Երեք մատով ողջունում (սերբ.՝ Поздрав са три прста), սերբական ազգային ողջույնի ձև՝ բացած բութ մատով, ցուցամատով ու միջնամատով։ Առավել հաճախ կատարվում է աջ ձեռքով։
Ժեստի նշանակության մի քանի տարբերակներ կան։ Հիմնական տեսակետի համաձայն՝ այն խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը[1][2]։ Տարածում ունեցող մեկ այլ վարկածով մատերից մեկը խորհրդանշում է սուրբ Սավա Սերբացուն, երկրորդը՝ մետրոպոլիտ Պետր II Պետրովիչին (1830-1851), իսկ երրորդը՝ Կարագեորգիին[3]։
Մեծ Սերբիայի որոշ կողմնակիցներ ողջույնի այս ձևը մեկնաբանում են այսպես. մի մատը խորհրդանշում է Սերբիան, մյուսը՝ Չեռնոգորիան, իսկ երրորդը՝ Սերբական Հանրապետությունն ու Սերբական Կրաինա հանրապետությունը որպես մեկ ամբողջություն։
Ողջույնի այս ձևն առաջին անգամ կիրառել է Միլոշ Օբրենովիչը Սերբական երկրորդ ապստամբության ժամանակ՝ 1815 թվականին[4]։
20-րդ դարի 90-ական թվականներին ողջույնի ձևը հանրահռչակել է «Վերագործարկման սերբական շարժման» առաջնորդ Վուկ Դրաշկովիչը, ինչպես նաև Սերբական Կրաինայի «Սերբական դեմոկրատական կուսակցության» նախագահ։ Հետագայում այն լայն տարածում է գտել և դարձել սերբական ինքնության համընդհանուր խորհրդանիշ։ Խորվաթիայում ու Բոսնիայում պատերազմի ժամանակ ողջույնը կիրառել են սերբ զինվորականները։
Ներկայումս լայնորեն կիրառվում է սերբերի կողմից որպես ազգային հպարտության արտահայտություն։ Տարածում ունի սերբ ազգայնականների, ինչպես նաև մարզիկների ու քաղաքական գործիչների շրջանակներում։
Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նմանատիպ ողջույնի ձև օգտագործել են գերմանացի նացիստները և խորվաթ ուստաշները, սակայն բացի արտաքին նմանությունից՝ ողջույնի այս ձևերն ընդհանրություններ չունեն։
Նախկին Հարավսլավիայի որոշ երկրներում՝ Խորվաթիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, սերբական «եռամատ ողջունումն» ընկալվում է որպես սադրանք ու անարգանք։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հարավսլավական պատերազմներում ողջույնի այս ձևը հաճախ են կիրառել սերբ զինվորականները և ռազմական խմբավորումների ներկայացուցիչները։