Միջսերնդային ընդհատման ընդլայնված աստիճանակարգված սանդղակ

Միջսերնդային ընդհատման ընդլայնված աստիճանակարգված սանդղակ (անգլ.՝ Expanded Graded Intergenerational Disruption Scale (EGIDS)), սանդղակ է, որը չափում է լեզվի զարգացածության և կենսունակության աստիճանը։ Սանդղակը մշակել են Փոլ Լյուիսը և Գարի Սայմնզը` 2010 թվականին[1][2]: Այն հաշվի է առնում մի քանի գործոն. պաշտոնական կարգավիճակը, ներկայացվածությունը լրատվամիջոցներում կամ սերնդեսերունդ փոխանցումը: Սանդղակն օգտագործվում է Ethnologue հեղինակավոր տեղեկագիրը` լեզուներն ըստ պահպանվածության աստիճանի դասակարգման համար[3]: Միջսերնդային ընդհատման ընդլայնված աստիճանակարգված սանդղակը` Ջոշուա Ֆիշմանի մշակած միջսերնդային ընդհատման աստիճանակարգված սանդղակի (GIDS) առավել բարելավված տարբերակն է:

Սանդղակի աստիճաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորեւ ներկայացված պատկերը և ցուցակը ներկայացնում են սանդղակի տարբեր աստիճանները. Միջսերնդային ընդհատման ընդլայնված աստիճանակարգված սանդղակը

Աստիճան Բնորոշում Նկարագրություն ՅՈՒՆԵՍԿՕ
0 Միջազգային «Լեզուն օգտագործվում է միջազգայնորեն` լայնածավալ գործառույթների համար:» Ապահով
1 Ազգային «Լեզուն օգտագործվում է կրթության, աշխատանքի, զանգվածային լրատվության, կառավարման ոլորտներում` համապետական մակարդակով:» Ապահով
2 Համայնքային «Լեզուն օգտագործվում է տեղական և համայնքային լրատվամիջոցներում և վարչարարության մեջ:» Ապահով
3 Առևտրային «Լեզուն օգտագործվում է տեղական և համայնքային աշխատանքում` տեղացիների և օտարների կողմից:» Ապահով
4 Կրթական «Լեզվի գրագիտությունը փոխանցվում է հանրային կրթության միջոցով:» Ապահով
5 Գրավոր «Լեզուն բանավոր օգտագործում են համայնքի բոլոր անդամները, ինչպես նաև` համայնքի առանձին մասերում արդյունավետ օգտագործվում է գրավոր ձևով:» Ապահով
6a Կենսունակ «Լեզուն բանավոր կերպով օգտագործում են համայնքի բոլոր ներկայացուցիչները և որպես առաջին լեզու սովորում են երեխաները:» Ապահով
6b Վտանգված «Լեզուն բանավոր կերպով օգտագործում են համայնքի բոլոր ներկայացուցիչները, սակայն երեխա ունեցող սերունդի միայն մի մասն է այն սովորեցնում իր զավակներին:» Խոցելի
7 Փոխակերպվող «Երեխա ունեցող սերունդը բավականաչափ տիրապետում է լեզվին, որպեսզի կարողանա խոսել իրար մեջ, սակայն նրանցից ոչ մեկը չի սովորեցնում այն իր զավակներին:» Որոշակիորեն վտանգված
8a Մահամերձ «Լեզվով միակ ակտիվ խոսողները մեծ ծնողների սերնդի ներկայացուցիչներն են:» Լրջորեն վտանգված
8b Գրեթե մեռած «Լեզվով միակ խոսողները մեծ ծնողների կամ ավելի ծեր սերնդի ներկայացուցիչներն են, ովքեր ունեն լեզվով խոսելու սահմանափակ հնարավորություն:» Ծայրահեղ վտանգված
9 Քնած «Լեզուն ծառայում է որպես հուշ` ազգային համայնքի ժառանգության ինքնագիտակցության համար: Ոչ մեկը չի տիրապետում դրան առավել, քան խորհրդանշական մակարդակով:» Մեռած
10 Մեռած «Ոչ մեկը չի պահպանում որևէ ազգային ինքնագիտակցություն, նույնիսկ խորհրդանշական նպատակով, որը կառնչվի լեզվին:» Մեռած

Լեզվի կայունություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվի կայունության FAMED չափանիշներով.

  • (Function (կիրառություն. օգտագործվում է հաղորդակցական բոլոր նպատակների համար);
  • Acquisition (փոխանցում. կա սերունդների միջև փոխանցման պատշաճ փոխանցում);
  • Motivation (շահագրգռվածություն. կա տրամադրվածություն` լեզվով խոսելու);
  • External Environment (արտաքին միջավայր. բարենպաստ պայմաններ` ուսումնական հաստատություններում, սոցիալական միջավայորում կիրառելու համար);
  • Distinct Niche (հստակ տարանջատվածություն. համայնքը հստակ տարբերակում է իրեն` լեզվի միջոցով)[4]:

Լեզուները մշտապես չեն մնում նույն աստիճանի վրա, և դրանց կայունության աստիճանը կարող է փոխվել ժամանակի ընթացքում: Լինում են սակավ դեպքեր, երբ իններորդ մակարդակում գտնվող լեզուն վերականգնվում է և դառնում է ապահով, օրինակ` եբրայերենը: Սակայն դա հնարավոր է լինում անել միայն հին աղբյուրներից, և լեզուն ունենում է բնական զարգացման ընդհատում: Շատ հաճախ` պակասող բառամթերքը լրացվում է հորինված նոր բառերի ներդրմամբ: Լեզվի վերականգնումը նաև կարող է հնչյունային տարբերություններ ստեղծել լեզվի հին և նոր տարբերակների միջև:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lewis, M. Paul; Simons, Gary F. (2010). «Assessing endangerment: Expanding Fishman's GIDS» (PDF). Revue roumaine de linguistique. 55 (2): 103–120. Վերցված է 28 March 2020-ին.
  2. «Language Status». Ethnologue (անգլերեն). Վերցված է 2022-07-01-ին.
  3. Escala EGIDS
  4. Lewis, M. Paul, & Simons, Gary. F. (2010). Assessing Endangerment: Expanding Fishman's GIDS. Romanian Review of Linguistics, 55(2), 103-120.