Նունցիա դե Ջիրոլամո

Նունցիա դե Ջիրոլամո
իտալ.՝ Nunzia De Girolamo
 
Կուսակցություն՝ Ազատության ժողովուրդ, Առա՜ջ, Իտալիա, Առաջ, Իտալիա և New Centre-Right?
Կրթություն՝ Հռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և հեռուստահաղորդավարուհի
Ծննդյան օր հոկտեմբերի 10, 1975(1975-10-10) (49 տարեկան)
Ծննդավայր Բենևենտո, Կամպանիա, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Nunzia De Girolamo
Ամուսին Francesco Boccia?
 
Կայք՝ nunziadegirolamo.it

Նունցիա դե Ջիրոլամո (իտալ.՝ Nunzia De Girolamo, հոկտեմբերի 10, 1975(1975-10-10), Բենևենտո, Կամպանիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Լետայի կառավարությունում գյուղատնտեսության, սննդի և անտառային քաղաքականության նախարար (2013-2014), Պատգամավորների պալատում պոպոլյարների խմբակցության նախագահ (2014-2015)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նունցիա Դե Ջիրոլամոն ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Բենևենտոյում, Բենևենտոյի ագրարային կոնսորցիումի բազմամյա տնօրեն Նիկոլա դե Ջիրոլամոյի դուստրն է[1]։ Ավարտել է Բենևենտոյի Պիետրո Ջանոնի անվան դասական վարժարանը, ապա՝ Հռոմի Լա Սապիենցա համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Զբաղվել է քաղաքացիական, աշխատանքի, առևտրային և բանկային իրավունքի դատական պրակտիկայով և այդ ոլորտում համագործակցել Սանիոյի և Մոլիզեի համալսարանների հետ[2]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականությամբ զբաղվել է 2007 թվականից՝ հայրենի քաղաքում դառնալով «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության համակարգողը (անձամբ ծանոթացել է Բերլուսկոնիի հետ՝ Նեապոլում հանրահավաքի ժամանակ նրան նվիրելով «Libertà», այսինքն՝ «Ազատություն» գրությամբ քրջե տիկնիկ)։ Աշխատել է Էնրիկո Լետայի հիմնադրած «VeDrò» վերլուծական կենտրոնում՝ որպես ռեֆերենտ Իտալիայի հարավում[1]։

2008 թվականի մայիսի 5-ից մինչև 2013 թվականի մարտի 14-ը ընդգրկված է եղել Պատգամավորների պալատի 16-րդ գումարման «Ազատության ժողովուրդ» կուսակցության խմբակցությունում, 2008 թվականի հունիսի 6-ին մտել է Կառավարող խորհրդի (Consiglio Direttivo) կազմի մեջ[3]։

2013 թվականի փետրվարի 24-25-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Պատգամավորների պալատի 17-րդ գումարման նույն կուսակցության ցուցակով, սակայն վերջինիս լուծարումից հետո՝ 2013 թվականի նոյեմբերի 18-ին, մտել է Նոր աջ կենտրոնի խմբակցություն[4]։

2013 թվականի ապրիլի 28-ին նշանակվել է Լետայի կառավարության գյուղատնտեսական, պարենային և անտառային քաղաքականության նախարար[5]։ 2014 թվականի հունվարի 26-ին հրաժարական է տվել՝ որոշումը բացատրելով իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու ցանկությամբ՝ Բենևենտոյի տեղական առողջապահության վարչությունում (ASL) չարաշահումներին մասնակցության մեղադրանքների ֆոնին և ստեղծված իրավիճակում իրեն աջակցություն չցուցաբերելու կառավարության դժկամությամբ։ Հունվարի 27-ին վարչապետ Էնրիկո Լետան ընդունել է նրա հրաժարականը[6]։

2014 թվականի մարտի 5-ին Նունցիա դե Ջիրոլամոն Պատգամավորների պալատում ընտրվել է կուսակցական խմբակցության նախագահ[7], իսկ 2015 թվականի ապրիլի 8-ին կուսակցության առաջնորդ Անջելինո Ալֆանոյի նախաձեռնությամբ խմբակցության անդամների ասամբլեան (այդ պահին նա արդեն ներկայացնում էր Նոր աջ կենտրոնի (ՆԱԿ) և քրիստոնյա դեմոկրատների միավորված խմբակցությունը՝ «Area Popolare», այսինքն՝ «Պոպուլիստական դաշինքը») իր նոր նախագահ է ընտրել Մաուրիցիո Լուպիին, որը պաշտոնաթող Է եղել ենթակառուցվածքի նախարարի պաշտոնից։ Վերլուծաբանների կարծիքով՝ նման որոշման պատճառը Ռենցիի կառավարությունից ՆԱԿ-ի դուրս գալու պահանջն է, որը բազմիցս արտահայտվել է Դե Ջիրոլամոյի կողմից։ Այնուամենայնիվ, նա հայտարարել է կուսակցությունում մնալու մտադրության մասին[8]։

2015 թվականի սեպտեմբերի 17-ին Դե Ջիրոլամոն անձնական բանակցություններ է վարել Սիլվիո Բեռլուսկոնիի հետ և սեպտեմբերի 22-ին մտել «Առա՛ջ, Իտալիա» խմբակցություն[9]։

2016 թվականի մարտի 2-ին Բենևենտոյի դատախազությունը վերսկսում է Դե Ջիրոլամոյի և ևս հինգ մարդու դեմ քրեական հետաքննությունը տեղական առողջապահության կենտրոնում չարաշահումների գործով[10]։

2018 թվականի հունվարի 29-ին հեռացվել է Բոլոնյա-Իմոլա շրջանի «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության նախընտրական ցուցակից, որի գլխավորությամբ մտադիր էր գնալ հաջորդ ընտրությունների, և ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել Բենևենտոյի և Ավելինոյի բազմամանդատ ընտրատարածքներում[11]։ 2018 թվականի մարտին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չի անցել Պատգամավորների պալատ[12]։

Քաղաքականությունից հեռանալուց հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսին Դե Ջիրոլամոն սկսել է վարել «Nunzia Vobis» բաժինը «Il Tempo» թերթի առաջին էջում[13]։

2019 թվականի մայիսին Հինգ աստղերի շարժման ներկայացուցիչ, գործող կառավարության կրտսեր պետական-քարտուղար Ստեֆանո Բուֆանին մեղադրել Է «Rai 1» պետական հեռուստաընկերությանը՝ Դե Ջիրոլամոյի՝ որպես գյուղատնտեսության մասին նոր վարող «Ամառային Կանաչ գծում» հայտնվելուց հետո քաղաքական նախապատվությունների համար առաջատար կադրերին վարձելու մեջ։ Ավելի վաղ Դե Ջիրոլամոն պրոֆեսիոնալ պարող Ռայմոնդո Տոդարոյի հետ մասնակցել է աստղերի հետ պարելու իտալական տարբերակին[14]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 23-ին Նունցիա դե Ջիրոլամոն ամուսնացել է Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆրանչեսկո Բոչայի հետ, և 2012 թվականի հունիսի 9-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ջեան։ Քանի որ սիրավեպը զարգացել է Բերլուսկոնիի կողմնակիցների և հակառակորդների սուր դիմակայության տարիներին, մամուլը նրանց անվանել է քաղաքական Ռոմեո և Ջուլիետ, որին Նունցիա դե Ջիրոլամոն համաձայն չէ և հայտարարում է, որ իր ամուսինը ձախ քրիստոնյա դեմոկրատ է և ավելի ճիշտ քաղաքական դիրք է զբաղեցնում, քան ինքն է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Giorgio Dell’Arti, Daniela Doremi (2014 թ․ փետրվարի 28). «Nunzia De Girolamo». Cinquantamila Giorni (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «Nunzia De Girolamo» (իտալերեն). Huffington Post. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  3. «Nunzia De Girolamo». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  4. «DE GIROLAMO Nunzia - AP» (իտալերեն). Camera dei Deputati. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «Nunzia De Girolamo, chi è il ministro delle Politiche Agricole / Scheda» (իտալերեն). Blitz Quotidiano. 2013 թ․ ապրիլի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  6. «NUNZIA DE GIROLAMO SI DIMETTE DA MINISTRO: "GOVERNO NON HA DIFESO LA MIA ONORABILITÀ"» (իտալերեն). RAI News. 2014 թ․ հունվարի 27. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «De Girolamo eletta capogruppo del Ndc alla Camera dei deputati» (իտալերեն). Corriere del mezzogiorno. 2014 թ․ մարտի 5. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «Perché Nunzia De Girolamo è stata sostituita» (իտալերեն). Corriere del mezzogiorno. 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  9. «De Girolamo torna in Forza Italia Oltre 100 eletti pronti a seguirla» (իտալերեն). il Tempo. 2015 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. «Irregolarità all'Asl di Benevento, la Procura chiede il giudizio per la parlamentare De Girolamo» (իտալերեն). la Stampa. 2016 թ․ մարտի 3. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
  11. Antonio Ferrara (2018 թ․ հունվարի 30). «De Girolamo esclusa da capolista a Benevento: "Carfagna complice"» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  12. «Elezioni 2018. Marciano (Forza Italia): "Nunzia De Girolamo vittima della politica ancien regime"» (իտալերեն). il Quaderno. 2018 թ․ մարտի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  13. «Nunzia De Girolamo sbarca sul Tempo con la rubrica "Nunzia Vobis"» (իտալերեն). il Quaderno. 2018 թ․ հուլիսի 22. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  14. «M5S contro Rai1: "De Girolamo conduttrice? Scelta ridicola, no ai trombati della politica"» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ մայիսի 10. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նունցիա դե Ջիրոլամո» հոդվածին։