Ուիլյամ Ռիգլի անգլ.՝ William Wrigley, Jr. | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1861[1][2][3] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 26, 1932[1][2][3] (70 տարեկան) |
Մահվան վայր | Ֆինիքս, Արիզոնա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ուորթոնի դպրոց |
Մասնագիտություն | գործարար, ձեռնարկատեր և վաճառական |
Ստորագրություն | |
William Wrigley Jr. Վիքիպահեստում |
Ուիլյամ Ռիգլի (անգլ.՝ William Wrigley, Jr.՝ Ուիլյամ Ռիգլի Կրտսեր, սեպտեմբերի 30, 1861[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 26, 1932[1][2][3], Ֆինիքս, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, «William Wrigley Jr. Company» ընկերության հիմնադիրը։ Նրա ղեկավարությամբ ընկերությունը դարձել է ամերիկյան մաստակների շուկայի առաջատարներից մեկը[4]։
Ռիգլին ծնվել է 1861 թվականի սեպտեմբերի 30-ին Ֆիլադելֆիա քաղաքում[5][6]։ Հայրը մանր արդյունաբերող և ձեռնարկատեր էր, արտադրում էր օճառ։ Ուիլյամը վաղ տարիքից օգնում էր հորը՝ Ֆիլադելֆիայի փողոցներում վաճառելով արտադրանքը։ Ավելի մեծ տարիքում ֆուրգոնով գնում էր Ֆիլադելֆիայի հարևան քաղաքներ՝ վաճառքի շուկան ընդլայնելու նպատակով։ Այդ ուղևորությունների արդյունքում էլ յուրացրել է ուղիղ վաճառքի տեխնիկան։
Ռիգլիի ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեության սկիզբը 1891 թվականին էր, երբ Ֆիլադելֆիայից մեկնել է Չիկագո՝ ունենալով 32 դոլար։ Հոր արտադրած «Wrigley Scoring» օճառի վաճառքի նպատակով հիմնադրել է համանուն ընկերությունը։ Վաճառքը խթանելու համար նա գնորդներին որպես նվեր առաջարկում էր տարբեր ապրանքներ, այդ թվում՝ փխրեցուցիչ։ Տեսնելով, որ խթանող ապրանքն ավելի մեծ պահանջարկ ունի, քան օճառը, նա սկսում է զբաղվել փխրեցուցիչի արտադրությամբ։
1892 թվականին Ուիլյամ Ռիգլին մեկ տուփ խփրեցուցիչ գնող յուրաքանչյուր հաճախորդի որպես նվեր առաջարկում էր երկու տուփ մաստակ։ Նա նկատել էր, որ թեպետ մաստակը մեծ տարածում ուներ ամերիկացիների շրջանում, սակայն արդյունաբերական տեսանկյունից այն դեռևս զարգացած չէր։ Մաստակի արտադրությամբ զբաղվում էր մի քանի փոքր ընկերություն։ Արդյունքում Ռիգլին որոշում է իր բիզնեսը փոփոխության ենթարկել՝ արտադրելով մաստակ։ «Lotta» և «Vassar» անվանումներով թողարկվող առաջին մաստակները գնորդների շրջանում արժանացել են դրական արձագանքի։ 1893 թվականին շուկա են մտել «Juicy Fruit», իսկ մի փոքր ուշ՝ «Wrigley's Spearmint» ապրանքանիշները։
Հիմնադրման առաջին տարիներին «Wrigley»-ն գտնվում էր այլ արտադրողների կողքին՝ փորձելով դիմակայել ապրանքանիշների մարքեթինգային պայքարում։ Ընկերությունը մի քանի անգամ գտնվել է սնանկության վտանգի տակ։ Անձամբ վաճառելով ընկերության արտադրանքը՝ Ռիգլին մշտապես ուսումնասիրում էր հաճախորդների պահանջմունքները՝ առաջ քաշելով նոր գաղափարներ։ Ապրանքի ձեռքբերման հիմնական խթանը շարունակում էր մնալ «նվեր՝ գնման դիմաց» մեթոդը։ Այդ նպատակով ընկերությունը հրատարակել է տարբեր առաջարկների հատուկ ցանկ (լամպերից մինչև ածելի), որպեսզի օգնի գնորդներին ընտրություն կատարել։
Ուիլյամ Ռիգլին առաջիններից էր, որ առանձին ապրանքատեսակների տարածման նպատակով սկսել է ակտիվորեն օգտագործել գովազդը, այդ թվում՝ ամսագրեր, թերթեր, պաստառներ, փողոցային գովազդ։ 1906 թվականին նա լայնամասշտաբ ակցիաներ է իրականացրել Բուֆֆալո, Ռոչեստեր և Սիրաքյուս քաղաքներում։ Մաստակի գովազդը սկսել է հայտնվել տրամվայների և տրանսպորտի այլ տեսակների վրա։ Այդ ընթացքում կատարելագործվել է նաև ապրանքի արտադրման և փաթեթավորման տեխնոլոգիան։
Ռիգլին առաջարկել է մաստակի ավանդական կտորը բաժանել հինգ շերտի և առանձին փաթեթավորել հատուկ թղթով։ 1930-ական թվականների սկզբին նա առաջարկել է ևս մեկ մարքեթինգային քայլ․ մաստակի փաթեթավորման մեջ սկսել են ավելացնել ներդրուկներ[7]։ Դրանք վառ գույներով քարտեր էին, որոնցում պատկերված էին կոմիքսների հերոսներ, բեյսբոլի չեմպիոններ և էկզոտիկ կենդանիներ։ Հիմնական թիրախը անչափահասներն էին․ երեխաները սկսում էին գնել մաստակը, որպեսզի հավաքեն և փոխանակեն այդ ներդրուկները։
Ակտիվ գովազդի արդյունքում «Wrigley» ապրանքանիշը մեծ ճանաչում է ձեռք բերել։ Ընկերությունը սկսել է գործարաններ բացել նաև ԱՄՆ սահմաններից դուրս՝ Կանադայում (1910) և Մեծ Բրիտանիայում (1927)։
1919 թվականին Ուիլյամ Ռիգլին ընկերությունը վերափոխել է բաց բաժնետիրական ընկերության, իսկ 1923 թվականին այն առաջին անգամ հայտնվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում։
Ուիլյամ Ռիգլին մահացել է 1932 թվականին Ֆինիքսում։ Իր կտակի համաձայն՝ թաղվել է Սանտա Կատալինա կղզում՝ սեփական առանձնատան մոտակա բուսաբանական այգու դամբարանում[8]։ Տասը տարի անց, կապված ԱՄՆ վրա Ճապոնիայի հանկարծակի հարձակման արդյունքում կզղու վրա գրոհելու վտանգի հետ, նրան վերահուղարկավորել են Գլենդելի Ֆորեսթ Լաուն գերեզմանատանը[9]։
Առ այսօր ընկերության կարգախոսը հիմնադրի խոսքերն են․
Նույնիսկ մաստակի նման փոքր արտադրանքը պետք է ունենա բարձր որակ։ |
Հիմնադրի մահվան պահին «Wrigley»-ն արդեն խոշոր և արագ զարգացող ընկերություն էր։
1919 թվականին Ուիլյամ Ռիգլին գնել է «Santa Catalina Island Company» ընկերության բաժնետոմսերի ստուգիչ փաթեթը, որի ակտիվների թվում էր նաև Կալիֆոռնիայի մոտ գտնվող Սանտա Կատալինա կղզին[10]։ Ռիգլին մեծ դեր է խաղացել կղզու զարգացման պատմության մեջ՝ այն դարձնելով բնակության և հանգստի համար հարմարավետ վայր[11]։ 1927 թվականին շահագործվել են կավի և քվարցի հանքերը, որոնց հանածոները մշակելու և դրանցից շինարարական նյութեր պատրաստելու համար հիմնադրված ընկերությունը ոչ միայն տեղի բնակիչներին ապահովել է աշխատանքով, այլև «Wrigley» ընկերությանը հնարավորություն է տվել կղզում իրականացնել սեփական շինարարական նախագծերը[12]։ 1929 թվականին կառուցվել է կազինո և նավահանգիստ, ստեղծվել են տարբեր ենթակառուցվածքներ։ Իրականացվել են նաև կղզու բնությունը պահպանելուն ուղղված տարբեր ծրագրեր։
Սանտա Կատալինա կղզում՝ Ուիլյամ Ռիգլիի առաջին հուղարկավորության վայրում, պահպանվել է հուշարձան։
1916 թվականին Ուիլյամ Ռիգլին գնել է «Chicago Cubs» բեյսբոլի թիմի մինորիտար փաթեթը, իսկ 1921 թվականին նրան էր պատկանում նաև ակումբի բաժնետոմսերի ստուգիչ փաթեթը[13]։ 1926 թվականին «Chicago Cubs»-ի ընտանեկան մարզադաշտը վերանվանվել է «Wrigley Field» և գործում է որպես Ազգային լիգայի ակումբի մարզադաշտ[14]։
Լոս Անջելեսում ևս կա բեյսբոլի համանուն մարզադաշտ, որը կառուցվել է 1925 թվականին և համարվում է «Los Angeles Angels» բեյսբոլի թիմի ցածրագույն լիգայի ընտանեկան մարզադաշտ։
Ուիլյամ Ռիգլիի կարողությունը ժառանգել են նրա երեխաները՝ դուստր Դորոթի Ռիգլի-Օֆիլդը և որդի Ֆիլիպ Ռիգլին (1894-1977)։ Վերջինս հոր մահից հետո շուրջ 45 տարի ղեկավարել է «Wrigley» ընկերությունը։ Ֆիլիպի որդին՝ Ուիլյամ Ռիգլի 3-րդը (1933-1999), ևս եղել է ընտանեկան ընկերության ղեկավարը։