Հրագութան, կրակի ստացման պարզագույն և հնագույն տարբերակներից մեկը, որի դեպքում երկու փայտեր շփշփում են իրար այնքան ժամանակ, մինչև շփումից առաջացած ջերմությունը դառնա բավականաչափ, որպեսզի փայտը դառնա կրակի աղբյուր[1]։ Հրագութանի անվանումը կապված է դրա աշխատանքի սկզբունքի հետ, որը նման է հողում գութանի շարժին։ Հրագութանը կազմված է «գութան»-ից` այն փայտից, որը պահում են ձեռքում և շարժում են, և «հրադաշտ»-ից` փայտի ավելի լայն կտորից, որն անշարժ տեղադրում են գետնին և «վարում» են։ «Հրադաշտ»-ի կենտրոնական մասում հիմնականում նախօրոք փորում են ակոս, իսկ «գութան»-ի աշխատող ծայրը սրում են, որպեսզի շփման մակերեսը փոքրանա` դրանով մեծացնելով ջերմության կուտակումը մեկ հատվածում[2][3]։
Հրագութանի տարբերակով կրակ ստանալու համար պետք է մոտ 1-1,5 մետրանոց «հրադաշտ» և մոտ 20-25 սմ-ոց հրագութան։ Դրանք երկուսն էլ պետք է լինեն չոր, բայց ոչ փխրուն։ Կրակի ստացման այս եղանակը թույլ է տալիս մարմնի էներգիան շարժման միջոցով հաղորդել իրար շփվող փայտերին։ Այդ տարբերակով շփումից առաջացած ջերմությունը միաժամանակ հաղորդվում է փայտանյութի երկու կտորների տարբեր մասերին։ Հրագութանն անընդհատ հարվում է հրադաշտին, մինչև շփումից առաջանա բավականաչափ ջերմություն` փայտի ծխալու համար։ Երբ հրադաշտն սկսում է ծխալ` դրա վրա պետք է ավելացնել աբեթ և թույլ փչել` ընթացքում ավելացնելով կպչանի քանակը և փչելու ուժգնությունը։
Հրագութանի տեխնոլոգիային շատ նման է հրաշաղափի միջոցով կրակի ստացումը, երբ փայտի մեկ կտորը ոչ թե հրում են մյուսի վրա, այլ` ջերմությունը հաղորդում են այն շաղափաձև պտտելու միջոցով։ Հրաշաղափի ավելի զարգացած տեսակ է աղեղնաշաղափը, որը պատրաստում են ճյուղից, պարանից և փայտիկից։ Այն աշխատում է հրագութանի սկզբունքով, բայց հրագութանը գործարկվում է ոչ թե ուղղակիորեն մարդու ձեռքով, այլ` պարանով։
|