Մահ օժիտի պատճառով, ամուսնացած կնոջ մահը, որը սպանվել կամ ինքնասպան է եղել օժիտի վեճերի պատճառով։ Օժիտի պատճառով մահերը հիմնականում հանդիպում են Հնդկաստանում[1], Պակիստանում[2], Բանգլադեշում և Իրանում[3][4]։ Հնդկաստանում 2010 թվականին գրանցվել է օժիտի պատճառով մահացության ամենաբարձր ընդհանուր ցուցանիշը (8,391 մահ՝ 1,4 մահ 100,000 կնոջ հաշվով)։ Կանանց՝ օժիտի պատճառով մահացությունը կազմում է Հնդկաստանում տարեկան գրանցված բոլոր կանանց սպանությունների 40%-50%-ը, ինչը կայուն միտում է 1999-2016 թվականներին[5]։ Պակիստանը, որտեղ տարեկան գրանցվում է 2000 այդպիսի մահ, օժիտի մահացության ցուցանիշը 2,45 է 100,000 կնոջ հաշվով[6][7]։
Օժիտի պատճառով մահացությունների մեծ մասը ինքնասպանություն է (երիտասարդ կինը, չդիմանալով ճնշումներին և կտտանքներին, ինքնասպան է լինում)։ Այս ինքնասպանությունների մեծ մասը տեղի է ունենում կախաղանի, թունավորման կամ այրման միջոցով։ Երբեմն կինը այրվում է ամուսնու կամ ամուսնու հարազատների կողմից (հարսի այրում) և քողարկվում է որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար[8]։ Հնդիկ կանանց այրելու հետևանքով մահն առավել հաճախ կապված է օժիտի շուրջ կոնֆլիկտների հետ։ Սպանության կամ ինքնասպանության մեղավորը փեսայի ընտանիքն է[9]։
Հնդկաստանը օժիտի հետ կապված մահվան դեպքերի ամենամեծ թիվն ունի աշխարհում։ Օժիտի խնդիրները Հնդկաստանում տարեկան 1,4 մահվան պատճառ են հանդիսանում 100,000 կանանց հաշվով[10][11][12]։
Հնդկաստանի ոստիկանությունը 1996 թվականին հարսնացուներին այրելու մասին ավելի քան 2500 հաղորդում է ստացել[13]։
Օժիտի պատճառով մահվան դեպքերը 2008 թվականին (8172) աճել են 14,4%-ով՝ 1998 թվականի մակարդակի համեմատ (7146)[14], մինչդեռ Հնդկաստանի բնակչությունը 10 տարվա ընթացքում աճել է 17,6%-ով[15]։ 2011[16] թվականին Հնդկաստանում գրանցվել է օժիտի պատճառով 8331 մահվան դեպք[16], 2012 թվականին՝ 8 233 դեպք։ Օժիտի պատճառով մահվան տվյալները անընդհատ թաքցվում են[17]։ Հնդկաստանում օժիտի պատճառով մահերը չեն սահմանափակվում որևէ կրոնով[18]։
Հնդիկ կանանց իրավունքների պաշտպանները ավելի քան 40 տարի հանդես են եկել օժիտի պատճառով մահվան դեպքերը սահմանափակող օրենքների ընդունման օգտին։
«1961 թվականի օժիտի արգելքի մասին» օրենքը արգելում է օժիտ հայցելը, վճարելը կամ ընդունելը «որպես ամուսնության պարգև», որտեղ «օժիտը» սահմանվում է որպես նվեր, որը պահանջվում կամ փոխանցվում է որպես ամուսնության նախապայման։ Օրենքի խախտման դեպքում նախատեսվում է մինչև վեցամսյա ազատազրկում կամ տուգանք։ Օրենքը փոխարինել է օժիտն արգելող մի քանի օրենսդրական ակտերի, որոնք ընդունվել էին Հնդկաստանի տարբեր նահանգների կողմից[19]։ Սպանությունն ու դրդյալ ինքնասպանությունը քննարկվում են Հնդկաստանի Քրեական օրենսգրքում։
1983 թվականին ընդունվել Է Հնդկաստանի Քրեական օրենսգրքի ավելի խիստ 498a հոդվածը։
Ընտանեկան բռնությունից կանանց պաշտպանության մասին 2005 թվականի օրենքը նպատակ է ունեցել վերջ դնելու օժիտի համար կանանց հետապնդումներին, դրա համար պետք էր դիմել ընտանեկան բռնությունից պաշտպանող սպային։ Այնուամենայնիվ, դատերը հաճախ ավարտվում էին հարկադիր խորհրդատվության առաջարկով, ինչը հանգեցնում էր անցանկալի արդյունքների։ Օրենքները չեն առաջարկում գործնական միջոցներ՝ բժշկական օգնության, կարճաժամկետ կացարանների, մանկապարտեզների, հոգեբանական աջակցության, ապաստարանների կամ տնտեսական կամ նյութական օգնության տեսքով այն կանանց համար, որոնց օգնություն է պետք[20]։
Հնդկական օրենքները քննադատվում են անարդյունավետության համար[21]։ Օժիտի պատճառով մահվան և սպանության պրակտիկան շարունակվում է Հնդկաստանի շատ շրջաններում[22]։
Պակիստանում օժիտի (Ջահեզ) պրակտիկան մշակույթի մի մասն է։ Պակիստանի բոլոր շրջաններում ամուսնությունների ավելի քան 95%-ը կապված է հարսնացուի ընտանիքից փեսայի ընտանիքին օժիտի փոխանցման հետ[23]։
Պակիստանում օժիտի պատճառով մահացությունն աճում է[24][25][26], հատկապես նկատելի է վիճակագրության աճը Պակիստանի անկախացումից հետո[27][28][29]։ Պակիստանն ունի աշխարհում 100,000 կնոջ հաշվով օժիտի պատճառով մահացության ամենաբարձր ցուցանիշը, տարեկան ավելի քան 2000 օժիտի հետ կապված մահ և տարեկան ավելի քան 2,45 մահ 100,000 կնոջ հաշվով[30][31]։
Ենթադրվում է, որ Պակիստանի պաշտոնյաները հաճախ չեն գրանցում օժիտի պատճառով մահվան դեպքերը, ուստի մահացության մակարդակը իրական մակարդակից ցածր է և կարող է զգալիորեն բարձր լինել։ Օրինակ՝ կան տվյալներ, որ այրման հետևանքով մահացության մակարդակը 33-ն է 100,000 պակիստանցի կանանց համար, որոնցից 49%-ը դիտավորյալ է եղել, այսինքն՝ տարեկան միջին մակարդակը 100,000 կանանց հաշվով նվազագույնը 16 է[32][33][34]։
2008 թվականի Պակիստանի օժիտի և հարսանեկան նվերների (սահմանափակումների) օրինագիծը սահմանափակում է օժիտի չափը 30,000 պակիստանյան ռուփի (~ 300 ԱՄՆ դոլար), մինչդեռ հարսանեկան նվերների ընդհանուր արժեքը սահմանափակվում է 50,000 պակիստանյան ռուփիով[35]։ Այնուամենայնիվ, 1967, 1976 և 1998 թվականների այս և նմանատիպ օրենքները, որոնք արգելում էին օժիտը, ինչպես նաև 1964 թվականի ընտանեկան գործերով դատի մասին օրենքը հայցային ուժ չեն ունեցել[36]։ Ոստիկանությունը հրաժարվում է գրանցել և հետաքննել ընտանեկան բռնության մեղադրանքները, որոնք կապված են օժիտի հետ։
Փորձել են օրենքից դուրս հայտարարել օժիտի ավանդական ցուցադրությունը և թանկարժեք երեկույթները (վալիմա)։ Դրան էր ուղղված 1997 թվականի օրենքը, 1998 թվականի հրամանագիրը (15-րդ) և 1999 թվականի հրամանագիրը (3-րդ)։ Օրենքները վիճարկվել են Պակիստանի Գերագույն դատարանում՝ մեջբերելով շարիաթի կրոնական օրենքներին համապատասխանող մի շարք հադիսներ, որոնք ցույց են տալիս Իսլամի վալիմայի և դրա հետ կապված սովորույթների խրախուսումը։ Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել այս օրենքներն ու կանոնակարգերը[37]։
Բանգլադեշում օժիտը կոչվում է ջուտուկ (բենգալերեն՝ যৌতুক), և Բանգլադեշում կանանց մահացության լուրջ պատճառ է հանդիսանում։ Տարեկան 100,000 կնոջ հաշվով 0,6-ից 2,8 հարսնացու մահանում է օժիտի հետ կապված բռնության պատճառով[38][39]։ Մահը տեղի է ունենում ինքնասպանության, հրդեհի և ընտանեկան բռնության այլ ձևերի արդյունքում։ 2013 թվականի 10 ամիսների ընթացքում օժիտի պատճառով բռնության զոհ Է դարձել 4470 կին և մահացել է տարեկան 7,2 հարսնացու 100,000 կանանց հաշվով։
Օժիտը հին պարսկական սովորույթ է, որը տեղացիներն անվանում են ջահազ (երբեմն գրվում է ջահիզիե)[40][41]։ Օժիտի պատճառով բռնությունների և մահվան մասին հաղորդվում է իրանական և անգլիական թերթերում[42]։ 2014 թվականի ուսումնասիրությունը հաղորդում է Իրանում[4] օժիտի պատճառով մահվան դեպքերի մասին։ Իրանցի ռեժիսոր Մարիամ Զահիրիմերի «Անվերջը» (2018) ֆիլմում անդրադարձ է կատարվում է Իրանում օժիտի մահվան հետ կապված տրավմաներին[43]։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նույնպես ակտիվ դիրքորոշում է որդեգրել օժիտի պատճառով մահվան դեմ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տնօրենը հրապարակավ դատապարտել է օժիտի պատճառով մահը և օրենսդրական համակարգերը, որոնք թույլ են տալիս մեղավորներին անպատիժ մնալ։ 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործարկել է գենդերային հավասարության իր առաջին ռազմավարական առաջնահերթ գործողությունների ծրագիրը, որին հաջորդել է գործողությունների երկրորդ ծրագիրը 2010 թվականին։ Այս ծրագրերի նպատակն էր գենդերային հավասարությունն ավելի բարձր կարգի առաջնահերթություն դարձնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի բոլոր միջազգային ծրագրերում և գործառույթներում[49]։
Amnesty International-ը, նպատակ ունենալով կրթել հասարակությանը, օժիտի պատճառով մահը անվանել է կանանց նկատմամբ գլոբալ բռնության հիմնական գործոն։ Amnesty International-ը մարդու իրավունքների իր ամենամյա գնահատականներում քննադատում Է Հնդկաստանին մեղավորների անպատժելիության համար[50]։
2004 թվականին Կանանց գլոբալ հիմնադրամը սկսել է «հիմա կամ երբեք» ֆինանսավորման նախագիծը՝ նպատակ ունենալով ֆինանսավորել ֆեմինիստական կազմակերպությունների ջանքերն ամբողջ աշխարհում, ներառյալ հնդիկ կանանց իրավունքների ակտիվիստներին։ 2007 թվականի համար հավաքվել է և բաշխվել մոտ 7 միլիոն դոլար[51]։
V-Day ընկերությունն անցկացնում է միջոցառումներ, ինչպիսիք են ներկայացումները, արվեստի ցուցահանդեսները և սեմինարները ԱՄՆ-ի համայնքներում, քոլեջներում, համալսարաններում, միջոցներ է հավաքում և հասարակությանը կրթում գենդերային բռնության թեմաների (ներառյալ օժիտի մահը) շուրջ[53]։
↑. Around 87,000 women were killed around the world last year and some 50,000 — or 58 per cent — were killed at the hands of intimate partners or family members. This amounts to some six women being killed every hour by people they know, according to new research published by the United Nations Office on Drugs and Crime (UNODC). Isfahan man kills daughter over inability to pay dowry Public Broadcasting Service, Washington DC (August 16, 2010)
↑ 4,04,1Kiani et al. (2014), A Survey on Spousal Abuse of 500 Victims in Iran, American Journal of Forensic Medicine and Pathology, 35(1):50-54, March 2014
↑Subhani, D., Imtiaz, M., & Afza, S. (2009), To estimate an equation explaining the determinants of Dowry, MePRC Journal, University of Munich, Germany
↑Anderson, Siwan (2000), «The economics of dowry payments in Pakistan», Mimeo, Tilburg University Press, Center for Economic Research
↑Manchandia, Purna (2005). «Practical Steps towards Eliminating Dowry and Bride-Burning in India». Tul. J. Int'l & Comp. L. 13: 305–319.
↑Spatz, Melissa (1991). «A "Lesser" Crime: A Comparative Study of Legal Defenses for Men Who Kill Their Wives». Colum. J. L. & Soc. Probs. 24: 597, 612.
↑Yasmeen, S. (1999) «Islamisation and democratisation in Pakistan: Implications for women and religious minorities», South Asia Journal of South Asian Studies 22(s1), pages 183—195 doi:10.1080/00856408708723381
↑Nasrullah; Muazzam (2010). «Newspaper reports: a source of surveillance for burns among women in Pakistan». Journal of Public Health. 32 (2): 245–249. doi:10.1093/pubmed/fdp102. PMID19892782.