Միխայիլ Սաբլին | |
---|---|
![]() | |
հունիսի 17, 1869 - հոկտեմբերի 17, 1920 (51 տարեկան) | |
Ծննդավայր | Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Յալթա, Տավրիկյան նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Գերեզման | Սուրբ Վլադիմիրի տաճար |
Զորատեսակ | Ռուսական կայսրության նավատորմ |
Կոչում | փոխծովակալ |
Հրամանատարն էր | Ռուսական կայսրության Սևծովյան նավատորմ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, իխետուան և Ցուսիմայի ճակատամարտ |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց |
Պարգևներ |
Միխայիլ Պավլովիչ Սաբլին (ռուս.՝ Михаил Павлович Саблин, ուկրաիներեն՝ Миха́йло Па́влович Са́блін. հունիսի 17, 1869, Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1920, Յալթա, Տավրիկյան նահանգ, Խորհրդային Ռուսաստան)[1], ռուսական կայսերական նավատորմի ծովակալ և ռուսական Սպիտակ շարժման ներկայացուցիչ, Ուկրաինայի առաջին անկախ ռազմածովային նավատորմի հրամանատար։
Սաբլինը ծնվել է Սևաստոպոլում, ծովայինի ընտանիքում. նրա հայրը փոխծովակալ Պավել Սաբլինն էր, իսկ եղբայրը՝ Նիկոլայ Պավլովիչ Սաբլինը, նույնպես ռազմածովային սպա էր։
Միխայիլը 1890 թվականին ավարտել է Պետրոգրադի ծովային կադետական կորպուսը և կրտսեր սպայական կոչումով ծառայության անցել Ռուսաստանի Սևծովյան նավատորմում: Ռուսական տորմիղի կազմում մեկնել է Չինաստան, մասնակցել բոքսերների ապստամբության ճնշմանը: 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ նա Oslyabya նավի սպա էր: Այդ նավը խորտակվեց Ցուսիմայի ճակատամարտի ժամանակ, բայց նա կարողացավ փրկվել:
Պատերազմի ավարտից հետո Սաբլինը վերադարձել է Ռուսաստան և կրկին ծառայել Սևծովյան նավատորմում՝ ղեկավարելով էսկադրային ականակիր և թնդանոթակիր հածանավ, իսկ 1912 թվականին ստանձնեալ է Ռոստիսլավ ռազմանավի հրամանատարությունը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա ղեկավարել է Սևծովյան նավատորմի հածանավային էսկադրիլիան և մասնակցել բազմաթիվ մարտական գործողությունների Կայսերական գերմանական նավատորմի և օսմանյան նավատորմի դեմ, դրսևորել խիզախություն, ինչի համար պարգևատրվել է Սուրբ Գեորգիի շքանշանով: 1915 թվականին ստացել է դերծովակալի կոչում: 1915 - 1918 թվականներին ղեկավարել է Սև ծովի ականանետային պաշտպանությունը։ 1916 թվականին եղել է 2-րդ ռազմանավային բրիգադի հրամանատարը, 1917 - 1918 թվականներին՝ Սևծովյան նավատորմի գլխավոր շտաբի պետը: Ռուսական հեղափոխությունից հետո՝ 1918 թվականի փետրվարից մինչև հունիսի 17-ը Սաբլինն ստանձնել է խորհրդային կառավարությանը ենթակա Սևծովյան նավատորմի հրամանատարությունը[1][2]։
1918 թվականի ապրիլի 29-ին պաշտոնապես հայտարարել է, որ ամբողջ նավատորմը Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության սեփականությունն է, և հրամայել է իր նավերի վրա ու Սևաստոպոլի ամրոցի վերևում բարձրացնել Ուկրաինայի ժողովրդական Հանրապետության դրոշը[3]: 1918 թվականի մայիսին գերմանացիները ներխուժեցին Ղրիմ, և Սաբլինն իր նավատորմի մի մասը (երկու մարտանավ և տասնչորս էսկադրային ականակիր) գերությունից ազատելու նպատակով տեղափոխեց Նովոռոսիյսկ։ Լենինը նրան հրամայեց խորտակել իր նավերը, սակայն նա հրաժարվեց դա անել և մեկնեց Մոսկվա՝ անձամբ Լենինին հանդիպելու և իր գործը պաշտպանելու համար: Այստեղ Սաբլինն անմիջապես ձերբակալվեց ու բանտարկվեց բոլշևիկների կողմից[4], բայց 1918 թվականի օգոստոսին փախավ և ճանապարհ ընկավ Միացյալ Թագավորություն՝ հետագայում Ղրիմում Պավլո Սկորոպադսկու հակաբոլշևիկյան ուժերին միանալու նպատակադրումով: Սաբլինը ղեկավարում էր Սպիտակ շարժման ռազմածովային ուժերը, բայց 1920 թվականին վատառողջության պատճառով ստիպված էր թողնել ծառայությունը:
Նա մահացավ 1920 թվականի հոկտեմբերի 17-ին Յալթայում, լյարդի քաղցկեղից: Հուղարկավորվեց Սևաստոպոլում։