Կյուրեղ-մեթոդիոսական եղբայրություն (ուկրաիներեն՝ Кири́ло-Мефо́діївськеще, նաև՝ Кирило-Мето́діївське[1][2][3][4][5], Україно-слов'янське товариство, Кирило-Мефодіївське братство) , ուկրաինական առաջին գաղտնի քաղաքական կազմակերպությունը։ Ստեղծվել է ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակաշրջանում՝ 1845 թվականի վերջերին, Կիևում[6] և հենվել է ուկրաինական ազատագրական, ինքնավարական շարժման ավանդույթների վրա։ Եղել է ուկրաինական հողի վրա ազգային շարժման վերելքի և համասլավոնական շարժման ակտիվացման դրսևորումներից մեկը, շարժումներ, որ սկիզբ էին առել ու ծավալվել «Ժողովուրդների գարուն» անվանումով հայտնի համաեվրոպական հեղափոխական ճգնաժամի հասունացման ժամանակաշրջանի ազատագրական գաղափարների ազդեցությամբ[6]։
Գաղտնի ընկերության անդամներ (ի դեպ, նրանք միմյանց «եղբայրիկ»՝ братчик էին անվանում) դարձել են Կիևի և Խարկովի համալսարանների սաներ, շրջանավարտներ ու աշխատակիցներ, որոնցից առաջատար դեր են խաղացել Ն.Կոստոմարովը, Տ. Շևչենկոն, Գ. Անդրուզսկին, Վ. Բելօզերսկին, Ն. Գուլակը, Պ. Կուլիշը։ Ընկերության գոյության ժամանակամիջոցում նրա գաղափարախոսությունն էական փոփոխություններ է կրել. գաղտնի կազմակերպության ստեղծման հիմքը հանդիսացած սլավոնների միավորման խնդիր-գաղափարը հետագայում կոնկրետացել է երկու ուղղություններում՝ 1.սլավոնական ժողովուրդների իրավահավասար համագործակցություն և 2.Ուկրաինայի վերածնունդ[6]։
Գաղտնի ընկերության նպատակներն էին՝ քրիստոնեական սկզբունքների և սլավոնաֆիլ հայացքների համաձայն ազատականացնել կայսերական Ռուսաստանի հասարակական-քաղաքական համակարգը, վերջ տալ ճորտատիրությանը, լայնորեն մատչելի դարձնել հանրային կրթությունը, ռուսական կայսրությունը վերածել սլավոնական ազատ ժողովուրդների դաշնության, որտեղ ռուսները պետք է լինեին մյուսներին հավասար, և ոչ թե տիրապետող ազգություն։ Ըստ ընկերության անդամ Միխայլո Հրուշևսկու՝ պետք է ներմուծվեին նաև խոսքի, մտքի, կրոնի ազատության ազատական-ժողովրդավարական սկզբունքներ[7]։
Ընկերության ստեղծման գլխավոր նախաձեռնողը ռուս և ուկրաինացի անվանի պատմաբան Նիկոլայ Կոստոմարովն էր (1818-1885)։ Հենց նրա առաջարկությամբ էլ գաղտնի կազմակերպությունը անվանակոչվել էր ի պատիվ սլավոնական ազգերի սուրբ հերոսներ համարվող Կյուրեղի և Մեթոդիոսի, ովքեր տարածել էին քրիստոնեությունը և ստեղծել էին գիր, որը գործածում էին և ներկայումս էլ գործածում են սլավոնական մի շարք ժողովուրդներ։
1847 թվականի մարտի 3-ին Կիևի համալսարանի ուսանող Ա. Պետրովը իշխանություններին հայտնել է գաղտնի ընկերության մասին։ Մարտ-ապրիլ ամիսներին ժանդարմները ջախջախել են կազմակերպությունը, անդամների մեծ մասին բանտերը նետել կամ աքսորել։ Տարաս Շևչենկոյին ուղարկել են հարկադիր զինվորական ծառայության, Կոստոմարովին աքսորել են Սարատով։
Գրական, գիտական, դասախոսական աշխատանքի նրանք կարողացել են վերադառնալ 1850-ական թվականներին։
|