Հնագույն բիզոն, բիզոնի անհետացած տեսակ, որն ապրել է Հյուսիսային Ամերիկայում ուշ պլեյստոցենի ժամանակաշրջանում մինչև մոտ 10000 տարի առաջ: Հնագույն բիզոնը ուշ պլեյստոցենում Հյուսիսային Ամերիկայի ամենատարածված խոշոր բուսակերներից մեկն էր: Այն ներկայիս ամերիկյան բիզոնի անմիջական նախնին է[1][2]։
Հնագույն բիզոնի առաջին նկարագրված մնացորդները հավաքվել են 1850-ական թվականներին Կենտուկի նահանգի Բիգ Բոն Լիք ազգային պարկի պլեյստոցենյան հանքավայրերում։ Դրանք բաղկացած էին միայն բեկորային հետին գանգից և գրեթե ամբողջական եղջյուրի միջուկից[3]։ Բրածոն (ANSP 12990) համառոտ նկարագրվել է Ջոզեֆ Լեյդիի կողմից 1852 թվականին[4]։ Թեև սկզբնական բրածոները մասնատված էին, 1897 թվականին Սեմյուել Ռոուդզը հարավային Կալիֆորնիայում հայտնաբերել էր արու բիզոնի ամբողջական գանգ և նկարագրել որպես նոր տեսակ՝ Bison californicus[5], սակայն տեսակը համարվում է Bison antiquus-ի հոմանիշ[6]:759–760: 19-րդ դարից ի վեր մի քանի լավ պահպանված հնագույն բիզոնի բրածոներ են հայտնաբերվել են Միացյալ Նահանգների[7], Կանադայի[8] և հարավային Մեքսիկայի[9] տարբեր շրջաններում։
«Bison antiquus»-ը՝ հնագույն բիզոնն ավելի բարձրահասակ էր, ուներ ավելի մեծ ոսկորներ և եղջյուրներ և ընդհանուր առմամբ 15-25%-ով ավելի մեծ էր, քան ժամանակակից բիզոնը: Այն հասել է մինչև 2,27 մ բարձրության, 4,6 մ երկարության և ունեցել է մինչև 1588 կգ քաշ[10], միջինում՝ մոտ 800 կգ[11][12]: Եղջյուրները ծայրից-ծայր ունեին միջինը 87 սմ երկարություն, բայց կարող էին հասնել մինչև 106սմ երկարության[13]։
Մոտ 195,000-130,000 տարի առաջ տափաստանային բիզոնը (Bison priscus) հատեց Բերինգի հողային կամուրջը դեպի Հյուսիսային Ամերիկա[14]։ Հյուսիսային Ամերիկայում Bison priscus-ը վերածվել է մեծ, երկար եղջյուրավոր լատիֆրոն բիզոնների, որոնցից հետագայում, 60000 տարի առաջ, առաջացելէ Bison antiquus-ը[15]: Bison antiquus-ը ավելի ու ավելի շատ է տարածվել Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի միջին մասերում 18000-ից մինչև մոտ 10000 տարի առաջ[16]։
Հնագույն բիզոնների ավելի քան 500 առանձնյակների կիսաքայքայված կմախքները տեղում դիտելու լավագույն ուսումնական վայրերից մեկը Հադսոն-Մենգ հնագիտական տեղանքն է, որը շահագործվում է ԱՄՆ անտառային ծառայության կողմից, Նեբրասկա նահանգի Քրոուֆորդ քաղաքից 18 մղոն (29 կմ) հյուսիս-արևմուտք: Մի շարք պալեո-հնդկական նիզակների շեղբեր են հայտնաբերվել կենդանիների կմախքների հետ միասին այն վայրում, որը թվագրվում է մոտ 9700-10000 տարի առաջ: Մեկ կոմպակտ վայրում այդքան շատ կենդանիների «մահանալու» պատճառը դեռ ենթադրությունների տեղիք է տալիս։ Որոշ մասնագետներ պնդում են, որ դա շատ հաջող պալեո-հնդկական որսի արդյունք է եղել, մինչդեռ մյուսները կարծում են, որ նախիրը սատկել է ինչ-որ դրամատիկ բնական իրադարձության հետևանքով, որը հետագայում պետք է մաքրվեր մարդկանց կողմից: Տեղանքում հնագույն բիզոնների երկու սեռերի և տարբեր տարիքի առանձնյակներ բազմաթիվ կմախքներ են հայտնաբերվել[17][18][19]։ Ըստ բրածոների վրա հայտնաբերված արյան նմուշների փորձաքննության, հնագույն բիզոնները, հնարավոր է, որսացել են Կլովիս ցեղի մարդիկ՝ Հյուսիսային և Հարավային Կարոլինա[20]։
Համաձայն միջազգայնորեն հայտնի հնագետ Ջորջ Կար Ֆրիսոնի՝ Bison occidentalis-ը և Bison antiquus-ը երկուսն էլ վերապրել են ուշ պլեյստոցեն շրջանը՝ մոտ 12000-ից 11000 տարի առաջ, որտեղ գերակշռում էր սառցադաշտը (Վիսկոնսինի սառցադաշտը Հյուսիսային Ամերիկայում), երբ շատ այլ մեգաֆաունա տեսակներ (խոշոր կենդանիներ) վերացել էին[21]։ Հյուսիսամերիկյան մեգաֆաունայի մեծ մասի անհետացումից հետո հարթավայրերի և ժայռոտ լեռների բնիկ ամերիկացիները հիմնականում կախված էին բիզոններից՝ որպես իրենց սննդի հիմնական աղբյուր: Ֆրիսոնը նշել է. «Հյուսիսային Ամերիկայում որսորդների կողմից ամենահին, լավ փաստագրված բիզոնների սպանությունները թվագրվում են մոտ 11000 տարի առաջ»[22]։ Վերջին տարիներին Վաշինգտոն նահանգում հայտնաբերվել են հնագույն բիզոնների բրածոներ՝ ոսկորների ակնհայտ կոտրվածքներով, որոնք հասցված են քարե գործիքներով[23]։
Ենթադրվում է, որ ժամանակակից ամերիկյան բիզոնը (Bison bison) առաջացել է Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասում գտնվող հնագույն բիզոններից՝ Պլեյստոցենի հենց վերջում: Հնագույն բիզոնի վերջին պոպուլյացիաները վերացել են վաղ Հոլոցենի ժամանակ՝ մոտ 10000 տարի առաջ[15]:
↑C. G Van Zyll de Jong , 1986, A systematic study of recent bison, with particular consideration of the wood bison (Bison bison athabascae Rhoads 1898), p.53, National Museum of Natural Sciences
↑Leidy, Joseph (1852). «July 6, 1852». Proceedings of the Academy of Natural Sciences of Philadelphia. 6 (1): 117. Վերցված է 1 June 2023-ին – via Biodiversity Heritage Library.
↑Jiménez-Hidalgo, E.; Cabrera-Pérez, L.; MacFadden, B.J.; Guerrero-Arenas, R. (March 2013). «First record of Bison antiquus from the Late Pleistocene of southern Mexico». Journal of South American Earth Sciences. 42: 83–90. Bibcode:2013JSAES..42...83J. doi:10.1016/j.jsames.2012.07.011. S2CID140592800.
↑Scott, E.; Cox, S.M. (2008). «Late Pleistocene distribution of Bison (Mammalia; Artiodactyla) in the Mojave Desert of Southern California and Nevada». In Wang, X.; Barnes, L.G. (eds.). Geology and Vertebrate Paleontology of Western and Southern North America. Los Angeles: Natural History Museum of Los Angeles County. էջեր 359–382. ISBN978-1-891276-27-9. No. 41 Science Series.
Davis, L. B.; Wilson, M. (1978), «Bison procurement and utilization: A symposium», Plains Anthropologist Part 2, 23 (82)
Ehlers, J.; Gibbard, P.L. (2004), Quaternary Glaciations: Extent and Chronology 2: Part II North America, Amsterdam: Elsevier, ISBN0-444-51462-7
Frison, George C. (August 2000), Prehistoric Human and Bison Relationships on the Plains of North America, Edmonton, Alberta: International Bison Conference