Մարգարետ Մաթցենաուեր գերմ.՝ Margaret Matzenauer | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1881[1][2][3] |
Ծննդավայր | Տիմիշոարա, Ռումինիա |
Մահացել է | մայիսի 19, 1963[1][2][3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, ԱՄՆ և Իտալիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Ամուսին | Edoardo Ferrari-Fontana? |
Margarete Matzenauer Վիքիպահեստում |
Մարգարետ Մաթցենաուեր (հունիսի 1, 1881[1][2][3], Տիմիշոարա, Ռումինիա - մայիսի 19, 1963[1][2][3], Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ձայնային հարուստ տեմբրով և լայն դիապազոնով օպերային մեցցո-սոպրանո, որը Եվրոպայում և ԱՄՆ-ում հանդես է եկել իտալական և գերմանական օպերային երգացանկի գլխավոր գործերով[4][5]։
Ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրության Տեմեսվար (այժմյան Ռումինիայի Տիմիշոարա)[4] քաղաքում։ Հայրը՝ Լյուդվիգը, դիրիժոր էր, մայրը՝ օպերային երգչուհի։ Ինքն իրեն հունգարացի է համարել, թեև ունեցել է գերմանական արյուն ու հրեական արմատներ[6][7]։
Օպերային արվեստ սովորել է Գրաց և Բեռլին քաղաքներում և դեբյուտով հանդես եկել 1901 թվականին Վեբերի «Օբերոն» օպերայում՝ կատարելով Փուկի դերերգը, որից հետո հանդես է եկել գլխավոր դերակատարումներով, ինչպիսիք են՝ Ասուսենան «Տրուբադուր» օպերայում, Կարմենը, Մինյոնը, Վալտրաուտն ու Էրդան «Նիբելունգի մատանին» և Օրտրուդը «Լոհենգրին» օպերաներում։ Եվրոպայում հաջողության է հասել որպես կոնտրալտո և մեցցո-սոպրանո և 1911 թվականին մասնակցել բայրոյթյան փառատոնին։ Գայթակղությունը մեծ է եղել կատարելու նաև սոպրանո դերերգեր, սակայն հաջողություն չի արձանագրել սահմանափակ բարձր նոտաների պատճառով։
Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում որպես մեցցո իր դեբյուտը կատարել է 1911 թվականի նոյեմբերի 13-ին՝ «Աիդա» օպերայում կատարելով Ամներիսի դերերգը, որտեղ Էմմի Դեստինը հանդես էր գալիս որպես Աիդա, իսկ Էնրիկո Կարուզոն՝ Ռամեդեսի դերերգով։ Մի քանի օր անց ձայնի բազմերանգությունը ցուցադրել է՝ հանդես գալով Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայում։
1911 թվականին ամուսնացել է գործընկերոջ՝ իտալացի ծագմամբ դրամատիկ տենոր Էդոարդո Ֆերրարի-Ֆոնտանայի հետ (1878-1936), ավտոմատ կերպով ստացել իտալական քաղաքացիություն, սակայն ամուսնությունն ավարտվել է 1917 թվականին՝ ամուսնալուծությամբ։
Ունեցել է էյդետիկ հիշողություն, որի շնորհիվ 1912 թվականի հունվարի 1-ին փրկել է Մետրապոլիտեն թատրոնի ղեկավարությանը՝ ընդամենը մի քանի օրվա ծանուցումից հետո հանդես գալով «Պարսիֆալ» օպերայում Կունդրիի դերերգով․ բարձր պահանջարկ վայելող մի դեր, որը նախկինում ինքը չէր երգել։
Մետրոոպոլիտեն թատրոնում մնացել է 19 համերգաշրջան, կատարել բազմաթիվ դերեգեր, այդ թվում՝ առաջին անգամ այնտեղ բեմադրված (1920) «Դոն Կարլոս» օպերայից Էբոլին, Սանտուցան, Մարինան «Բորիս Գոդունով» օպերայից, Լեոնորը «Ֆիդելիո» և Բրյունհիլդը «Վալկիրիա» օպերաներից։ Մետրոպոլիտեն օպերայում հրաժեշտի համերգը կայացել է 1930 թվականի փետրվարի 17-ին Ամներիսի դերերգով, սակայն շարունակել է օպերաներ երգել ու համերգներով հանդես գալ այլ վայրերում։
1924 թվականին հատուկ կիրակնօրյա համերգով դաշնակահար Սոլիտո դե Սոլիսի հետ հանդես է եկել Լոնդոնի Royal Albert Hall դահլիճում[8]։
1936 թվականին խաղացել է Մադամ Պոմպոնիի դերը Columbia Pictures ամերիկյան կինոստուդիայում նկարահանված «Պարոն Դիդսը տեղափոխվում է քաղաք» կատակերգության մեջ։
Նաև զբաղվել է դասավանդելով․ նրա աշակերտներից էին մեցցո-սոպրանոներ Բլանշ Թեբոմը և Նելլ Թենջիմենը։ Վերջին անգամ բեմում հանդես է եկել բրոդվեյյան «Վիքի» կոմեդիայում 1942 թվականին[4]։
Գաբրիելա Բեսանցոնիի ու Մաթիլդա Բլանկո Սադունի հետ համարվել է տենոր Ջիակիմո Վոլպիի կարիերայում հանդիպած երեք իսկական կոնտրալտոներից մեկը[9]։
Վախճանվել է 1963 թվականին Կալիֆոռնիայի Վան Նայս շրջանի հիվանդանոցներից մեկում[4][5]։
Դուստրը՝ Ադրիեն Ֆոնտանան, գիշերային ակումբի նախկին երգչուհի էր, որը հետագայում Dumont Network հեռուստաալիքով վարել է «Champagne and Orchids» հեռուստաշոուն[10]։ Մաթցենաուերը միջին չափսի ձայնասկավառակների մի շարք ձայնագրություններ է արել, որոնց մեծ մասն այսօր առկա է CD վերաթողարկումներով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Մաթցենաուեր» հոդվածին։ |
|