային զբոսայգու զբոսաշրջային պարգևների կենտրոնը Կիրստենբոշ բուսաբանական այգին հայտարարել է «Տարվա միջազգային այգի»[11]։
1951 թվականին Պրետորիայի բուսաբանական բաժնից ստեղծվեց Բուսաբանական հետազոտությունների ինստիտուտը (BRI), որն իր հերթին 1989 թվականին դարձել է Ազգային բուսաբանական ինստիտուտ (NBI): 2004 թվականին Ազգային բուսաբանական ինստիտուտն ընդրկվեց ավելի լայն կազմավորման՝ Կենսաբազմազանության ազգային ինստիտուտի (SANBI) մեջ[12]։ 1921 թվականից Ազգային բուսաբանական ինստիտուտը հրատարակել է Bothalia գիտական բուսաբանական ամսագիրը, որը 2014 թվականին անվանափոխվել է Bothalia – African Biodiversity & Conservation արտացոլելու Կենսաբազմազանության ազգային ինստիտուտի ավելի լայն շրջանակը[13]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրստենբոշ ազգային բուսաբանական այգի» հոդվածին։ |
|