Մարիա Սեմփլ անգլ.՝ Maria Semple | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան, գրող, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բերնարդ քոլեջ և Չոութ Ռոզմարի Հոլ |
Համատեղ ապրող | George Meyer? |
Կայք | mariasemple.com |
Maria Semple Վիքիպահեստում |
Մարիա Սեմփլ (անգլ.՝ Maria Keogh Semple, մայիսի 21, 1964, Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի կին գրող, սցենարիստ, պրոդյուսեր և դերասանուհի։ «Այս մեկը իմն է» (This one is mine) (2008), «Ո՞ւր ես կորել, Բերնադետ» (2012), «Այսօր կլինի այլ կերպ» (2016) վեպերի հեղինակն է[2][3][4]։ Մասնակցություն է ունեցել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի և մի քանի տարածված հեռուստասերիալների ստեղծման գործում, այդ թվում` «Բևեռլի-Հիլզ, 90210», «Քեզանից խենթ», «Դանդաղեցված զարգացում»։
Մարիան ծնվել Է Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում, սակայն շուտով նրա ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա։ Մարիայի հայրը՝ Լորենցո Սեմփլ կրտսերը, գրել է «Բեթմեն» հեռուստասերիալի պիլոտային դրվագի սցենարը։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես, այնուհետև` Կոլորադոյի Ասպեն քաղաք։ Սեմփլը հաճախել է Չոութ Ռոզմարի Հոլ դպրոց-ինտերնատը, հետո` 1986 թվականին, Բարնարդ քոլեջում ստացել է անգլերենի բակալավրի աստիճան[5]։
Որպես սցենարիստ` Մարիա Սեմփլն առաջին անգամ աշխատել է «Բևեռլի-Հիլզ, 90210» հեռուստասերիալի շրջանակներում։ «Քեզանից խենթ» հեռուստասերիալի սցենարային աշխատանքներին մասնակցելու համար 1997 թվականին Մարիան առաջադրվել է «Էմմի» մրցանակի։ Իսկ «Դանդաղեցված զարգացում» հեռուստասերիալի համար 2006 և 2007 թվականներին առաջադրվել է ԱՄՆ Գիլդիայի սցենարիստների մրցանակի։
2004 թվականին Մարիան էպիզոդիկ դերով նկարահանվել է Դևիդ Ռասսելի «Սրտեր կոտրողները» կատակերգությունում։ Իսկ 2010 թվականին նրա «This one is mine» վեպը դարձել է «Pacific Northwest Booksellers Association Award» մրցանակի ֆինալիստ։ Մարիան Սիեթլի գրական խմբակի ակտիվ անդամ է և «Seattle7Writers» կոլեկտիվի հիմնադիրներից մեկը։ Նրա ստեղծագործությունները բազմիցս տպվել է «The New Yorker» ամսագրում։ Նա նաև հանրային գրողների` շահույթ չհետապնդող կենտրոնում` «Hugo House»-ում, դասավանդել է գեղարվեստական գրականություն[5]։
Մարիա Սեմփլի բոլոր վեպերը, մասնավորապես, «This one is mine» (2008), «Ո՞ւր ես կորել, Բերնադետ» (2012), «Այսօր կլինի այլ կերպ» (2016) վեպերը հրատարակվել են «Little, Brown and Company» հրատարակչությունում։ «This One is Mine» վեպը պատմում է մի կնոջ մասին, որն ունի ամեն ինչ՝ սիրող ընտանիք և փող, բայց նա իրեն երջանիկ չի զգում, ինչը նրան ստիպում է վտանգավոր որոշումներ կայացնել՝ հետապնդելով ինչ-որ «մեծ» բանի։ «Ո՞ւր ես կորել, Բերնադետ» վեպը պատմում է տաղանդավոր ճարտարապետի, տիկին և ընտանիքի մայր Բերնադետի մասին, որն ամեն կերպ փորձում է հարմարվել Սիեթլի կյանքին և դեպի Անտարկտիդա կատարած ընտանեկան ուղևորությունից առաջ անսպասելիորեն անհետ կորում է։ Վեպը մեկ տարի ընդգրկված է եղել Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում և տպագրվել ավելի քան 25 երկրներում[6][7]։ 2013 թվականին «Annapurna Pictures» և «Color Force» ընկերությունները գրքի էկրանավորման իրավունք են ստացել[8]։ Նոյեմբերին հայտնի է դարձել, որ ֆիլմում գլխավոր դերը մարմնավորելու է Քեյթ Բլանշետը[9]։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի օգոստոսի 16-ին, իսկ Ռուսաստանում` սեպտեմբերի 5-ին[10]։ «Այսօր կլինի այլ կերպ» վեպի գործողությունները ծավալվում են մեկ օրվա ընթացքում։ Գլխավոր հերոսուհին որոշում է այս օրն ապրել լավագույն կերպով, բայց տարբեր հանգամանքներ փորձում են խանգարել նրան։ «HBO» կաբելային հեռուստաալիքը նախատեսում է «Այսօր կլինի այլ կերպ» վեպի հիման վրա նկարահանել մինի սերիալ, որտեղ գլխավոր դերում հանդես կգա Ջուլիա Ռոբերտսը[11]։
Սեմփլը հարաբերությունների մեջ է «Սիմփսոնները» կուլտային սիթքոմի հեղինակներից մեկի` Ջորջ Մեյերի հետ։ Զույգն ունի մեկ դուստր։ Ներկայումս նրանք բնակվում են Սիեթլում[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Սեմփլ» հոդվածին։ |
|