Կոռնելիս դե Բրույն հոլ.՝ Cornelis de Bruijn և հոլ.՝ Cornelis de Bruyn | |
---|---|
Ծնվել է | 1652[1][2][3][…] |
Ծննդավայր | Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Մահացել է | 1727[4][5][6][…] |
Մահվան վայր | Ուտրեխտ |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Երկեր | Joan van Hoorn (1653-1711). Gouverneur-generaal (1704-09)? |
Մասնագիտություն | գրող, ճանապարհորդ հետազոտող, նկարիչ և ճանապարհորդ |
Անդամություն | «Չվող թռչուններ» միություն |
Cornelis de Bruyn Վիքիպահեստում |
Կոռնելիս դե Բրույն (հոլ.՝ Cornelis de Bruijn, 1652[1][2][3][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն - 1727[4][5][6][…], Ուտրեխտ), նիդերլանդացի նկարիչ, գրող և ճանապարհորդ։ Կատարել է երկու մեծ ճանապարհորդություն դեպի Արևելք, որոնց հիման վրա հրատարակել է երկու գիրք՝ «Կոռնելիս դե Բրույնի ճանապարհորդությունը Փոքր Ասիայի հայտնի հատվածում», որը լույս է տեսել 1698 թվականին, և «Ճանապարհորդություն Մոսկվայով դեպի Պարսկաստան ու Հնդկաստան»։ Այս երկրորդը լույս է տեսել 1711 թվականին։ Երկու գրքերն էլ պատկերազարդված էին նրա կատարած էսքիզներով։ Առաջին ճանապարհորդության ընթացքում նա այցելել է Հռոմ, Եգիպտոս, Երուսաղեմ, ինչպես նաև Օսմանյան կայսրության խոշոր ու փոքր քաղաքների մեծ մասը։ Ստեղծել է Երուսաղեմի և եգիպտական բուրգերի ներքին տեսքի առաջին պատկերներն ու էսքիզները։ Նրա գրքերն աննախադեպ հաջողություն ունեցան Եվրոպայում և թարգմանվեցին մի քանի լեզվով։ Երկրորդ ճամփորդության ընթացքում դե Բրույնն այցելել է Ռուսաստան՝ լինելով երկրի հյուսիսային հատվածում, այցելելով Մոսկվա և Աստրախան քաղաքները։ Այստեղից անցել է Պարսկաստան, ստեղծել քաղաքների բնապատկերներ, պատկերել հնագույն շինությունների ավերակները, արձանագրությունները, մարդկանց ու կենդանիների, բույսերը։ Իր ուղևորությունը շարունակելով Հնդկական օվկիանոսով՝ նա հասավ Ճավա կղզի, որից հետո Պարսկաստանով ու Ռուսաստանով վերադարձավ Հոլանդիա։
Կորնելիս դը Բրուինը ծնվել է 1652 թվականին Հաագայում։ Դեռ վաղ մանկությունից նա ցուցաբերում է մեծ հետաքրքրություն օտար երկրների և ճամփորդությունների նկատմամբ։ Իսկ սերը նկարչության հանդեպ եկավ լրացնելու նրա այդ հետաքրքրությունը, քանի որ լինելով օտար երկրներում, նա իր տեսածները կարողացավ պատկերել և մեզ հասցնել։ Նրա և օրիենտալիստ շատ նկարիչների շնորհիվ մենք այսօր հնարավորություն ունենք տեսնելու, թե պատմական այս կամ այն կոթողը ինչպիսի տեսք ուներ շուրջ 350 տարի առաջ, ազգային ինչպիսի զգեստներ էին կրում տարբեր ժողովուրդների ներկայացուցիչները և այլն։ Հաագայում նա սովորում է նկարիչ Թեոդոր վան դեր Շուրի մոտ։ Հարուստ և խանդավառ ճանապարհորդ Նիկոլաս Վիտսենը, որ նաև Ամստերդամի բուրգոմաստերն էր (քաղաքի բարձրագույն կառավարիչը) և 1666 թվականին այցելել էր «Հյուսիսային և Արևելյան Թաթարիա» (այդ ժամանակներում Եվրոպայում այդպես էին անվանում Կասպից ծովից մինչև Խաղաղ օվկիանոս ընկած տարածքը, մինչև Չինաստանի ու Հնդկաստանի սահմանները), մի առիթով այնքան է տպավորվում դը Բրուինի՝ երկուսով ճանապարհորդելու և ստեղծագործելու խանդավառ առաջարկով, որ որոշում է հոգալ նրա առաջին ճանապարհորդության ծախսերը։
1674 թվականին ձեռնարկած իր առաջին ուղևորության ընթացքում Կորնելիս դը Բրուինը նախ այցելեց Հռոմ, որտեղ Ադոնիս կեղծանվամբ ընդգրկվեց «Չվող թռչուններ» նկարիչների միության շարքերը։ 1678 թվականին Լիվոռնո նավահանգստից մեկնեց Զմյուռնիա, որն այն ժամանակ հոլանդական գաղութ էր։ 1679 թվականին լինելով Ստամբուլում՝ դը Բրուինը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ թրքուհիները գլուխները ծածկում են գլխաշորով։ 1681 թվականին նա այցելում է Եգիպտոս, բարձրանում բուրգերի գագաթը և այնտեղ թողնում իր ստորագրությունը։
Դը Բրուինը գաղտնաբար այցելել է Երուսաղեմ և Բեթլեհեմ, երկար ժամանակ ապրել Հալեպում։ Նա թաքուն կատարել է Երուսաղեմի էսքիզները, որն այն ժամանակ մտնում էր Օսմանյան կայսրության սահմանների մեջ։ Դը Բրուինը Սիրիայում էսքիզներ է կատարել նաև Պալմիրայից, որը կործանել էր Հռոմի կայսր Ավրելիանոսը։ Դրանից հետո Կիպրոսով ու Զմյուռնիայով 1684 թվականին նա մեկնում է Վենետիկ, որտեղ համագործակցում է գեղանկարիչ Յոհան Կարլ Լոտի հետ։ 1693 թվականին վերադառնալով Հաագա, նա վաճառում է իր հուշանվերները։ Իսկ հինգ տարի աշխատելով իր հուշագրությունների վրա, արդեն 1698 թվականին դը Բրուինը հրատարակում է իր առաջին գիրքը՝ «Կորնելիս դը Բրուինի ճանապարհորդությունը Փոքր Ասիայի հայտնի հատվածում», որը լեցուն էր բազմաթիվ փորագրանկարներով։ Այն իսկույն մեծ հետաքրքրության արժանացավ եվրոպացիների շրջանում և թարգմանվեց մի քանի լեզվով։ Այդ պատկերների շարքում էին նաև եգիպտական բուրգերի ու Երուսաղեմի նկարները, որոնք լայն ճանաչում ձեռք բերեցին Եվրոպայում։ Գիրքը գունավոր տպագրությամբ առաջին հրատարակություններից մեկն էր՝ կատարված այն ժամանակվա տպագրական սարքերով և ոչ թե ձեռքով։
1701 թվականի աշնանը դը Բրուինն առագաստանավով ուղևորվում է դեպի Արխանգելսկ։ Ծանոթանալով քաղաքին և հյուսիսի բնիկների՝ սամոեդների կենցաղին՝ սահնակով անցնում է Վոլոգդա և Յարոսլավլ քաղաքներով մինչև Մոսկվա։ Դա միակ ճանապարհն էր, որով դեպի ռուսաց մայրաքաղաք երթևեկում էին եվրոպացի բազմաթիվ արհեստավորներ, շինարարներ, ճարտարապետներ ու դիվանագետներ։ Այն ժամանակ, երբ դը Բրուինը հասնում էր Մոսկվա՝ օգտվելով առիթից և հոլանդացի դիվանագետ ու քարտեզագիր Նիկոլաաս Վիտսենի հանձնարարական նամակների ընձեռած հնարավորությունից, ծանոթանում է Պետրոս I ցարի հետ։ Հաղորդակցությունն ընթանում է հոլանդերենով, որին տիրապետում էր ցարը։ Կորնելիսը նրան պատմում է իր ճամփորդությունների, Վենետիկում հանգրվանելու մասին, որտեղ չէր եղել ցարը։ Որպես նկարիչ՝ դը Բրուինն այստեղ ստեղծում է Պետրոս I-ի ազգականներից մի քանի իշխանուհիների դիմանկարները։ Այդ դիմանկարներն ուղարկվել են հավանական փեսացուներին։ Դը Բրուինն առաջին օտարերկրացին էր Ռուսաստանում, որը հնարավորություն ունեցավ կատարելու Մոսկվայի և Ռուսաստանի այլ շրջանների տարբեր հետաքրքիր շինությունների էսքիզները։ Նկարիչն այստեղ ուշադրություն էր դարձնում հագուստին, պատժամիջոցներին, հարսանիքներին ու տոներին, խոհանոցին, օղուն և գինուն, ինչպես նաև եղանակային պայմաններին ու տրանսպորտային միջոցներին։
Պետրոս I-ը, որը պատրաստվում է շվեդական արշավանքին, իմանալով, որ Կորնելիսը մեկնելու է հարավային երկրներ, հրավիրում է նրան Վորոնեժ՝ ցույց տալու համար նոր նավատորմիղը, որը պետք է պաշտպաներ երկրի հարավային սահմանները թուրքական հարձակումներից։ Կորնելիսն այստեղ ստեղծում է քաղաքի նշանավոր պատկերը։ Սակայն ցարի արագընթաց արշավանքը բացասաբար ազդեց հոլանդացու առողջության վրա, որին, ուշքի գալու համար, պահանջվեց մեկ ամբողջ շաբաթ։ Վորոնեժ կատարած այցելությանը նրա գրքում նվիրված է երկու գլուխ։
1703 թվականին դը Բրուինը դուրս եկավ Մոսկվայից և Մոսկվա, ապա Օկա ու Վոլգա գետերով շարժվեց հարավ և հասավ Աստրախան։ Շնորհիվ այն բանի, որ Զատիկի օրը դը Բրուինը կանգ է առնում Նիժնի Նովգորոդում, նրա գրքում պահպանվել են տոնի, քաղաքի քարակերտ եկեղեցիների և մարդաշատ պանդոկների նկարագրությունները։ Այնուհետև ճանապարհորդ-նկարիչը հայտնում է, որ հասնելով Ռուսական կայսրության հարավ, հանդիպում է չերքեզների ու թաթարների։ Թողնելով Ռուսաստանի սահմանները, 1703 թվականի հուլիսի 21-ին նա Դերբենդով անցնում է Պարսկաստան, որից հետո հետևում է եվրոպացիների համար սովորական դարձած երթուղուն՝ անցնելով Շամախի, Արդաբիլ, Ղոմ, Ղազվին, Սպահան, Շիրազ, Բանդար Աբբաս բնակավայրերով։ Այս ժամանակահատվածում Պարսկաստանի ներքին վիճակը բավականին անկայուն էր։ Այդ դարում առաջին անգամ ճանապարհներն անվտանգ չէին, և դը Բրուինն իր գրքում երբեմն բողոքում է այդ առթիվ։ Օրինակ Շամախիում նա ստիպված էր կացարանից դուրս չգալ։ Մեկ այլ առիթով նա նշում է, թե ինչպես էին չորս հայ ճանապարհորդներ սպանվել քնած ժամանակ։
Դը Բրուինը լինում է սուրբ քաղաք Ղոմում, որտեղ այցելում է պարսկական սուրբ Ֆաթիմա Մասումեի (790-817 թթ.) (մասումե բառը պարսկերենում նշանակում է անմեղ) դամբարան և Շահ Աբասի գերեզման, ապա անցնելով Քաշան քաղաքով, 1703 թվականի դեկտեմբերի 13-ին նա հասնում է Սպահան, որտեղ անցկացնում է մոտ մեկ տարի։ Այս ընթացքում նա ծանոթություն ու մտերմություն հաստատեց պարսկական հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ, հանդիպում ունեցավ Բրիտանական արևելահնդկական ընկերության ղեկավար Էդվարդ Օուենի հետ, որը ծանոթ էր Սպահանի հայկական թաղամասին և բավականին մտերիմ էր հայ համայնքի հետ։ Դը Բրուինն այցելում է հայերին, քանի որ նրանք, լինելով արհեստավորներ ու վաճառականներ, միջազգային լայն կապեր ունեին և կարող էին հարուստ տեղեկություններ տալ իրեն։ Հայկական թաղամաս կատարած այցելության ընթացքում դը Բրուինը նաև ստեղծում է մի հայուհու դիմանկար։ Սպահանում ապրած տարիներին դը Բրուինը նաև ներկայացվեց արքունիքում ու ստեղծեց Սուլթան Հուսեին շահի (1694-1722) դիմանկարը։ Բացի դրանից, այստեղ նա ստեղծել է Սպահանի ու Պերսեպոլիսի բազմաթիվ պատկերներ։
Դը Բրուինի ճանապարհորդական հուշագրությունները մեծ հաշվով նոր տեղեկություններ չեն տալիս պարսկական հասարակության, կենցաղի և տարազի մասին, բայց այն պարզ, մանրամասնորեն ու հավասարակշռված շարադրանք է, զերծ երևակայական ու սխալ տեղեկություններից, որոնցով հարուստ են նրա ժամանակակից շատ ճանապարհորդների գրվածքները, հատկապես Պերսեպոլիսի մասին նրանց կատարած դատողությունները։ Դը Բրուինի գրքերը վստահելի և պատկերներով հարուստ աշխատանքներ են, որը լույս է սփռում երկրում տեղի ունեցած փոփոխությունների վրա՝ 17-րդ դարի եվրոպացի մյուս ճանապարհորդների թողած տեղեկությունների հետ միասին։ Քանի որ դը Բրուինի կատարած կենցաղային պատկերները մեծաթիվ են, դրանք ավելի հավաստի են, քան նրա նախորդներինը։ Նա հատկապես շատ է անդրադարձել Պերսեպոլիսի պատկերներին և մեծ ժամանակ է հատկացրել ճշտելու համար Էնգելբերտ Կեմպֆերի, Ժան Շարդենի և ուրիշ ավելի վաղ շրջանի ճանապարհորդների թերի տեղեկությունները։ Նա նաև 1704 թվականին փորագրել է իր անունը Քսերքսեսի դարպասների վրա։
Շարունակելով ճամփորդությունը, դը Բրուինը 1705 թվականին լինում է Ցեյլոն և Ճավա կղզիներում։ Այս վերջինում այցելում է Բանտամ քաղաքում նստող սուլթանին։ Կես տարի անց դը Բրուինը վերադառնում է նույն ուղիով, որով եկել էր։ Այս անգամ դարձյալ լինելով Պարսկաստանում, նրան հաջողվում է ձեռք բերել Ֆիրդուսիի Շահնամե գրքից մեկ ընդօրինակում, որի շնորհիվ այս ստեղծագործությունը մատչելի է դառնում Արևմուտքում։
Ասիայից վերադառնալուց հետո դը Բրուինն իր ժամանակի մեծ մասը տրամադրում էր իր երկրորդ գիրքը գրելուն և դրա մոտ 320 փորագրանկարները պատրաստելուն։ Այն հրատարակվեց 1711 թվականին Ամստերդամում, ինչպես վկայում է նա, հազար օրինակով։ Երեք տարի անց գիրքը վերահրատարակվեց։ Այդ նույն՝ 1714 թվականին դը Բրուինը հրատարակում է նաև Կեմպֆերի և Ժան Շարդենի հաղորդած տեղեկությունների քննադատական գրքույկը։ Դրանից հետո դը Բրուինը կյանքի մնացած ժամանակն անցկացնում է արվեստի գործերի ուսումնասիրությամբ և Նիդերլանդների տարբեր քաղաքներում բնակվող իր բարեկամներին այցելելով։ Դավիթ վան Մոլեմի տուն կատարած այդպիսի մի այցելության ժամանակ էլ, 1727 թվականին Ուտրեխտում դը Բրուինը մահանում է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիս դե Բրույն» հոդվածին։ |
|