Պաուլ Բիլդտ գերմ.՝ Paul Bildt | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1885[1][2][3] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Մահացել է | մարտի 13, 1957[1][2][3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Արևելյան Բեռլին |
Գերեզման | Dahlem Cemetery |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Պաուլ Հերման Բիլդտ (գերմ.՝ Paul Hermann Bildt, մայիսի 19, 1885[1][2][3], Բեռլին, Գերմանական ռայխ[4] - մարտի 13, 1957[1][2][3], Արևելյան Բեռլին), գերմանացի դերասան և կինոռեժիսոր, գերմանական թատրոնի բնահատուկ դերեր կատարող ականավոր դերասաններից մեկը, գերմանական կինոյի առաջին աստղերից։ Նկարահանվել է 150 ֆիլմում։
Պաուլ Բիլդտը ծնվել է 1885 թվականի մայիսի 19-ին Բեռլինում։ Դաստիարակվել է առևտրական և պանդոկապան Ֆերդինանդ Վիլհելմ Բիլդտի բազմազավակ ընտանիքում։ 14 տարեկան հասակում Պաուլ Բիլդտը մասնակցել է քրիստոնյա երիտասարդների միության սիրողական ներկայացմանը։ Սովորել է, որպեսզի դառնա ոստիկան, սակայն կիսատ է թողել ուսումը և դերասանական վարպետության դասեր առել Ֆրիդրիխ Մյոստի մոտ դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցում։
Բեմում Պաուլ Բիլդտի նորամուտը կայացել է 1905 թվականի մայիսի 2-ին Հանովերում՝ Լինզեմանի ամառային հյուրախաղային թատրոնում։ 1905 թվականի աշնանը Պաուլ Բիլդտն ընդունվել է Բեռլինի Շիլլերի անվան թատրոնի թատերախումբ, որտեղ աշխատել է ութ տարի։ Այնուհետև նա պայմանագիր է կնքել Բեռլինի Փոքր թատրոնի հետ։ 1910 թվականին առաջին անգամ նկարահանվել է կինոյում։ Պաուլ Բիլդտը զորակոչվել է մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմին, սակայն շուտով զորացրվել է ծանր հիվանդության պատճառով։
1920-ական թվականներին Պաուլ Բիլդտը համարվել է համր կինոյի ամենապահանջված աստղերից մեկը, կատարել է բնահատուկ դերեր։ Նա աշխատել է նաև որպես կինոռեժիսոր։ 1908 թվականին Բիլդտն ամուսնացել է հրեական շագմամբ դերասանուհի Շառլոտա Ֆրիդլենդերի (մահացել է քաղցկեղից 1945 թվականին)։ Նրանց դուստրը՝ Եվա Բիլդտը, նույնպես դարձել է դերասանուհի։
Նացիոնալ-սոցիալիստների՝ իշխանության գալուց հետո Պաուլ Բիլդտը կարող էր զրկվել աշխատանքից իր հրեա կնոջ պատճառով։ Սակայն նա շարունակում էր աշխատել Պրուսական պետական թատրոնում՝ օգտվելով նրա ղեկավար Գուստավ Գրյունդգենսի պաշտպանությունից։ Նա նկարահանվել է Universum Film AG-ի բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում նաև պրոպագանդիստական կինոնկարներում։ Պատերազմի ավարտից կարճ ժամանակ առաջ ներառվել է այն տաղանդների ցանկում, ովքեր ազատվել են զինապարտությունից։ Երբ ավարտվել է պատերազմը, Պաուլ Բիլդտն իր դստեր հետ գտնվել է Գրյունդգենսի՝ Ցեեզենում գտնվող տանը։ Կարմիր բանակի՝ քաղաք մտնելուց հետո՝ 1945 թվականի ապրիլի 26-ին, Պաուլ Բիլդտն ու իր դուստրն ընդունել են բարբիտալի մեծ քանակ, ինչի հետևանքով Եվա Բիլդտը մահացել է, սակայն Պաուլ Բիլդտը կենդանի է մնացել երկարատև կոմայից հետո։ Ապաքինվելուց հետո Գրյունդգենսը Բիլդտին հրավիրել է աշխատելու Դյուսելդորֆի դրամատիկական թատրոնում։
1940-ական թվականների վերջին Պաուլ Բիլդտը եղել է Գերմանական թատրոնի թատերախմբում և նրա փոքր բեմում մասնակցել Բերտոլդ Բրեխտի ստեղծած «Բեռլիներ անսամբլ» թատրոնի առաջին ներկայացմանը. «Մայրիկ Կուրաժն ու իր երեխաները» լեգենդար ներկայացման մեջ Բիլդտը կատարել է խոհարարի դերը մինչև 1951 թվականին նրան փոխարինել է Էռնստ Բուշը[5][6]։ 1954 թվականին Բիլդտը տեղափոխվել է Մյունխենի կամերային թատրոն։ Նա համագործակցել է նաև Deutsche Film AG կինոստուդիայի հետ՝ նկարահանվելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Աստվածների խորհուրդ» և «Սառը սիրտ»։ Դրանից բացի Բիլդտը մասնակցել է արտասահմանյան ֆիլմերի հնչյունավորմանը։
Կինոարվեստում ունեցած իր ներդրման համար Պաուլ Բիլդտը 1949 թվականին առաջիններից մեկն է ստացել ԳԴՀ պետական մրցանակ։
Պաուլ Բիլդտը մահացել է 1957 թվականի մարտի 13-ին։ Թաղվել է Բեռլինում՝ Դալեմի գերեզմանատանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Բիլդտ» հոդվածին։ |
|