Պանաս Միրնին ծնվել է Պոլտավայի գուբերնիայի Միրգորոդ քաղաքում մարզի գանձապետարանի հաշվապահի ընտանիքում։ Նախ սովորել է Միրգորոդի ծխական, ապա` Գադյաչի դպրոցում։ 14 տարեկան հասակից սկսել է աշխատել։ 1863 թվականին ցածր պաշտոն է զբաղեցրել Գադյաչի դատարանում։ Հաջորդ տարի տեղական շրջանի գանձարանում աշխատել է որպես հաշվապահ օգնական։ 1871 թվականին բնակություն է հաստատել Պոլտավայում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմիններում ստացել է պետական խորհրդականի դասային աստիճան[1]։
Պանաս Միրնիի երկերը մամուլում առաջին անգամ հայտնվել են 1970-ական թվականների սկզբին։ Հիմնականում ռեալիստորեն պատկերել է ուկրաինական գյուղը՝ իր սոցիալական հակասություններով ու դասակարգային շերտավորումով։ Այս առումով բնորոշ է «Միթե եզները բառաչում են, երբ մսուրը լիքն է» (հրտ․ 1880, ժնև) վեպը [գրել է եղբոր՝ Ի․ Բիլիկի (Ի․ Յա․ Ռուդչենկո) հետ], որը գրողի հայրենիքում լույս է տեսել 1903 թվականին՝ «Կորած ուժը» վերնագրով։ «Չարագործները» (1877, Ժնև) վիպակում ներկայացված են ուկրաինական մտավորականության տարբեր ուղիները։ Ուկրաինական իրականության լայն պատկերն է տրված Միրնիի նաև այլ ստեղծագործություններում («Անառակ կինը», մաս 1-2, 1883-1884, մաս 1-4, 1928, վեպ, համանուն կինոնկար, 1961։ «Հին ու նոր վիշտը», 1897, «Քաղցած ազատություն», հրտ․ 1940, վիպակներ)։ 1880-ական թվականներին Միրնին ստեղծել է «Ինչպես որ կա՝ էնպես էլ ապրում ենք» պատմվածքների մեծ շարքը։ 1905 թվականին հրատարակել է «Երազ» արձակ պոեմը՝ ապագա անդասակարգ հասարակության մասին։ Միրնին հանդես է եկել նաև որպես դրամատուրգ։ Իր ստեղծագործության մեջ Միրնին մեծ տեղ է հատկացրել մանուկներին։ Գրողը մեծ ուժով է բացահայտում իր ժամանակի սոցիալ-քաղաքական կարգերի այլանդակություններն ու ախտերը, խորին համակրանքով է պատկերում աշխատանքի մարդկանց[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 620)։