Չոն Դա Բին | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 4, 1980 |
Ծննդավայր՝ | Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա |
Վախճանի թիվ՝ | փետրվարի 10, 2007 (26 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն՝ | Հարավային Կորեա |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի և դերասանուհի |
IMDb։ | ID 1641239 |
Չոն Դա Բին (կորեերեն՝ 정다빈, ի ծնե՝ Չոն Հե-սուն կորեերեն՝ 전희선, մարտի 4, 1980, Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա - փետրվարի 10, 2007, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Կատուները տանիքի վրա» (2003) հեռուստասերիալում կատարած գլխավոր դերով։
Ծնվել է 1980 թվականի մարտի 4-ին Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաքում։ Նա Դոնգուկի Համալսարանում թատրոն և կինո է ուսումնասիրել։ Օգտագործելով Չոն Դա-բին բեմական անունը, նա 2000 թվականին դեբյուտ է կատարել «The Legend of Gingko» ֆիլմում։
2003 թվականին Չոն և նրա կոլեգա Քիմ Ռե-վոնը հայտնիություն են ձեռք բերում նկարահանվելով «Կատուները տանիքի վրա» հեռուստասերիալում[1][2][3]:;
2004 թվականին նա նկարահանվում է իր առաջին՝ «Նա հոյակապ էր» ռոմանտիկ կատակերգական ֆիլմում[4]։
2007 թվականի փետրվարի 10-ին Չոն Դա-բին կախված է գտնվել իր ընկերոջ տան լոգարանում[5][6]։ Նրա ընկերն ասել է, որ նա Չոնին իր տուն է տարել, քանի որ նա բարում՝ երեկույթի ժամանակ խմել է իր ընկերների հետ[7]։ Նա հայտնաբերել է մարմինն առավոտյան ժամը 7:50-ին և ոստիկանություն է զանգահարել։ Նա ասել է, որ դերասանուհին վերջերս ընկճված է եղել աշխատանքի բացակայության, նրա նախկին մենեջերի բանտարկության և համացանցում իր արտաքնի նկատմամբ չարամիտ հարձակումների պատճառով[8][9][10]։ Չոնի ընկերը նաև ասել է, որ դերասանուհին արդեն փորձել է ինքնասպան լինել, 2006 թվականի սեպտեմբեր/հոկտեմբերին կտրելով երակները, սակայն նրա գործակալությունը հերքել է տղայի հայտարարությունը[11]։
Նրա ընտանիքը և գործակալությունը հետաքննություն են պահանջել, և դիահերձումն եզրակացրել է, որ դա ինքնասպանություն է եղել[12]։
Չնայած, որ ոչ մի նամակ չի հայտնաբերվել, մահից մեկ օր առաջ Չոնը իր մտքերը հրապարակել է Cyworld-ի անձնական բլոգում։ «Ավարտ» անվան տակ նա գրել է՝
Ամեն ինչ այնքան բարդ է։ Ես զայրանում եմ առանց պատճառի և զգում եմ, որ խենթանում եմ։ Դա այնքան ցավոտ է, որ ինձ թվում է, ասես ես ծովային հիվանդություն ունեմ։ Գլուխս այնքան ուժեղ է ցավում, որ ես սկսում եմ զայրանալ։ Ես դառնում եմ իմ բնավորության ստրկուհին։ Ես կարծում էի, որ կորցնում եմ ինքս ինձ, կորցնում եմ իմ անհատականությունը։ Հետո, կարծես կայծակ խփեց, ամեն բան լռեց։ Աստված սիրով ինձ մոտ եկավ։ Նա օգնեց ինձ հասկանալ իմ կարևորությունը և ինձ համարձակություն տվեց։ Ես գրեթե ընկնում էի, իսկ նա ինձ բարձրացրեց, ասելով, որ ամեն բան լավ կլինի։ ԱՅՈ, ԵՍ ԼԱՎ ԿԼԻՆԵՄ[11][13]։ |
Դերասանուհու մարմինը դիակիզվել է, իսկ մնացորդը թաղվել է Գյոնգի նահանգի Իլսան քաղաքի պարկերից մեկում։ Չոն Դա-բինի մահն, որը տեղի է ունեցել երգչուհի U;Nee-ի ինքնասպանությունից որոշ ժամանակ հետո, մտահոգության է առաջացրել կրկնվող ինքնասպանությունների շուրջ[14][15]։
|