Երկիր | Իրան |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Պարսկահայք |
Վարչկենտրոն | Մարի |
Հիմնական լեզու | ասորերեն, պահլավերեն, մարերեն |
Ազգային կազմ | ասորիներ, մարեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն, ասորական ուղղափառ եկեղեցի |
Մարի, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է Մարի բնակավայրը, որը համապատասխանում է ժամանակակից Իրանի տարածքում գտնվող Մարգավար գյուղական համայնքին, որի տարածքում, սակայն, նմանատիպ անուններով կա Միրաբադ գյուղը (պարս.՝ ميراباد)։ Այլ բնակավայրերից հայտնի են Պերիան և Շիրականը (պարս.՝ شيركان)[2]։
Մարի անվան ստուգաբանությունը հայտնի չէ․ այդ անունն է կրում նաև Մարի քաղաքը, որը հանդիսացել է գավառի կենտրոնը, ինչպես նաև գետը, որը թափվում է Ուրմիո (Կապուտան) լիճ։
Մարին եղել է Պարսկահայքի ինը գավառներից մեկը[3]։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում սահմանակցել է Թրաբի, հարավում՝ Արասխ գավառներին իսկ արևելքում Ուրմիո (Կապուտան) լիճն էր, իսկ հյուսիսարևմտյան նեղ մասով ընդհանուր սահման ուներ Կորճայք նահանգի Կարթունիք գավառի հետ։ Հարավ-արևմուտքում՝ Կոտուր-Վասպուրականի լեռներից այն կողմ ընդհանուր սահման ուներ Ադիաբենեի հետ (Նիխորական գավառ)։ Հելլենիստական շրջանում այն պատկանում էր Պարթևստանին, ապա՝ դրա իրավահաջորդ Սասանյան Պարսկաստանին։
Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիայի շրջանի (պարս.՝ شهرستان اشنویه) մի մասին։
Գավառը Պարսկահայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Ավատատիրության հաստատման շրջանում՝ 4-րդ դարի ընթացքում, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Պարսկահայքի կենտրոնական և հարավային գավառները, այդ թվում Մարին, ինչպես նաև Հյուսիսային Միջագետքի երեք գավառներ (Նիխորական, Դասն և Մահկերտ տուն), կարճ ժամանակով անցել են Արշակունիների հպատակության Նոր Շիրականի բդեշխության կազմ[4]։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։
Ինչպես գավառը, այնպես էլ Պարսկահայք նահանգի կենտրոնական և հարավային բոլոր այլ գավառները, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող մարերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, իսկ ասորիները մնացել են քրիստոնյա, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի և ազարիների ներհոսք։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |