Տեսակ | ժամաշտարակ |
---|---|
Երկիր | Իսրայել |
Տեղագրություն | Յաֆֆա |
Ճարտարապետական ոճ | օսմանյան ճարտարապետական ոճ |
Հարկեր | 3 |
Հիմնադրված է | 1903 |
Ժամացույցի աշտարակ (անգլ.՝ מגדל השעון, Միգդալ հա-Շաոն, արաբ․՝ يافا برج الساعة), Օսմանյան ժամանակաշրջանում Պաղեստինում կառուցված 7 ժամացույցի աշտարակներից մեկը։ Կառուցվել է յաֆֆացի ժամագործ և ոսկերիչ Մորից Շայնբերգի կողմից։ Պաղեստինում կառուցված այս աշտարակը նվիրված է Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ի թագադրության 25-ամյակին։ Աշտարակը կառուցվել է Յաֆֆայի արաբ և հրեա բնակիչների հանգանակած միջոցներով։ Տարելիցի կապակցությամբ Օսմանյան կայսրության տարածքում ընդհանուր առմամբ կառուցվել է ավելի քան հարյուր աշտարակ[1]։ Աշտարակը գտնվում է Յաֆֆայի հյուսիսային մուտքից Եֆեթ փողոցի մեջտեղում, կառուցվել է կրաքարից[2], աշտարակի ձևը հիշեցնում է եվրոպական եկեղեցի, իսկ գմբեթը պատված է պղնձով։ Աշտարակն ունի երկու ժամացույց, զանգ, որը հնչում է ժամը երկու անգամ, 1948-1949 թվականներին արաբա-իսրայելական պատերազմում[3] սպանված իսրայելցիների հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Աշտարակի ժամացույցը ցույց է տալիս տեղական և եվրոպական ժամանակը[4]։ Աշտարակը գտնվում է «ժամացույցի հրապարակում»։
Առաջին քարը դրվել է 1900 թվականի սեպտեմբերին, իսկ շինարարությունն ավարտվել է 1903 թվականին։ Աշտարակի շինարարությունը քաղաքում նշանավորվեց մշակութային փոփոխությամբ. մինչ այդ քաղաքի բոլոր ժամացույցները տեղադրված էին մզկիթների և եկեղեցիների զանգակատների աշտարակներին, «քաղաքացիական» աշտարակի շինարարությունը նշանակում էր հասարակության անցում դեպի աշխարհիկ կողմը։
19-րդ դարում՝ քաղաքային պատերի ավերումից հետո, ժամացույցի հրապարակը դարձավ քաղաքի կենտրոնական վայրերից մեկը։ Այնտեղ գործում էին շուկաներ, պետական հաստատություններ և առևտրական կենտրոններ, ինչպես նաև հասարակական տրանսպորտի «կենտրոնական կայարանը», որտեղից սայլերը և կառքերը ուղևորվում էին Էրեց Իսրայելի բոլոր կողմերը։
Աշտարակի ժամացույցի մեխանիզմը սպասարկող առաջին ժամագործը եղել է Նեթանել Մարկովիչը։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերի կողմից Յաֆֆայից հրեաների արտաքսման ժամանակ Մարկովիչը թուրքական իշխանություններից քաղաքում մնալու հատուկ թույլտվություն ստացավ՝ ժամացույցը սպասարկելու և կարգավորելու համար։
1965 թվականին աշտարակը վերականգնվեց Թել Ավիվի քաղաքապետարանի կողմից։ Ժամացույցը փոխարինվեց, ժամացույցի աշտարակի պատուհանները և որմնախորշերը զարդարվեցին Յաֆֆայի պատմությունը պատկերող ձևավոր ցանցերով[4][5]։ Երկար տարիներ չգործելուց հետո՝ աշտարակը նորից վերականգնվեց 2001 թվականին։
2004 թվականին ժամացույցի աշտարակը հայտնվեց իսրայելական փոստային նամականիշների վրա[6][7]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յաֆֆայի ժամացույցի աշտարակ կատեգորիայում։ |