Չինաստանի արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Zhoujiadu Subdistrict? |
Վայր | Pudong? |
Հիմնադրվել է | 1956 |
Այցելուներ | 2000 մարդ |
Կայք | artmuseumonline.org |
![]() | |
![]() |
Չինաստանի արվեստի թանգարան (Շանհայի արվեստի թանգարան) (չինարեն՝ 中华艺术宫(上海美术馆)), քաղաքային արվեստի թանգարան է Շանհայում։ Այն հասարակական բարեկեցության հաստատություն է, որը ֆինանսավորվում է Շանհայի քաղաքային մշակույթի և զբոսաշրջության բյուրոյի կողմից[1][2][3][4]։
Թանգարանը գտնվում է Չինաստանի տաղավար շենքում, որտեղ նախկինում տեղի է ունեցել Չինաստանի Շանհայ էքսպո 2010 ցուցահանդեսը։
Շանհայի արվեստի թանգարանը հիմնադրվել է 1956 թվականին Արևմտյան Նանկին ճանապարհի նախկին ռեստորանի տեղում և ամբողջությամբ վերակառուցվել է 1986 թվականին։ 2000 թվականի մարտի 18-ին թանգարանը տեղափոխվեց ժողովրդական հրապարակում գտնվող Շանհայի մրցարշավային ակումբի նախկին շենք, որտեղ մինչև 1997 թվականը գտնվում էր Շանհայի գրադարանը։ Այս քայլի շնորհիվ նրա ցուցադրական տարածքը 2200 քառակուսի մետրից հասավ 5800-ի[5]։
Էքսպո 2010-ը անցկացվել է Շանհայում 2010 թվականի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը։ Չինաստանի տաղավարը ընդունել է մոտ 17 միլիոն այցելու[6]։ Ի շնորհիվ իր հանրաճանաչության, Չինաստանի տաղավար շենքը վերաբացվեց ևս վեց ամսով Շանհայ էքսպոյի ավարտից հետո։ 2011 թվականի նոյեմբերին Շանհայի քաղաքային ժողովրդական կառավարությունը հայտարարեց, որ էքսպո 2010-ի Չինաստանի տաղավարի շենքը կդառնա Շանհայի արվեստի թանգարանի նոր տունը և միաժամանակ կոչվելու է «Չինաստանի արվեստի թանգարան (Շանհայ)»։ Մինչդեռ քաղաքային ապագայի տաղավարը կվերածվի քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանի՝ «Power Station of Art»[7]:
Չինաստանի արվեստի թանգարանը (Շանհայ) և «Power Station of Art»-ը բացվել են 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային օրը[8]։ Շանհայի մրցարշավային ակումբի շենքը, որտեղ նախկինում գտնվում էր Շանհայի արվեստի թանգարանը, բաց մնաց մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ընդունելով ավելի քան 12 000 այցելու վերջին երկու օրվա ընթացքում[7]։ Արվեստի թանգարանի նոր շենքը, որը էքսպո 2010 թվականի Չինաստանի տաղավարն է, զբաղեցնում է 64 000 քառակուսի մետր տարածք և 10 անգամ ավելի մեծ է քան արվեստի թանգարանի նախկին շենքը[9]։
Շանհայի էքսպո չինական տաղավարի շինարարությունը սկսվել է 2007 թվականի դեկտեմբերի 28-ին և ավարտվել 2010 թվականի փետրվարի 8-ին[10]։ Այն էքսպոյի ամենաթանկ տաղավարն է՝ մոտ 220 միլիոն դոլար արժողությամբ։ 63 մետր բարձրություն ունեցող այս տաղավարը ամենաբարձրն է էքսպոյում և կոչվել է «Արևելքի թագ»՝ հնագույն թագի հետ նմանության պատճառով[11]։ Շենքի նախագիծը մշակել է ճարտարապետ Հը Ծինթանը (չինարեն՝ 何镜堂) և իր թիմը՝ ոգեշնչված չինական դոուգուն (չինարեն՝ 斗拱, փինյին՝ dǒugǒng) կոչվող խոյակներից, ինչպես նաև դինգ (չինարեն՝ 鼎, փինյին՝ dǐng) կոչվող հնագույն բրոնզե ծիսական սպասքից[12]։
Չինաստանի արվեստի թանգարանը (Շանհայ) ունի մոտ 14 000 արվեստի գործերի հավաքածու, որի մեծ մասը չինական ժամանակակից արվեստի գործեր են[9]։
«Պայծառ լուսինը ծագում է ծովից. չինական արդի և ժամանակակից արվեստի ծագումը» (海上生明月—中国近现代美术之源) մշտական ցուցահանդես է, որը ներկայացնում է չինական արդի և ժամանակակից արվեստի զարգացումը, սկսած Շանհայի դպրոցից՝ Ցին դինաստիայի վերջում[13]։ Այն բաժանված է երեք ժամանակաշրջանի (Ցին, Չինաստանի Հանրապետություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) և տասը բաժինների, որոնք ընդգրկում են երկու հարկ և պարունակում են ավելի քան 6000 արվեստի գործեր։ Ցուցահանդեսի համադրողն է Լու Ֆուշընը (չինարեն՝ 卢待圣)[14]:
Հանրաճանաչ նկարիչների ցուցահանդես (名家艺术陈列专馆) մշտական ցուցահանդես է, որտեղ ցուցադրվում են չինացի ամենահայտնի ժամանակակից նկարիչների գործերը։ Առաջին փուլում ներկայացված են յոթ նկարիչների գործերը. Շանհայի դպրոցից՝ Հը Թիենծիեն (չինարեն՝ 贺天健), Սիե Ճիլիու (չինարեն՝ 谢稚柳), Չըն Շիֆա (չինարեն՝ 程十髮), ինչպես նաև՝ Լին Ֆընմիեն (չինարեն՝ 林風眠), Գուան Լյան (չինարեն՝ 关良), Ու Գուանճոն (չինարեն՝ 吴冠中), ովքեր առաջ են քաշել չինական և արևմտյան գեղարվեստական ոճերը և ժամանակակից չինական քանդակագործության հիմնադիր Խուա Թիենյոու (չինարեն՝ 滑田友)[15]։
Այս ցուցահանդեսում ներկայացված են կառավարության ծրագրի շրջանակներում ստեղծված արվեստի գործեր․ սա խրախուսում է այնպիսի արվեստի գործերի ստեղծմանը, որոնք արտացոլում են Շանհայի պատմական և մշակութային զարգացումը։ Թեմաները ներառել են մարդկանց, պատմական իրադարձություններ, ժողովրդական սովորույթներ և ճարտարապետություն։ Ծրագիրը տևել է երեք տարի՝ 2010 թվականից մինչև 2013 թվականը[16]։
«Գեղատեսիլ Չինաստան. չինական կերպարվեստի զարգացումը նոր դարում» (锦绣中华—行进中的新世纪中国美术) մեկ տարի տևողությամբ ցուցահանդես է, որում ներկայացվել են 21-րդ դարի արվեստի գործեր, որոնք ստեղծվել են ավելի քան 260 չինացի նկարիչների կողմից։ Այն բաժանված էր հինգ մասի։ Ցուցահանդեսն ավարտվել է 2013 թվականի սեպտեմբերի 30-ին[17]։
Թանգարանը հաճախ կազմակերպում է հատուկ թեմատիկայով ցուցահանդեսներ։ Իր գործունեության առաջին իսկ տարում այն կազմակերպել է ավելի քան մեկ տասնյակ հատուկ ցուցահանդեսներ, այդ թվում՝ թայվանական արվեստը, Շանհայի լուսանկարչության երկրորդ ցուցահանդեսը[18] և Գյուստավ Կուրբեի և Ժան Ֆրանսուա Միլլեի Փարիզի Օրսե թանգարանի հավաքածուները[19]։
Թանգարանը գտնվում է Շանհայի Պուդոնգ քաղաքի Շանգնան փողոց 205 հասցեում։ Այն ունի հարակից մետրոյի կայարան Շանհայի մետրոյի 8-րդ գծի վրա։ Այն հասանելի է նաև 7 և 8 գծերի Յաոհուա ճանապարհային կայարանի միջոցով, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ ավտոբուսային գծերով[20]։
Մուտքն ազատ է, բացառությամբ հատուկ ցուցահանդեսների, որոնց արժեքը 20 յուան է։ Թանգարանը փակ է երկուշաբթի օրերին, բացառությամբ ազգային տոների[21]։ Իր գործունեության առաջին տարում Չինաստանի արվեստի թանգարանն ընդունել է մոտ 2 միլիոն այցելու[22]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինաստանի արվեստի թանգարան» հոդվածին։ |
|