Չերվոնա ռուտա, ժամանակակից երգի և երաժշտության համաուկրաինական երիտասարդական փառատոն է[1], որն անցկացվում է 1989 թվականից ի վեր երկու տարին մեկ անգամ։ Ի տարբերություն խորհրդային «Տարվա երգ» փառատոնի (ռուս.՝ Песня года)[1], որտեղ երբեմն ներկայացվում էր որևէ երգ Ուկրաինայից, Չերվոնա ռուտան թույլ տվեց ավելի շատ երգիչների և երգերի մասնակցություն։
Փառատոնը նվիրված է ուկրաինացի երգահան, կոմպոզիտոր և բանաստեղծ Վլադիմիր Իվասյուկին, որը ուկրաինական հանրաճանաչ Չերվոնա ռուտա երգի հեղինակն ու կոմպոզիտորն է։ Անունը կարող է վերաբերել Chervona ruta ծաղկող բույսերի առասպելական կամ իրական տեսակներին, որոնցից է մրտավարդը։
Փառատոնի գաղափարն ու անվանումը պատկանում է լրագրող Իվան Լեպշային։ Այն իրականացրել են Տարաս Մելնիկը, Կիրիլո Ստեցենկոն, Անատոլի Կալենիչենկոն, Օլեհ Ռեպեցկին և Իվան Մալկովիչը։ Փառատոնը կարևոր դեր խաղաց ուկրաինական հանրաճանաչ երաժշտության վերածննդի գործում և նպաստեց 90-ականների ուկրաինական երաժշտական բումին[2]։
Մինչև սովետական բարեփոխումների սկիզբը, ինչպիսին էր Վերակառուցումը՝ 1986 թվականին, ամբողջ Խորհրդային Միությունում ռոք երաժշտությունը տաբու էր[1]։ Սակայն կային որոշ բացառություններ, ինչպես օրինակ, 1980 թվականի վրացական «Գարնանային ռիթմերը»[1]։ Տարածված էր հետևյալ արտահայտությունը․
Այսօր դու ջազ ես նվագում (նկատի ունի նեգրերի կողմից ստեղծված կապիտալիստական Արևմուտքի ցանկացած երաժշտություն[3])), իսկ վաղը կվաճառես քո Հայրենիքը (ռուս.՝ Сегодня ты играешь джаз, а завтра Родину продашь)[4] |