Մարգարիտա Արգուաս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1902 |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | հուլիսի 27, 1986 (83 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան և Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | ակադեմիկոս և դատավոր |
Աշխատավայր | Բուենոս Այրեսի համալսարան և Արգենտինայի Գերագույն դատարան |
Պարգևներ և մրցանակներ |
Մարգարիտա Արգուաս (հոկտեմբերի 29, 1902, Բուենոս Այրես, Արգենտինա - հուլիսի 27, 1986, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, որն այս մասնագիտության մեջ առաջին կանանցից մեկն էր։ Առաջին կինն էր, որ պաշտոն է զբաղեցրել Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, նշանակվել Իրավունքի և Սոցիալական Գիտությունների Ազգային Ակադեմիայում, ինչպես նաև ծառայել Արգենտինայի գերագույն դատարանում։ Միջազգային Իրավունքի Ասոցիացիայի առաջին կին պրեզիդենտն էր 1968 - 1970 թվականների ընթացքում, ինչպես նաև Հաագայի Միջնորդ դատարանի մշտական պալատի անդամ 1977 - 1983 թվականների ընթացքում։ 1986 թվականին քաղաքացիական և միջազգային իրավունքի ասպարեզում կատարած աշխատանքի համար հետմահու պարգևատրվել է Կոնեքս մրցանակով։
Մարգարիտա Արգուաս Ռոյոլը ծնվել է 1902 թվականի հոկտեմբերի 29-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, Մարգարիտա Ռոյոլի ու Դոմինգո Արգուասի ընտանիքում։ Միջնակարգն ավարտելուց հետո 1923 թվականին ընդունվել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1925 թվականին։ Շարունակել է կրթությունը և 1926 թվականին պաշտպանել դոկտորական թեզ «Միջավայրն է կանխորոշում իրավաբանական ազդեցությունը քաղաքացիական օրենսդրության և Արգենտինայի իրավագիտության ոլորտում» (իսպ.՝ La regla locus regit actum, en la legislación civil y la jurisprudencia argentin) թեմայով[1]։ Այս թեզի համար արժանացել է Premio Accésit մրցանակի և թեզը տպագրվել է 1928 թվականին[1][2]։
1926 թվականին Արգուասը դարձել է Բուենոս Այրեսի համալսարանում միջազգային իրավունք դասավանդող, ինչպես նաև իրավաբանության ֆակուլտետում Կառլոս Վիկոյի ղեկավարած ամբիոնում նշանակված առաջին կինը։ Նույն տարում տպագրել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին պայմանագիր» (իսպ.՝ Tratado de Derecho Internacional Privado)[3] աշխատությունը, որն առաջ էր քաշում այն գաղափարը, որ միջազգային պայմանագրերում կողմերի շահերը կարևոր նշանակություն ունեն պայմանագրային և առևտրային իրավունքի տեսանկյունից[4]։ 1933 թվականին նրան բարձրացրել են պրոֆեսորի օգնականի աստիճանի, որը նրան թույլ էր տալիս դասախոսությունների ժամանակ փոխարինել պրոֆեսոր Կառլոս Վիկոյին[3]։ 1939 - 1940 թվականների ընթացքում Մոնտեվիդեոյի երկրորդ համագումարում ծառայել է որպես խորհրդատվական քարտուղար[5]։ Համագումարը վերանայում էր Արգենտինայի, Բոլիվիայի, Պարագվայի, Պերուի ու Ուրուգվայի միջև 1889 թվականին կնքված միջազգային իրավական հարցերի վերաբերյալ պայմանագրերը, որոնք թեմաների լայն շրջանակ էին ընդգրկում, այդ թվում՝ առևտրային իրավունք, մտավոր սեփականության, նավարկության, քրեական օրենսդրության բարեփոխումներ, քաղաքական ապաստան և բանկային, կրթական և մասնագիտական դասակարգման համար փոխադարձության տարբեր բնութագրեր[6]։ Տաս տարվա դասավանդումից հետո 1943 թվականին Արգուասը հրաժարական է ներկայացրել՝ ի պատասխան Պեդրո Ռամիրեսի վարչակարգի կողմից համալսարանական պրոֆեսորների զանգվածային հեռացման[7]։
1945 թվականին համալսարանը փորձել է նրան վերականգնել, սակայն Արգուասը մերժել է, պատասխանելով՝ «Երկար ժամանակ լրջորեն խորհրդածել եմ զբաղեցրած պաշտոնի մասին․ քանի դեռ ազգս սահմանադրության մեջ նշված օրինական միջոցներով չի վերստացել իր հիմնարար գործունեության ազատությունն ու չի մտել օրինական նորմալության մեջ, ես չեմ կարող վերականգնվել մասնավոր միջազգային իրավունքի ամբիոնում»։ 1946 թվականին նրան նորից են հրավիրել ու թեև նա վերադարձել է մարտին, նոյեմբերին կրկին հրաժարական է ներկայացրել, պնդելով, որ Ֆարրելլի ու Պերոնի կառավարությունները նույնպես սահմանադրորեն անհամապատասխան են[8]։
1947 թվականին Արգուասը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Փարիզի համալսարանում Ժան-Պոլին Նոյբեթի կազմակերպած միջազգային իրավունքի դասընթացներին[5]։ 1955 թվականի դեկտեմբերին, երբ կրթության նախարարությունը փորձել է վերականգնել նախորդ քաղաքական ռեժիմի ճնշման տակ ազատված պրոֆեսորներին ու համալսարանին ինքնավարություն է շնորհել, Արգուասը վերադարձել է Կառլոս Վիկոյի ամբիոն։ Հաջորդ տարի միջազգային մասնավոր իրավունքում իր փորձագիտության համար նա պարգևատրվել է երկրորդ աստիճանի պատվո շքանշանով[9]։ Հաջորդ տասնամյակի ընթացքում տարբեր ժամանակահատվածներում նա փոխարինել է Վիկոյին, միաժամանակ լինելով տնօրենի տեղակալ[5]։ Զուգահեռաբար ներկայացրել է Արգենտինան որպես պատվիրակ բազմաթիվ միջազգային գիտաժողովներում, այդ թվում՝ 1956 թվականին Սանտո Դոմինգոյում անցկացված 11-րդ պան-ամերիկյան կանանց ընկերության համագումարը, 1958 թվականին Երուսաղեմում անցկացված իրավաբանների համագումարը և 1958 թվականին Բրյուսելում անցկացված համեմատական իրավունքի 5-րդ միջազգային համագումարը[10]։ 1966 թվականին նշանակվել է պրոֆեսոր՝ դառնալով Բուենոս Այրեսի համալսարանի առաջին կին տիտղոսակիր պրոֆեսորը[5]։
1968 թվականին Արգուասը դարձել է Արգենտինայի Իրավունքի և Սոցիալական Գիտությունների Ազգային ակադեմիայում նշանակված առաջին կինը, և նույն տարում ընտրվել Միջազգային իրավունքի ասոցիացիայի առաջին կին նախագահ։ Որպես նախագահ երկամյա ժամկետն ավարտելուց հետո 1974-1975 թվականներին աշխատել է որպես փոխնխագահ, իսկ մինչ իր մահը՝ որպես արգենտինյան բաժանմունքի նախագահ[11]։ 1970 թվականի հոկտեմբերի 7-ին պրեզիդենտ Ռոբերտո Լիվինգստոնը Արգուասին նշանակել է Արգենտինայի գերագույն դատարանում[12], որպեսզի վերջինս կատարի Խոսե Բիդոյի պարտականությունները, որը մահացել էր ծառայության ժամկետը չլրացած[13][Notes 1]։ Այս նշանակմամբ Արգուասը դարձել է առաջին արգենտինացի կինը, որը ծառայել է երկրի բարձրագույն դատարանում և շարունակել աշխատել մինչև 1973 թվականի մայիսի 24-ը[12][13]։ 1971 թվականին Կանանց Իրավունքի մեքսիկական ազգային խորհրդի կողմից արժանացել է «Ամերիկաների լեդի» մրցանակին։ 1977 - 1983 թվականների ընթացքում ծառայել է որպես Հաագայի Միջնորդ դատարանի մշտական պալատի անդամ։ 1980 թվականին միջազգային արդարադատության ոլորտում իր գործունեության համար «Ռոթարի Ինտերնացիոնալ» կազմակերպության կողմից արժանացել է «Արծաթե երեքնուկ»-ի[11]։
Արգուասը մահացել է 1986 թվականի հուլիսի 27-ին Բուենոս Այրեսում․ երբևէ չի ամուսնացել ու երեխաներ չի ունեցել[1]։ Նույն տարում իր ձեռքբերումների համար հետմահու արժանացել է Կոնեքս մրցանակի[11]։ Հայտնի է մասնավոր միջազգային իրավունքի բնագավառում իր ռահվիրայական գործունեությամբ ու միջազգային առևտրային և պայմանագրային համաձայնագրերի վրա տեղական սովորույթների ազդեցությունը հասկանալուն նպաստող աշխատանքով։ 2017 թվականին Բուենոս Այրեսի համալսարանում անցկացվել է սեմինար՝ ի ճանաչումն Արգենտինայի իրավագիտության նեջ նրա ներդրումների[4]։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)