Պատրիսիա Տոյա իտալ.՝ Patrizia Toia | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն, Italian People's Party? և Democracy Is Freedom – The Daisy? |
---|---|
Կրթություն՝ | Միլանի համալսարան և Բոկոնիի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 17, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Պոլիանո Միլանեզե, Միլան, Լոմբարդիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ի ծնե անուն | իտալ.՝ Patrizia Ferma Francesca Toia[1] |
Կայք՝ | patriziatoia.info |
Պատրիսիա Տոյա (իտալ.՝ Patrizia Toia, մարտի 17, 1950, Պոլիանո Միլանեզե, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Եվրոպական միության հետ կապերի նախարար (1999-2000), Իտալիայի խորհրդարանի հետ կապերի նախարար (2000-2001)։
Պատրիստիա Տոյան ծնվել է 1950 թվականի մարտի 17-ին, ավարտել է Միլանի համալսարանը, որտեղ սովորել է քաղաքագիտություն, ապա հաճախել է Բոկոնիի համալսարանին կից մասնագիտացման դասընթացներ։ 1975-1985 թվականներին եղել է Միլանի նահանգի Վանցագոյի կոմունալ խորհրդի անդամ, 1985-1995 թվականներին եղել է Լոմբարդիայի տարածաշրջանային խորհրդի պատգամավոր։ Պարբերաբար մտել է տարածաշրջանային կառավարություն, որտեղ զբաղվել է մասնավորապես սոցիալական ծառայությունների գործունեության համակարգմամբ, թմրամոլության, ՁԻԱՀ-ի, ինչպես նաև երիտասարդների խնդիրներով, միայնակ ծերերի խնամքով։ Տարածաշրջանային կառավարությունում զբաղեցրել է առողջապահության հարցերով ասեսորի պաշտոնը[2]։
1995-1996 թվականներին եղել է Պատգամավորների պալատի 12-րդ գումարման պատգամավոր և Իտալիայի ժողովրդական կուսակցության (ԻԺԿ) խմբակցության անդամ։
1996-2001 թվականներին եղել է 13-րդ գումարման Սենատի ԻԺԿ խմբակցության անդամ, 2001 թվականից եղել է 14-րդ գումարման Սենատի «Մարգարտածաղիկ» կուսակցության խմբակցության անդամ (մինչև 2002 թվականի մարտի 26-ը խմբակցությունը կոչվել է «Մարգարտածաղիկ-Ձիթապտղի ծառ»), 2004 թվականի հուլիսի 19-ին վաղաժամկետ հանձնել է մանդատը։
Պրոդիի առաջին կառավարությունում (1996-1998) և Դ'Ալեմի առաջին կառավարությունում (1998 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 22-ը) եղել է Արտաքին գործերի նախարարության պետական-քարտուղար[3]։
2004 թվականին Եվրոպական խորհրդարանում ընտրվել է «Մարգարտածաղիկ» ցուցակով, մտել է «Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» խմբակցություն, 2007 թվականից Իտալիայի Դեմոկրատական կուսակցության (ԻԴԿ) անդամ է դարձել, 2009 թվականին և 2014 թվականին ԻԴԿ-ի ցուցակներով վերընտրվել է Եվրոպական խորհրդարանում։
2012 թվականին՝ Իտալիայում վճռաբեկ դատարանի վճռից հետո, որը հրաժարվել էր բավարարել նույնասեռական զույգի հայցը Իտալիայում նրանց նույնասեռ ամուսնությունը ճանաչելու մասին, որը գրանցվել է Նիդերլանդներում, Տոյան Սիլվիա Կոստայի հետ հրապարակել է «Մեզ մոտ չկան գեյ-հարսանիքներ» հոդվածը։ Իրենց հոդվածում համահեղինակները հիմնավորել են այն դիրքորոշումը, որ նույնասեռ ամուսնությունների իրավական ճանաչումից հրաժարվելը չի նշանակում խտրականություն սեռական կողմնորոշման հիմքով[4]։
2014 թվականի հուլիսի 22-ին 31-ից 19 եվրոպական պատգամավորների ձայներով Եվրոպական խորհրդարանում ընտրվել է կուսակցության պատվիրակության ղեկավար, թեև մի քանի ամսվա ընթացքում այդ պաշտոնում Դավիդ Սասսոլիի առավել հավանական իրավահաջորդը համարվում էր Սիմոն Բոնաֆեն[5][6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Տոյա» հոդվածին։ |
|