Շեղանկյունանախշ ներկաքողարկումը կամ լոզենժ ներկաքողարկումը (ֆր.՝ losange) քողարկանախշի տարատեսակ է, որն օգտագործվել է Առաջին աշխարհամարտի վերջին երկու տարիներին` Քառյակ միության երկրների, հիմնականում` գերմանական օդուժի կողմից։ Քողարկանախշի անվանումը կապված է այն կազմող կրկնվող բազմանկյուն նախշերի հետ, որոնցից շատերը նման էին շեղանկյան։ Գերմաներենում քողարկանախշն անվանում էին Buntfarbenaufdruck (բազմագույն արտատիպ), սակայն այդ անվանումն օգտագործվում էր նաև նացիստական և հետպատերազմյան գերմանական քողարկանախշերի ընդհանուր բնորոշման համար։
Առաջին աշխարհամարտի նախնական փուլում գերմանացիներն ուղիներ էին փնտրում օդանավերն արդյունավետ քողարկելու համար, որպեսզի կանխարգելեն հակառակորդի կողմից օդուժի հայտնաբերումը գետնի վրա և օդում։ Թևերի վերնամասը ներկում էին եռագույն մեծ և անկանոն բծերով[1], որի հիման վրա էլ սկսվեց շեղանկյունանախշի (Buntfarbenanstrich) զարգացումը[2]։ Այն ստանում էին կրկնվող անկանոն քառ-, հընգ- կամ վեցանկյուն պատկերների համադրումով։ Քանի որ նման նախշ նկարելը խլում էր շատ ժամանակ և ահագին ավելացնում էր օդանավի քաշը` քողարկանախշը տպում էին կտորի վրա, որը հետո անցկացնում էին օդանավի վրա[3]
Շեղանկյունանախշը հիմնականում կիրառվում էր Արևմտյան ճակատում մարտնչող գերմանական ինքնաթիռների վրա, սակայն Արևելյան ճակատում և Իտալական արշավանքի ժամանակ օգտագործվող ավստրո-հունգարական ինքնաթիռներից որոշները նույնպես ներկաքողարկված էին շեղանկյունանախշով[4]։
Շեղանկյունանախշը լինում էր տարբեր չափերի` կախված գործվածքի թոփի չափերից։ Գործվածքը կտրում էին այնպես, որ համընկնի թևի քթամասի և թևապոչի միջև ընկած հատվածին։ Գործվածքի կտորներն իրար էին միացվում լարագծով, որպեսզի կիպ միանալով շարունակեն իրար։ Էլերոնների վրա քողարկանախշն անցկացվում էր երկայնքով` թևի քողարկանախշին ուղղահայաց, սակայն երբեմն հանդիպում էր նաև զուգահեռ դիրքով։ Դաշտային վերանորոգման ժամանակ ինքնաթիռի վրայի քողարկաներկված կտորը կարող էր փոխարինվել նույն քողարկանախշով կտորով, բայց այլ անկյան տակ, երբեմն էլ` այլ քողարկանախշով։ Պատերազմի ավելի ուշ փուլում ամբողջ թևը շեղանկյունանախշով ծածկում էին նաև երկայնքով[3]։
Մուգ շեղանկյունանախշերն օգտագործվում էր թևի վերնամասի, իսկ բացերը` տակամասի քողարկման համար[5]։ Մուգ շեղանկյունանախշերն օգտագործվում էին նաև ծանր ռմբակոծիչները գիշերային գործողությունների ժամանակ քողարկելու համար[6]։ Դրանց ֆյուզելաժը հաճախ ներկվում էր ձեռքով` նման, բայց չկրկնվող նախշերով։ Riesenflugzeug դասի հսկա ռմբակոծիչները ներկվում էին միայն ձեռքով[2]։
Շեղանկյունանախշը հանդիպում էր 4-6 անկյուն ունեցող անկանոն շեղանկյունների տեսքով։ Ամենահազվադեպը` չորս, ամենահաճախ օգտագործվողը` հինգ անկյունով շեղանկյուններն էին։ Ինքնաթիռների քողարկումն ոչ արդյունավետ էին դարձնում զինվորական տարբերանշանները, ինչպես նաև օդաչուների անձնական տարբերանշանները, որոնք հաճախ կիրառում էին ասերը` իրենց ներկայությունը ցույց տալու համար[7]։