Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու տեսքը հյուսիս-արևմուտքից նախքան վրացականացումը. 1980-ական թթ.-ի սկիզբ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Թբիլիսի |
Տեղագրություն | Վրաստան Թբիլիսի |
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի և Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Հայ Առաքելական եկեղեցի Վրաստանի թեմ Վրաց ուղղափառ եկեղեցի Մցխեթի և Թբիլիսիի թեմ (1991թ.-ից) |
Հոգևոր կարգավիճակ | Գործում է որպես վրաց ուղղափառ եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1868 |
Ներկա վիճակ | Կանգուն (վերակառուցված) |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1868 |
Church of Saint Stepanos of the Holy Virgins Վիքիպահեստում |
Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցի (նաև՝ Սուրբ Ստեփանոս վանք, վրացական անվանումը՝ վրաց.՝ ქვემო ბეთლემი - Քվեմո Բեթլեմի (թարգմ.՝ Ներքին Բեթղեհեմ)), վրացականացված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Սոլոլակ թաղամասում` համանուն բարձունքի ստորոտին։ Հանդիսանում է Հայ առաքելական և Վրաց ուղղափառ եկեղեցիների միջև վիճաբանության առարկա, քանի որ մինչև 1980-ական թվականների վերջ եղել է հայկական, իսկ այնուհետև վրացականացվել է[1][2]։
Եկեղեցին կառուցվել է ազնվական Բեհբության իշխանական տան ներկայացուցիչների կողմից, մասնավորապես Մելիք Աշխարհբեկ Բեհբությանն ու Մելիք Բարսեղ (Աղա) Բեհբությանը։ Վերջիններիս միջոցներով այն հետագայում վերանորոգվել է։ Նորոգման աշխատանքներ են իրականացրել նաև եկեղեցու մայրապետները[1]
Կուսանանց Սուրբ Ստեփանոս եկեղեցին Թբիլիսիի այլ հայկական եկեղեցիների նման Վրաստանի անկախության հռչակումից հետո, առանց իրավատեր համարվող Հայ առաքելական եկեղեցու համաձայնության, վերածվեց վրաց ուղղափառ եկեղեցու։ Վրացականացման գործընթացն սկսվել էր 1980-ական թվականների կեսերից։ Տարիների ընթացքում եկեղեցուց հեռացվեցին հայկական առաքելական դավանանքի բոլոր նշանները. քանդվեցին խորանի բարձր բեմը, շքամուտքն ու զանգակատունը, պատերից պոկվեցին և հեռացվեցին խաչքարերը, քերվեցին հայկական արձանագրությունները, որմնանկարների վրա ստեղծվեց վրացական արնամենտներով որմնանկարների շերտ, եկեղեցու տարածքում գտնվող տապանաքարերն ու դամբարանները տեղահան արվեցին և հեռացվեցին։ Եկեղեցու պատուհաններ փակվեցին աղյուսից շարված պատով[1][2]։
1990 թվականին ոչնչացվում է եկեղեցու հյուսիսային մուտքի առջևի շքամուտքի տակ գտնվող մայրապետ Հեփրոսիմե Աբամելիքյանի դամբարանատունը[1][2]։ Վերջինիս պատին փակցված հիշատակի հայերեն արձանագիր մարմարե սալիկը փշրվել էր, որի ընդամենը երկու կտորը տեղի հայերի կողմից պահպանման նպատակով տեղափոխվել են Թբիլիսիի Կաթողիկե Սուրբ Գևորգ եկեղեցու բակ[1]։ Տեղահանվում է եկեղեցու վերնատան մասին պատմող մարմարե արձանագիր սալիկը, որը շինարարական աղբակույտի միջից գտել է Էդ. Փափազյանն ու պահպանման նպատակով տարել իր տուն[1]։ Եկեղեցում բարեկարգման աշխատանքներ իրականացրած Ուրդուբեկյանց ամուսինների շինարարական աշխատանքները փաստող արձանագիր մարմարե սալիկը նույնպես պոկվեց պատից։ Վերջինս գտնվելու տեղն անհայտ է, քանի որ այն շինարարական աղբի հետ հեռացվել է եկեղեցու բակից[1]։ Տեղահանվում է նաև 1885 թվականին ավագ սարկավագուհի Եվփիմյա Բեհբությանցի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցված վերնահարկ տանող մետաղյա ոլորապտույտ սանդուղքի շինարարական արձանագրությունը, որը տեղի հայերի կողմից պահպանության նպատակով նույնպես տեղափոխվում է Կաթողիկե Սուրբ Գևորգ եկեղեցի[1]։ Նույն վայրն է տեղափոխվում նաև շինարարական աղբից հայտնաբերված՝ սարկավագուհի Կատարինե Երկայնաբազուկ-Արղությանցի՝ 1870 թվականին շինարարական գործունեության մասին պատմող հայերեն արձանագիր մարմարե սալիկը[1]։ Ոչնչացվում է թմբուկի պատին փակցված գմբեթի ծածկերը վերանորոգելու մասին պատմող արձանագրությունը[1]։ Եկեղեցուց հանվում և ոչնչացվում է նաև սարկավագուհի Հռիփսիմե Բեգթաբեգյանցի միջոցներով սյուն կանգնեցնելու մասին պատմող 1870 թվականի հայերեն արձանագրությունը[1]։
Կաթողիկե Սուրբ Գևորգ եկեղեցի են տեղափոխվում նաև եկեղեցու այլ վիմագրեր, որոնք շինարարական աղբի միջից հայտնաբերվել էին տեղացի հայերի կողմից[1]։
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցի կատեգորիայում։ |